Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՆՆՋԱՐԱՆԻ՞Ն

Հունիս 11,2011 00:00

Վարչական դատարանում երեկ ընդամենը մի քանի րոպե տեւեց «Ա1+»-ի հայցի քննության նախնական դատական նիստը՝ ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի թիվ 96-Ա՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հաղթող ճանաչելու որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով: Բայց այդ մի քանի րոպեների ընթացքում արձանագրվեցին մի շարք արտառոց փաստեր:
Նախ՝ դատավոր Արգիշտի Ղազարյանն արգելեց «Ա1+»-ին նկարահանել դատական նիստը: Եվ լրագրողի հիշեցմանը՝ իրենց մասնագիտական գործունեության մասին, արձագանքեց այսպես, թե միգուցե իրենց մասնագիտական գործունեության ընթացքում ուզենան նկարահանել նաեւ ինչ-որ մեկի ննջասենյա՞կը: «Գնացե՛ք, նկարե՛ք այնտեղ, որտեղ կարելի է»,- ասաց դատարանը ննջարանի հետ համեմատող դատավորը:
Միայն այս երկխոսությունից հետո հրահանգելով սկսել ձայնագրառումը՝ դատավորը հայտնեց, որ երրորդ կողմին՝ «Արմնյուզ»-ին ուղարկված ծանուցման ծրարը ետ է վերադարձվել դատարան, քանի որ հեռուստաընկերության իրավաբանական հասցեն նշված է եղել Թումանյան փողոցը, մինչդեռ նրանք 2 տարի է՝ տեղափոխվել են: Այդ հասցեն, ի դեպ, հայտնի է բոլորին, որ «Արմնյուզը» նույն շենքում է, ինչ «Արմենիա» հեռուստաընկերությունը: Սակայն ինչ-որ մի հնարքով «Արմնյուզը» պատասխանել էր իր չստացած նամակին: Դատավոր Արգիշտի Ղազարյանը հնարավոր համարեց, որ գուցե նրանք «Դատալեքս» համակարգի միջոցո՞վ են տեղեկացել դատավարությունների գրաֆիկին: Ի դեպ, երեկ, 17-ի սահմաններում, փորձեցինք www.
datalex.am կայքից պարզել, թե արդյոք այնտեղ նաեւ դատարանների ծանուցումների բովանդակությունն է՞լ է տեղադրվում, սակայն կայքը չէր գործում:
Ո՛չ ՀՌԱՀ-ի, ո՛չ «Ա1+»-ի ներկայացուցիչները տեղյակ չէին նամակի բովանդակությանը: «Ա1+»-ը 15 օր խնդրեց ծանոթացման համար: Սակայն դատավորը շռայլորեն նիստը հետաձգեց գրեթե մեկ ամսով՝ մինչեւ հուլիսի 8-ը: Միայն դրանից հետո պարզվեց, որ այդ նամակը կազմում էր հազիվ 2 էջ: Եվ մնում էր միայն գուշակություններ անել, թե ինչու էր պետք դատարանին այս մեկ ամսվա ձգձգումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել