Վստահ է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 9-ին Երեւանում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ արեցին «խուսափել սադրիչ գործողություններից կամ այնպիսի հայտարարություններից, որոնք բանակցային գործընթացի այս ճգնաժամային շրջանում պայթյունավտանգ իրավիճակ կստեղծեն»: «Առավոտն» այս մասին գրել է, միաժամանակ տարակուսանք հայտնել, որ նման հայտարարություններ արվում են ոչ թե Բաքվում, որը մասնագիտացել է «սադրիչ գործողությունների եւ հայտարարությունների մեջ», այլ Երեւանում: Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԼՂՀ եւ ՀՀ Ազգային ժողովների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստը, որի ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց. «Համանախագահներն իրենց հայտարարություններում, եթե նկատել եք, հասցեներ չեն նշում, բայց, երեւի թե, այս հայտարարությունը շատ կոնկրետ հասցեատեր ունի: Նրանք այդ ամենն ուղղում են նրանց, ովքեր նախկինում այդպիսի սադրիչ գործողություններ են թույլ տվել»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք ղարաբաղյան կողմին բավարարո՞ւմ է հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունների հիմքում ընկած կարգավորման փաստաթուղթը, եւ արդյոք Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ դրա շուրջ կա՞ն ինչ-ինչ հակասություններ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հիշեցրեց. «ԼՂՀ ԱԺ-ի կողմից 2008-ի վերջին եղել է քաղաքական ուժերի համատեղ հայտարարություն, որտեղ մենք նշել ենք, որ իհարկե՝ մենք վերապահումներ ունենք, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների հետ կապված: Բայց քանի որ դրանք նույնպես անընդհատ փոփոխվող փաստաթուղթ են, կամ այդ էլեմենտներն անընդհատ փոփոխվում են, շատ դժվար է ասել, թե այսօր ինչ իրավիճակում են դրանք կամ ինչպիսինն են ընդունելիության առումով: Բնականաբար, այդ դիրքորոշումը չի փոխվել, մենք այդ վերապահումները պահպանում ենք, բայց նաեւ հասկանում ենք, որ այսօր բանակցային սեղանին դրված փաստաթուղթը, որը կողմերի համար ընդհանուր հետաքրքրություն ունի, միայն դա է»:
Վերջին շրջանում հատկապես է հնչում տեսակետ, որ առանց Ղարաբաղի մասնակցության ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորագրվել, եւ ցանկացած պայմանավորվածության Ղարաբաղը պետք է տա իր համաձայնությունը, հակառակ դեպքում հարցի լուծումը պարզապես անհնարին կլինի առաջ տանել: Անդրադառնալով այս հարցին եւ խոսելով բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության հավանականության մասին՝ Աշոտ Ղուլյանը վստահություն հայտնեց, որ վաղ թե ուշ Ղարաբաղն անպայման մասնակցելու է բանակցային գործընթացին. «Ամեն ինչ չէ, որ պայմանավորված է Ադրբեջանի դիրքորոշմամբ ու սկզբունքներով, եւ, ինչպես արձանագրված է ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթերում, կարծում եմ, վաղ թե ուշ Ղարաբաղն անպայման մասնակցելու է բանակցային գործընթացներին»:
Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարը իր տեսակետը հայտնեց նաեւ վերջին օրերին շրջանառության մեջ դրված խաղաղապահ ուժերի թեմայի մասին. «Կարծում եմ, խաղաղապահ ուժերի մասին խոսելը մի քիչ վաղաժամ է, որովհետեւ դա հենց այնպես չի բերվում ու մտցվում տարածաշրջան: Դրա մասին, ինչքան ես հիշում եմ, կան որոշակի պայմանավորվածություններ՝ բոլոր կողմերը պետք է որոշում կայացնեն՝ դրան համաձայնություն տալու, դա կապված է եւ խաղաղապահ ուժերի կազմի, եւ տեղաբաշխման գոտիների հետ: Բայց գոնե այս փուլում դրա հիմքերը չկան»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Կազանում կայանալիք հանդիպումից առաջ խաղաղապահների մասին առաջինը սկսեցին խոսել ադրբեջանցիները եւ անգամ տեղերն ու ժամկետներն էին նշում, թե որտեղ եւ երբ են տեղակայվելու այդ ուժերը: Հունիսի 25-ին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումից ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մեծ ակնկալիքներ չունի. «Հավանականություններով խոսելը ճիշտ չէ, մենք երկու տարբերակ արձանագրեցինք, որ կարող է լինել ինչ-որ համաձայնություն, բայց կարող է լինել նաեւ փակուղային իրավիճակ, իսկ փակուղու դեպքում քննարկումները կշարունակվեն, եւ երեւի հատկապես աշնանը սպասելի կլինի քննարկումների նոր փուլ»։
Ի դեպ, երեկ խորհրդարանում քննարկվել է խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն օգտագործելու հարցը, քանի որ եւ Հայաստանում, եւ Ղարաբաղում վստահ են, որ միջազգային կառույցներում Հայաստանը չի կարող փոխարինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։
ԼՂ բանակցային գործընթացում նկատվող ակտիվությունը ղարաբաղցիների համար նորություն չէ, քանի որ նախկինում էլ բանակցային փուլերում եղել են ակտիվացումներ, եւ նախկինում էլ բազմիցս թվացել է, թե գործընթացը մոտ է հանգուցալուծման. «Այս անգամ էլ կարծես ամեն ինչ կրկնվում է նույն փուլով։ Բնականաբար, այստեղ խորքում կա համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը, որը կարծես ավելի է կոնկրետացնում անելիքները, բայց ընդհանուր տպավորությամբ ուզում եմ ասել, որ գոնե մեզ համար՝ ԼՂՀ ԱԺ-ի կողմից, սպասելիքները այդքան էլ լավատեսական չեն»: