Այսպես է գնահատում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ՀԱԿ առաջնորդի հորդորը ՀՀ նախագահին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր բլոգում՝ https://styopa-safaryan.livejournal.com, հրապարակել է «Առեղծվածային երկխոսությո՞ւն, թե՞ երկխոսության առեղծվածը. ակունքներ, ընթացք եւ հանգուցալուծում» վերլուծության երկրորդ մասը:
Այստեղ նա դարձյալ հիշեցնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո Սերժ Սարգսյանին հարցազրույցով հորդորեց իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Իրավիճակի սխալ պատկերացո՞ւմ, թե՞ սառը, պրագմատիկ հաշվարկ»,- այս կապակցությամբ հարցադրում է անում պրն Սաֆարյանը՝ նկատելով, թե Սերժ Սարգսյանին նման առաջարկ անելուց առաջ դժվար թե Տեր-Պետրոսյանի նման գործիչը «չգիտակցեր, որ օգոստոսյան պատերազմի արդյունքում Ռուսաստանի քաղաքական կշռի ավելացումն ու աշխարհի ուժային կենտրոնների միջեւ ուժերի հավասարակշռության խախտումը մեր տարածաշրջանում իրենց ազդեցությունն են ունենալու ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա, եթե այն տեղից շարժվի»: Հիշեցնում է նաեւ, որ «Նաբուկո» ծրագրի կառուցման ու դրա համար անհրաժեշտ էներգակիրների համար «Արեւմուտք-Ռուսաստան մրցակցություն-դիմակայությունը 2008թ. ամռանը թեւակոխել էր այնպիսի մի փուլ, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ ի վնաս հայկական շահերի, արդեն իսկ բացահայտ թեքվել է դեպի Ադրբեջանի կողմը՝ նրանից գազի անսահմանափակ քանակություն գնելու առաջարկով»: Եվս մի հիշեցում՝ 2008թ. հուլիսի 3-ին ստորագրվել էր «Ադրբեջանական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին» հռչակագիր, որում մասնավորապես ամրագրվել էր, թե անհրաժեշտ են համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը «նաեւ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի եւ ԵԱՀԿ-ի որոշումների հիման վրա»:
Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի՝ «Մի խոսքով, դժվար էր չնկատել, որ 2008թ. ամռանը ղարաբաղյան հակամարտության առումով միջազգային շրջակայքն ու նավթագազային շահերն այնքան անբարենպաստ էին, որ Հայաստանի ու Արցախի համար ավելի նախընտրելի կլիներ այդ շրջանում խուսափել ստատուս-քվոյի փոփոխությանն ուղղված որեւէ քայլից կամ նախաձեռնությունից, քանի որ առավելություններն ակնհայտորեն Ադրբեջանի կողմն էին»: Բայց «այս խորապատկերին ընդդիմադիր առաջնորդներից մեկը հորդորում է Սերժ Սարգսյանին վերաակտիվացնել ղարաբաղյան խնդրով բանակցությունները եւ հայ-թուրքական երկխոսություն սկսել, ինչը կարող էր միայն մեծացնել ճնշումը Հայաստանի ու Արցախի վրա»:
Ստյոպա Սաֆարյանը նշում է. «Եթե Տեր-Պետրոսյանի գնահատականների ու դատողությունների հիմքում ընկած են եղել իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական այլ մեկնակետեր, որոնք կարող էին Հայաստանի ու Արցախի համար շահեկան գործընթացներ պայմանավորել, ապա պետք է արձանագրել, որ ապագայի զարգացումներն իրենք ապացուցեցին նրա հաշվարկների սխալականությունը: Իսկ դա, կհամաձայնեք, լավ լույսի ներքո չի բնութագրում քաղաքական առաջնորդին: Իսկ եթե Տեր-Պետրոսյանի համար նկատելի էին ի վնաս Հայաստանի տարածաշրջանում շահերի, ուժերի, սպասումների ու մտադրությունների այդ ասիմետրիան եւ վտանգավոր անհավասարակշռվածությունը, եւ միեւնույնն է՝ նա այդ իրավիճակում հորդորում է քայլեր ձեռնարկել տարածաշրջանային ու արցախյան ստատուս-քվոները խաթարելու ուղղությամբ, ապա դրանից չափազանց տհաճ եզրակացություն է հետեւում: Ըստ այդմ, հետեւությունը մեկն է. Սերժ Սարգսյանին ուղղված նրա հորդորի հետապնդած նպատակները Հայաստանի նկատմամբ ճնշումների մեծացումն էր, իշխանության համար հավելյալ խնդիրներ ստեղծելը, դիմակայության արտաքին ու ներքին մի քանի ճակատներ բացելը, Սերժ Սարգսյանին ավելի ու ավելի ռուսական դաշտ մխրճելն ու Արեւմուտքի զայրույթն ու ճնշումը ապահովելը (ինչին ժամանակ առ ժամանակ արժանանում է Ադրբեջանի իշխանությունը), ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումն այնպիսի հանգրվանի հասցնելը, որից ետդարձի ճանապարհ չկա՝ ետդարձի դեպքում միջազգային սպասելի պատժամիջոցների սպառնալիքի, իսկ առաջ շարժվելու դեպքում՝ «Ղարաբաղը ծախողի» մեղադրանքների արժանանալու հեռանկարներով, հասարակության մեջ նոր բաժանարար գծեր դնելու ռիսկեր ստեղծելը եւ այլն»: