Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՐՍ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ»

Հունիս 11,2011 00:00

Այդ տարիներն անցկացրած հարսներին համարում են պոտենցիալ չբեր ու հիվանդոտ

\"\"

Այսօր Հայաստանում ամեն 5-րդ ընտանիքում կա անպտղություն: Մասնագետները տարբեր պատճառաբանություններով են բացատրում չբերության այսքան մեծ ցուցանիշը. ոմանք կարծում են, որ պատճառը էկոլոգիական աղտոտվածությունն է, գենետիկորեն ձեւափոխված սնունդը, սթրեսները, ոմանք պնդում են, որ հղիության արհեստական ընդհատումներն են կամ սեռավարակները: Բայց մի բան միանշանակ է, որը հաստատում են նաեւ վերարտադրողական առողջության խնդիրների տարբեր հետազոտություններ ու գինեկոլոգներ. այսօր մայրանալու խնդրի առաջ են կանգնած հատկապես այն սերնդի ներկայացուցիչները, որոնք 1990-ականների պատերազմական շրջանում մութ ու ցուրտ տարիներ են անցկացրել, հասունացման շրջանում դպրոցում նավթով վառարանների կողքին կուչ են եկել, բարեգործական օգնության պեչենիներով ու կաթի փոշիներով, անհայտ ծագման յուղերով ու որդնած հատիկավորներով են սնվել: Այսօր այդ սերնդի աղջիկները համարվում են ամենաանցանկալի հարսները, բազմաթիվ դեպքեր կան, երբ սկեսուրները կտրականապես դեմ են, որ իրենց որդին ամուսնանա 83, 84, 85 թվականներին ծնված աղջիկների հետ՝ մտածելով առողջ թոռներ ունենալու մասին:
Այն տարիներին դպրոցներում սրտացավ ուսուցիչներն ու դասղեկները պարտադրում էին իրենց աշակերտուհիների ծնողներին, որ գրիչ ու տետրից բացի՝ իրենց հետ դպրոց տանեն նաեւ փոքրիկ գորգեր կամ կտորներից կարված ինչ-որ տաք մի բան, որ գցեն սառը նստարանների վրա: Այդ ամենը սոսկ գրիպից խուսափելու համար չէր: Այսօր արդեն ակնհայտ է, որ այն աղջիկները, որոնք սեռահասուն են դարձել այդ սովի ու ցրտի մեջ, ժամանակին ունեցել են տարբեր բորբոքային սեռական հիվանդություններ, որոնք հիմա դարձել են անպտղության պատճառ: ՄԱԿ-ի հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ մեր երկրի 20%-անոց անպտղության մեջ ընդամենը 4%-ն է, որ բնածին է, մնացած դեպքերում մարդը, փաստորեն, չբերություն է ձեռք բերել իր կյանքի ընթացքում: Վերարտադրության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը նույնպես այս մասին կարծիք էր հայտնել, որ իսկապես, «հենց այդ պատերազմական շրջանում մեծացած աղջիկները, որոնք պոտենցիալ մայրեր են, գալիս են մեզ մոտ տարբեր խնդիրներով, որոնք թույլ չեն տալիս մայրանալ: Սա մի առանձնահատկություն է, որը բնորոշ է հենց Հայաստանին»:
Անպտղության բուժումը Հայաստանում եւ առհասարակ, բավականին բարդ է ու թանկ: Երբեմն բուժման կուրսն ավարտելուց հետո զույգերը ստիպված են լինում երկրորդ, երրորդ կուրսն անցնել, իսկ այդ ընթացքում կամ նյարդերն են տեղի տալիս, կամ միջոցները չեն բավականացնում:
Ուշագրավ է, որ մասնագետները այժմվանից ահազանգում են, որ մութ ու ցուրտ տարիներ տեսած սերնդից հետո գալու է կարճ շալվարների նորաձեւությամբ տարված աղջիկների եւ փամփերս տեսած երեխաների մայրանալու հերթը, որը նույնպես չբերության վտանգի տակ է: Մասնագետները մտահոգված են, որ սովորական տակաշորերի փոխարեն փամփերսների մեջ մեծացած սերունդը շատ ավելի լուրջ պրոբլեմների առաջ է կանգնելու, հատկապես՝ տղաները: Եվ եթե հիմա կանանց շրջանում անպտղությունն ավելի բարձր է, քան տղամարդկանց եւ «դարդոտված» սկեսուրներն են հարսներին չբեր հանելով տանում բժշկի, ապա հետո զոքանչներն են փեսաներին տանելու՝ պտղաբերությունը ստուգելու համար: Ինչ վերաբերում է բաց մեջքերով եւ բաց փորերով ներկայումս թիթիզացող աղջիկներին, մասնագետները տեղեկացնում են, որ հենց այդ հատվածում են տեղակայված ամենակարեւոր էներգետիկ կենտրոնները՝ չակրաները, որոնք սնուցում են մակերիկամը, երիկամը եւ սեռական օրգանները: Պատահական չէ, որ մեր ազգային տարազում հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում գոտկատեղի հատվածին, նախատեսվում էին լայն գոտիներ, որ կնոջ այդ հատվածը լավ խնամվեր: Ժողովրդական բժիշկներն էլ կնոջ չբերությունը բուժելու համար նրա մեջքին խունկ, տարբեր բույսեր ու յուղեր պարունակող «յախու» էին գցում, եթե գոտկատեղը, մեջքը այդքան կարեւոր օղակ չլիներ, «յախուն» կգցեին, ասենք, ազդրի վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առանց այդ էլ մեր երկրի 20 տոկոսանոց անպտղության ցուցանիշը ճգնաժամային է համարում եւ եթե հիմա կառավարական մակարդակով միջոցներ չձեռնարկվեն այս խնդիրները եւ չբերության բացասական միտումը վերացնելու ուղղությամբ, ապա երկրի ժողովրդագրական իրավիճակը լուրջ սպառնալիքի տակ կհայտնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել