Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտը սնանկացրել է շիրակցիներին

Հունիս 11,2011 00:00

\"\"«Թուրքերը կրակեցին, իրենց կարկուտն եկավ՝ մեր գյուղն ավերեց: Հարկ հավաքելուց մարդ են խեղդում, բայց մի հակակարկտային կայան տեղադրելուց մեռած են, եթե էդպիսի մի սարք ունենայինք, հո էս օրը չէի՞նք ընկնի: Ինչքա՞ն կարելի է գյուղացուն բոմժ սարքել, խոպանները գցել,…իբր էժան տոկոսադրույքով՝ 14%-ով վարկ էինք վերցրել, գարի ու ցորեն ցանել, սեւ վարկ եկավ գլխներիս: Մեր նախարարներն էլ գառ ուտելու որ լինեն, գյուղի տեղը կհիշեն, բայց աղետների ժամանակ գյուղացին ո՞վ է»,- վրդովված բողոքեցին Թուրքիային սահմանամերձ Ջրափի գյուղի բնակիչները, որտեղ նախորդ օրը մոտ 1,5 տեւած կարկուտը իսպառ ավերել էր հացահատիկի դաշտերն ու մրգատու ծառերը: Ջրափին վնասներ կրած միակ սահմանամերձ գյուղը չէ. կարկուտը սննակացրել է նաեւ հարեւան Աղին ու Հայկաձոր գյուղի բնակիչներին: Իսկ մի քանի օր առաջ կարկտահարվել էին մարզի Կրաշեն, Սարյար եւ Ջաջուռավան գյուղերը: Թե ինչքան վնաս են կրել գյուղացիները՝ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը դեռ չի կարող հստակ թվեր հրապարակել, ըստ նրա՝ դաշտ մտնել չի լինում, իր վարչության աշխատակիցներն էլ դեռ ուսումնասիրում են: Մինչդեռ գյուղացիները հաշվարկներ արդեն կատարել են ու ճամպրուկային տրամադրության մեջ են: Նրանք հույս չեն դնում կառավարության վրա, քանի որ, ըստ նրանց, չի եղել դեպք, որ կառավարությունը թեկուզեւ թեթեւակի օգնություն ցուցաբերի աղետից տուժած գյուղացիներին: «Էնքան արեցին, որ գյուղում էլ ջահելություն չկա, գյուղի ամենաերիտասարդ տղամարդը 60 տարեկան է, սա լինելու բա՞ն է: Գյուղի 1000 բնակչից էսօր ապրում է ընդամենը 450-500-ը: Մեր գյուղը գտնվում է Ախուրյանի ափին, որը ոռոգման ջուր է մատակարարում ամբողջ Արարատյան դաշտին, բայց Ջրափի կոչվող գյուղը ոռոգման ջուր չունի, էդպիսի զավեշտ միայն Հայաստանում կարող է լինել: Պատրաստվում ենք կառավարությանը մի նամակ գրել՝ առաջարկելով Ջրափի բառը փոխել Չորափիով: 5 մլն փող դրեցի դաշտի համար, մի բան էլ պարտքերի տակ ընկա, բա կառավարությունը աղետներին պատրաստ չլինե՞ր»,- դժգոհեց գյուղամիջում հավաքվածներից մեկը:
Նրանք բողոքում էին, որ պաշտոնյաները հայտարարում են, թե պարարտանյութը 7000 դրամ է, բայց պահեստներում 7800 դրամ է, վառելանյութը 9500 դրամի են հասցրել: «Կարկուտը վերեւից թափվում էր, մենակ լրագրողներն էին կանգնած, կառավարությունից էդպես էլ մարդ չեկավ, ոչ թե դեմքով են դարձել դեպի գյուղացին, այլ խոսքով: Ճիշտ է, գյուղնախարարը խելոք մարդ է երեւում, երեւի թե ավելի շատ է լինում գյուղերում, քան մենք, բայց արդյունք չկա. ասենք թե՝ գյուղերն ընկար, դրանով կարկտահարությունը կանգնեցրեցի՞ր: Նախարարի հետեւից քայլող պիտի լինի, պետությունը կարկտահարության դեմ միջոցառումներ պիտի ձեռնարկի»,- ասում էր գյուղի տարեց մարդկանցից մեկը: Նրան ավելի շատ մտահոգում է, որ ցորեն ու գարի արտադրող համայնքներին ընդհանրապես տիրություն չեն անում, նույնիսկ զլանում են բերքը գնել: «Բոլոր նորմալ երկրներում պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսությանը, երկիրը հարուստ է հացով, եթե երկիրը ցորեն չունի, ուրեմն չքավորից չքավոր է, հույսները դրել են դրսից բերած ցորենի վրա, բայց չեն մտածում՝ մենք արտադրենք, քիչ վարելահող ունե՞նք: 500 000 տոննա հաց ներկրելու փոխարեն՝ թող ներկրեն 200 000, մնացածն էլ տեղից ձեռք բերեն: Տեղականը չեն առնում, գնում, Ռուսաստանից ու Կանադայից ջարդած ցորեն են բերում»,- դժգոհեցին տուժածները՝ նախազգուշացնելով, որ կարկտահարությունն էժան չի նստի ազգաբնակչության վրա, առաջիկայում կթանկանա նաեւ հացի գինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել