Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶԱՆՈՒՄ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆԻ

Հունիս 11,2011 00:00

\"\"Ասում է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Կազանում հունիսի 25-ին կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները: Եվ արդյոք այդ հանդիպման արդյունքում ԼՂ կարգավորման հարցում նկատելի առաջընթաց կարձանագրվի՞: Մեր այս հարցին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ամեն մի փուլն ունի իր նոր տարրերը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ամեն մի հանդիպումներից առաջ, նշանակություն չունի, թե դրանք ինչ ձեւաչափով են, միշտ առաջ են գալիս նոր տարրեր: Այսօր ի հայտ եկած նոր տարրերից մեկն, օրինակ՝ այն է, որ լրանում է Ադրբեջանում Գաբալայի կայանի՝ Ռուսաստանին վարձակալությամբ տրված ժամկետը: Պարզ է, որ այս համատեքստում, եթե Ադրբեջանը համաձայնի նորից 10 տարով երկարաձգել այդ կայանի օգտագործման պայմանագիրը, ապա չի բացառվում, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում իր քաղաքականության շեշտադրումը փոխի: Ես չեմ բացառում, որ հենց դրանով է պայմանավորված Ռուսաստանի կողմից վերջին մեկ-երկու պաշտոնական՝ ԱԳՆ-ի կողմից հնչեցված ավելի որոշակի հայտարարություններն առ այն, որ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում որոշիչ քայլեր անելու ժամանակը եկել է: Մինչ այդ Ռուսաստանն ասում էր միայն, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ նման բաներ: Ու հնարավոր է, որ ԼՂ հարցում ՌԴ-ի այդ դիրքորոշման փոփոխության արդյունքում նա Գաբալայի հարցում ինչ-որ բան Ադրբեջանից ստանա: Եվս մի օրինակ բերեմ. վերջերս կրկին ակտիվացան ՆԱԲՈՒԿՈ-ի եւ «Հարավային հոսք» այլընտրանքային գազամուղների հետ կապված խնդիրները: Դրանք նախագծեր են, որոնք հուզում են ԱՄՆ-ին:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն այսօր շատ թույլ է, Օբաման էլ այդ ոլորտում թույլ նախագահ է, ուստի՝ նա Ղարաբաղի հարցում կարող է Ռուսաստանին չհակադրվելու ճանապարհով գնալ եւ փորձել նրա հետ լեզու գտնել: Բայց այստեղ կա նաեւ երրորդ՝ Սիրիայի գործոնը: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Գերմանիան ձգտում են, որ Սիրիայի նկատմամբ նորից պատժամիջոցներ կիրառվեն, ինչին դեմ է Ռուսաստանը: Չի բացառվում, որ նրանք ՌԴ-ին հորդորեն ՄԱԿ-ի ԱԽ-ում չարգելափակել Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը՝ փոխարենը խոստանալով ԼՂ հարցում ընդառաջել Ռուսաստանի մտադրություններին: Ահա այս երեք գործոններն էլ աշխատեցին եւ բերեցին նրան, որ Դովիլում՝ «Մեծ ութնյակի» գագաթաժողովում, ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երեք երկրների նախագահներն իրենց համատեղ հայտարարությունն արեցին՝ հակամարտության կողմերին կոչ անելով ավելի վճռականորեն գնալ հիմնախնդրի լուծմանը: Այսինքն՝ առաջ եկան նոր հանգամանքներ, որոնք դրդում են ՄԽ համանախագահ երկրներին կողմերից պահանջել ավելի կոնկրետ ու վճռական քայլեր:
Բայց իմ վերը թվարկած հանգամանքները, կարծում եմ, այնքան էլ ծանրակշիռ չեն եւ դեռեւս բավարար չեն լինի, որպեսզի ԼՂ հարցում որոշիչ փոփոխություններ լինեն»:
Անդրադառնալով Կազանում որեւէ փաստաթուղթ ստորագրել-չստորագրելու դիլեմային՝ քաղաքագետը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջին ժամանակաշրջանում մի քանի փաստաթղթեր են ստորագրել՝ Մայնդորֆում, Աստրախանում, Սոչիում՝ ս.թ. մարտին, եւ հիմա «այն ժամանակը չի, որ փաստաթուղթ ստորագրվի»: «Հիմա ԼՂ հարցն այլ փուլում է. հիմա պիտի իրականացվեն այն քայլերը, որոնց շուրջ արդեն ստորագրված համաձայնություն է ձեռք բերվել մինչ այս՝ Մայնդորֆում, Աստրախանում, Սոչիում: Իսկ այնտեղ ստորագրվել են շատ կարեւոր փաստաթղթեր՝ դիպուկահարների հեռացում, վստահության մթնոլորտի ձեւավորում, գերիների եւ դիակների փոխանակում եւ այլն»,- ասաց Ստ. Գրիգորյանը՝ կարծիք հայտնելով, որ Կազանում ոչ մի կամ, գոնե, լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի ոչ թե միայն այն պատճառով, որ կողմերը վերջնական համաձայնության չեն գա, այլ՝ որովհետեւ կատարված չեն այն քայլերը, որոնք ամրագրվել էին նախորդ փաստաթղթերում:
Քաղաքագետի դիտարկմամբ, Կազանի հանդիպումը հանդիպում է ոչ թե կարգավորման գլխավոր սկզբունքների հետ կապված նոր պայմանագիր ստորագրելու, այլ արդեն ստորագրված փաստաթղթերում մատնանշված քայլերն իրականացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերը քննարկելու համար:
«Ես չեմ հասկանում, երբ ասվում է՝ պետք է ստորագրվի հիմնական սկզբունքների շուրջ փաստաթուղթ: Ես տպավորություն ունեմ, որ այն մարդիկ, ովքեր դա ասում են, պատկերացում չունեն, որ 2010թ. դեկտեմբերի 1-ին Աստանայում՝ ԵԱՀԿ գագաթաժողովում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները միացան ԵԱՀԿ համանախագահող երկրների պատվիրակությունների համատեղ հայտարարությանը, որտեղ հստակ գրված է, որ կողմերը միանում են Մոսկոկյան, Ակվիլլայի գագաթաժողովներում ընդունված որոշումներին: Այսինքն՝ նրանք միացել են մի հայտարարության, որը խնդրի կարգավորման երեք՝ Մադրիդյան սկզբունքներ է ամրագրել. տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ խնդրի խաղաղ կարգավորում եւ դրանից բխող 6 քայլեր: Հենց սա է պատճառը, որ չեմ հասկանում, երբ ասվում է, որ կողմերը պիտի պատրաստ լինեն Կազանում հիմնական սկզբունքների շուրջ համաձայնագիր ստորագրելուն»,- նկատեց Ստ. Գրիգորյանը: Նրա դիտարկմամբ, խնդիրը միանգամայն այլ է. այն, որ կողմերն այդ երեք սկզբունքները յուրովի են մեկնաբանում եւ մատուցում: Բաքուն ասում է՝ այո, ինքնորոշման իրավունք, բայց՝ տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ Երեւանն ասում է, որ այդ երեք սկզբունքները հավասարազոր են, բայց պետք է հաշվի առնել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Այո, ԼՂ հիմնախնդիրը գտնվում է խոշոր տերությունների ուշադրության կենտրոնում, եւ դա վատ չէ»,- ասաց Ստ. Գրիգորյանը:
Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հայտարարությունը, թե՝ Կազանում կողմերը պիտի հավանություն տան Մադրիդյան հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակին: «Ես կարծում եմ՝ նկատի է առնվում հենց այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են մեկնաբանում այն փաստաթուղթը, որը ստորագրվել է Աստանայում»,- ենթադրեց քաղաքագետը:
Եթե Կազանում կողմերը համաձայնության գան այդ փաստաթղթի շուրջ, արդյոք դա չի՞ ամրապնդվելու այդ համաձայնության մասին փաստաթղթով: Ըստ Ստ. Գրիգորյանի՝ ոչ, որովհետեւ կողմերը համաձայնության չեն գա. «Որեւէ հիմք չկա ասելու, որ այդ սկզբունքների մեկնաբանությունների շուրջ Երեւանն ու Բաքուն կարող են համակարծիք լինել: Կողմերի տարաձայնություններն այդ հարցում դեռեւս կոշտ են, եւ մթնոլորտ չի փոխվել՝ ենթադրելու համար, թե նման համաձայնություն կարող է ձեռք բերվել»:
Բայց Կազանի հանդիպումը նախաձեռնողները չեն կարող թույլ տալ, որ այդ հանդիպումը տապալված համարվի, ուստի, թերեւս, փորձ կանե՞ն դա քողարկել որեւէ այլ փաստաթղթով, ասենք՝ դարձյալ հրադադարի պահպանման եւ նման խնդիրների շուրջ համաձայնություն ստորագրելով: «Այսօր կարող ենք հստակ ասել, որ գլխավոր սկզբունքների կամ վերջնական քայլերի հետ կապված ոչ մի փաստաթուղթ Կազանում չի ստորագրվի, բայց չի բացառվում, որ Մայնդորֆի, Աստրախանի նման ստորագրվի զինադադարի կամ ԵԱՀԿ նախագահության առաջադրած գլխավոր՝ դիպուկահարների խնդրի հետ կապված փաստաթուղթ, եւ կողմերը, գոնե ֆորմալ, պարտավորություններ ստանձնեն»:
Ինչ վերաբերում է տարածքների հանձնման շուրջ հնարավոր քննարկմանը, ապա քաղաքագետն ասաց. «Չեմ կարծում, թե դա այսօր ընդհանրապես ակտուալ հարց է: Այլ բան է, որ ադրբեջանցիք՝ ե՛ւ պաշտոնական, ե՛ւ հասարակության, փորձագետների մակարդակով, դա շրջանառության մեջ են դնում, բայց դա ավելի շատ նրանց ցանկությունն է, քան՝ բանակցային սեղանին դրված ռեալություն: Կասկած չունեմ, որ տարածքների կամ դրա մի մասի վերադարձի քննարկում հիմա չի գնում: Ես նույնիսկ կասկածում եմ, որ Կազանում որեւէ փաստաթուղթ ընդհանրապես կստորագրվի»: Այսինքն, ըստ Ստ. Գրիգորյանի, Կազանում դարակազմիկ ոչինչ չի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել