Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՇԱՏԸ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ ԿՈՒՆԵՆԱ

Հունիս 11,2011 00:00

Այստեղ հետաքրքիր ընտրապայքար է սպասվում

\"\"
Քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող այս կիսակառույցը քաղաքապետի սեփականությունն է: Խորհրդային տարիներին
այն նախատեսված էր որպես երաժշտական դպրոցի մասնաշենք:
Թե հետո ինչի համար այն կծառայի՝ մարդիկ չգիտեն:

\"\"
Քաղաքապետի սեփականության հարեւանությամբ
գտնվող Մեծ հայրենականի մասնակիցների հուշարձանն ու այգին
բավականին անխնամ եւ լքված են:

\"\"
Այս գազալցակայանը նույնպես քաղաքապետի
սեփականությունն է:

Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում հուլիսի 3-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը հունիսի 13-ն է: Իսկ հաջորդ օրվանից՝ հունիսի 14-ից, կմեկնարկի նախընտրական քարոզարշավը: Այս ընտրություններն արտաշատցիների համար աննախադեպ են այն առումով, որ գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանից բացի, ով, ի դեպ, արդեն չորրորդ անգամ է ուզում դառնալ քաղաքապետ, առաջադրվել են եւս հինգ թեկնածու՝ Մեսրոպ Պետրոսյանը, Հարություն Մնացականյանը, Թադեւոս Թադեւոսյանը, Քաջո Գրիգորյանը, Վարդան Մնացականյանը: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ Գագիկ Մուրադյանը հարազատ կուսակցության՝ ՀՀԿ-ի աջակցությամբ եւ ինքն իր հետ համառ պայքարում ջախջախիչ հաղթանակ է տարել, այս անգամ արտաշատցիների հետ «Առավոտի» զրույցներից պարզ դարձավ, որ հուլիսի 3-ին պարոն Մուրադյանն առնվազն երկու թեկնածուների հետ պետք է մրցի: Մուրադյանի հիմնական մրցակիցներն են Հարություն Մնացականյանը՝ Արտաշատի «ԴՈՍԱԱՖ»-ի պետը, ով, ըստ մեր զրուցակիցների, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հովանավորյալն ու մտերիմն է, եւ ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանը, ում առաջադրումն, ասում են, անակնկալի է բերել շատերին, հատկապես գործող քաղաքապետին: Քաղաքապետի մյուս թեկնածուները «տպավորիչ» չեն. Մեսրոպ Պետրոսյանը եւ Քաջո Գրիգորյանը չեն աշխատում: Վերջինս հայտնի է որպես «բերդի նախկին կլյուչնիկ»: Վերջինիս «առաքելությունն» ընտրություններից «փող աշխատելն է»: Իսկ նման փորձ նա ունի: Արտաշատցիները պատմում են, որ նախորդ ընտրությունների ժամանակ նա նույնպես առաջադրվել էր, սակայն թեկնածուներից մեկի կողմից որպես պարգեւատրում կլորիկ գումար ստանալուց հետո հանել է իր թեկնածությունը: Թադեւոս Թադեւոսյանը միջին մակարդակի գործարար է, հացի արտադրամաս ունի, տեղում հայտնի է որպես «Բանգլադեշցի Թաթուլ» (Արտաշատն էլ Բանգլադեշ թաղամաս ունի): Չնայած նա տեղում հարգանք-պատիվ ունեցող մարդ է եւ համակիրների մեծ բանակ էլ ունի, բայց արտաշատցիները մեծ վերապահումներ ունեն նրա հաղթանակի վերաբերյալ:
Տեղի բնակիչների շրջանում պտտվող խոսակցությունների համաձայն, Արտաշատն այս անգամ նոր քաղաքապետ է ունենալու: Թե ինչով ՀՀԿ-ին այլեւս չի բավարարում գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը (ի դեպ, ասում են, որ պարոն Մուրադյանը վայելում էր հատկապես ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությունը), թե հատկապես ինչ հանգուցալուծում կունենան արտաշատյան ընտրությունները՝ ժամանակը ցույց կտա: Իսկ մինչ այդ, արտաշատցիները շարունակում են ապրել իրենց կյանքի հիմնական ուղեկից դարձած խնդիրներով: Դրանք առանձնապես չեն տարբերվում հանրապետության մյուս բնակավայրերի խնդիրներից՝ գործազրկություն, սոցիալական ծանր վիճակ, արտագաղթ եւ ոչ մի հեռանկար վաղվա օրվա նկատմամբ: Երեք շրջան պաշտոնավարած եւ արդեն չորրորդ անգամ հավակնություններ դրսեւորող քաղաքապետի արած դրական միակ բանը, որը նշում է ցանկացած արտաշատցի, քաղաքի խմելու ջրի հարցի լուծումն է: Արդեն մեկ տարի է, ինչ Արտաշատի համար խմելու ջուրն այլեւս խնդիր չէ, բացառությամբ 1-2 թաղամասի, որտեղ ասում են՝ աշխատանքները շարունակվում են: Ի դեպ, ավելի կոմպետենտ արտաշատցիները տեղեկացրեցին, որ քաղաքի խմելու ջրի ծրագիրն իրականացվել է ֆրանսիական կազմակերպության կողմից եւ համապետական ծրագրերի շրջանակներում: Քաղաքապետի եւ համայնքային բյուջեի ներդրումներն այս հարցում չնչին են, եթե չասենք՝ զրոյական: Ինքը՝ քաղաքապետը, «Առավոտի» հետ զրույցում իր պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների մի մեծ ցուցակ ներկայացրեց, ու եթե հարցով չընդհատեի նրան, թերեւս այդ ցանկն ավելանար: Ի հակադրություն քաղաքապետի ներկայացրած ցուցակի, առաջին տպավորությունը, որ թողնում է քաղաքը՝ թշվառությունն ու լքվածությունն է: Ի դեպ, քաղաքի դեմքն է ուրվագծում նաեւ բավականին լավ վերանորոգված մարզպետարանի շենքի հարեւանությամբ գտնվող քաղաքապետարանի կիսաքանդ շենքը, որի մուտքից արդեն երեւում է խորհրդային անցյալը: Համեմատաբար բարեկարգ են կենտրոնական փողոցները, հատկապես մարզպետարանի եւ քաղաքապետարանի հարող հատվածներում: Երկրորդական փողոցներում մարդիկ արդեն չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ է բարեկարգում եղել: Չոր եղանակին երկրորդական փողոցները թեպետ դժվարությամբ եւ տհաճությամբ, բայց անցանելի են, իսկ անձրեւոտ եղանակին, ինչպես զրուցակիցներիցս մեկը նկատեց՝ «ցեխագունդ ենք դառնում, ի՞նչ ենք անում»: Երկու երնեկ մի տեղ չի լինում: Արտաշատցիները ջուր ունեն, բայց ջրամատակարարման ցանցի վերանորոգման արդյունքում քաղաքի փողոցներն էլ ավելի անմխիթար վիճակի մեջ են հայտնվել: Թեպետ քաղաքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ բարեկարգմանը անբարենպաստ եղանակն է խանգարել, եւ որ իրենց առաջիկա ծրագրերում այդ աշխատանքները ներառված են, արտաշատցիներն այլեւս չեն ոգեւորվում նման հեռանկարով: «Մենակ մեր «պլաշչադկան» է վերանորոգել, որովհետեւ ինքը մեր շենքից ա»,- ասաց զրուցակիցներիցս մեկը: Ամեն դեպքում, քաղաքապետն ասում է, որ ինքը իր քաղաքի «պատրիոտն» է ու շատ է ուզում ժողովրդի համար լավ բաներ անել ու հենց այդ պատճառով էլ չորրորդ անգամ է առաջադրվում: Բայց տեղի բնակիչներին խոստումներով այլեւս չես կերակրի. «Բոլորն էլ իրենց հարցերն են լուծում, շատ բան կխոսան, կասեն, հենց կընտրվեն՝ մենակ իրանց մասին կմտածեն»,- ասաց զրուցակիցներիցս մեկը: Իսկ թե ով կընտրվի կամ ինքն ում կուզեր տեսնել քաղաքապետի պաշտոնում՝ ասաց. «Ով ուժեղ կլինի՝ բոլոր առումներով, ում թիկունքը պինդ կլինի՝ նա էլ կանցնի»:
Քաղաքապետ Գագիկ Մուրադյանը հերքեց, որ ինքը ԱԺ նախագահի աջակցությամբ է երեք շրջան պաշտոնավարել. «Հետո՞ ինչ, որ ԱԺ նախագահն Արտաշատից է… մեզ համար հարազատ մարդ է, շատ խնդիրներում էլ մեզ օգնել է: Վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին: Ես կողմնակից եմ մաքուր, պարզ, թափանցիկ ընտրության, ինքս էլ հետեւելու եմ: Ես չգիտեմ՝ որ թեկնածուն ում հովանավորությամբ է գալիս, ես ոչ մի թեկնածուի չեմ թերագնահատում, բոլորն էլ արտաշատցիներ են, բոլորի հետ էլ ընկերություն եմ արել, այնպես որ՝ խնդիր չեմ տեսնում: Կոռեկտ պայքար է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել