Հունիսի 9-ին Երեւանում՝ Սարի թաղում սպանություն է տեղի ունեցել
Զոհը տեղափոխվել է այս մեքենայով:
Այդ օրը, ժամը 08.10-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ՝ անգիտակից վիճակում: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ, պարզել է, որ վիրավորը Սարի թաղի 34-ամյա բնակիչ Կարեն Մանասյանն է, ով նույն օրը, ժամը 09:40-ի սահմաններում հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Ոստիկանության Էրեբունի բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանի կողմից ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ: Ձեռնարկված օպերատիվ քննչական հետախուզական միջոցառումների արդյունքում, սպանություն կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից, Հայաստանը լքելու պահին, ձերբակալվել է Սարի թաղի 28-ամյա բնակիչ Արթուր Հովհաննիսյանը:
Պարզվել է, որ հունիսի 9-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Սարի թաղի 3-րդ փողոցի թիվ 13 տան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Կարեն Մանասյանի եւ Արթուր Հովհաննիսյանի միջեւ: Հարեւանները պատմում էին, որ մինչեւ վիճաբանությունը՝ նրանք իրենց մտերիմներից մեկի ծննդյան օրն են նշել, որի ժամանակ առաջացած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Այդ ժամանակ Արթուր Հովհաննիսյանն իր մոտ եղած դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել Կարեն Մանասյանին: Արդեն վիրավորին Արթուրն իր ընկերոջ «Մերսեդես» մակնիշի 25 ՏՕ 362 համարանիշի տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է «Էրեբունի» պոլիկլինիկայի մոտ, որտեղ էլ թողնելով անօգնական վիճակում, հեռացել են:
Երբ վիրավորին դրել են «Մերսեդեսի» մեջ, վիճաբանության վայրում գտնվողներից մեկը Արթուրին հայտնել է, որ ինքն ավտոմեքենայի համարանիշը ֆիքսել է, այդ ժամանակ Արթուրը մեքենայի վրայից հանում է համարանիշները:
Եթե ոստիկանները 30 րոպե ուշ հասնեին Բագրատաշեն, ապա նախկինում պայմանական պատժի դատապարտված Արթուր Հովհաննիսյանը կմեկներ Ֆրանսիա՝ եղբոր մոտ:
Արթուր Հովհաննիսյանին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են ոստիկանության Էրեբունիի բաժին: