Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Հունիս 10,2011 00:00

\"\"Իսկ ոստիկանությունում մարդկանց լավ են վերաբերվում…

«Նստիր գիրկս, զաչոտդ կդնեմ», «վախ, էս ինչ լավն ես, արի մոտս, արի ծանոթանանք», «արի հանդիպենք, ես քեզ համար շատ բան կանեմ» եւ այլ նմանատիպ արտահայտություններն իրականում սեռական բռնություն են ենթադրում, անգամ՝ եթե այդ արտահայտություններն անում են լավ ծանոթ մարդիկ: Պարտադիր չէ, որ սեռական բռնության ժամանակ ֆիզիկական ուժ գործադրվի կամ ֆիզիկական կոնտակտ լինի, բավարար են նաեւ խոսքերը: Կանանց ռեսուրսների կենտրոնն այս մասին պատրաստել է անգամ սոցիալական գովազդներ ու պաստառներ, որոնք ցուցադրվել են հեռուստատեսությամբ եւ փակցվել են տարբեր վայրերում, սակայն Երեւանի քաղաքապետարանն արդեն տեւական ժամանակ է՝ արգելում է մայրաքաղաքում այս գովազդային պաստառների փակցնելը՝ պատճառաբանելով, որ դրանք ճնշող են եւ վախեցնող: «Ճիշտ է, նման գովազդները ճնշող են եւ վախեցնող, սակայն, կարծում ենք, որ մարդկանց իրազեկված լինելն ու նրանց ժամանակին օգնություն ցուցաբերելն ավելի կարեւոր է»,- Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ու իրենց հ/կ-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Լարա Ահարոնյանը: Ըստ նրա, Հայաստանում ընդհանրապես չեն սիրում խոսել նման թեմաներից, քանի որ հասարակությունը շատ պահպանողական է: Միայն վերջերս են սկսել բարձրաձայնել սեռական բռնությունները. «Սեռական բռնության մասին չխոսելու առաջին պատճառը ամոթն է: Բռնության ենթարկվածը երբ սկսում է խոսել իր հետ պատահածի մասին, մարդիկ հարցնում են՝ այդ որտեղ էիր, որ ժամն էր, ինչ էիր հագել, ոչ ոք չի հարցնում բռնություն անողի մասին: Հասարակության մեջ այդ կարծրատիպը կա, որ իրենք լավ կին չեն, վատ անձ են կամ մարմնավաճառ են, որ բռնության են ենթարկվում: Մեր հասարակության մեջ եղած այս կարծրատիպերը չեն թողնում կնոջը ասելու՝ ես ենթարկվել եմ բռնության, ինձ օգնություն է պետք»,- ավելացրեց Լ. Ահարոնյանը: Ըստ նրա, սեռական բռնության մասին չխոսելը նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր բռնությունների համար. «Կանայք հաճախ չեն բարձրաձայնում իրենց հետ պատահածի մասին, քանի որ վախենում են, որ իրենց չեն հավատա ու պատմելով կատարվածը՝ նույնը կվերապրեն»:

Լ. Ահարոնյանը համոզված է, որ, պաշտոնական տվյալներով, Հայաստանում ավելի քիչ կին է ենթարկվել սեռական բռնության, քան հայտարարվում է. «Ըստ ոստիկանության տվյալների` նրանք շատ քիչ են: 2009-ին մեր «թեժ գծին» 140 զանգ ենք ստացել, իսկ 2010-ին, երբ իրազեկման քարոզարշավ արեցինք, զանգերի թիվն ավելացավ՝ 320 զանգ գրանցեցինք, որոնց 40 տոկոսը սեռական բռնություն էր: Կենտրոնի «թեժ գծին» շատ են ահազանգում աշխատավայրում սեռական ոտնձգության ենթարկված միջին տարիքի կանայք: Անցյալ տարի կենտրոնը գրանցել էր անչափահասների բռնության 5 դեպք, որոնցից 3-ը մարզերից էր: Հայաստանում նոր երեւույթ է նաեւ թմրանյութ ներարկելով բռնաբարությունը՝ զոհերից մեկը բժշկի այցելելով էր տեղեկացել, որ բռնության է ենթարկվել: Եղել են դեպքեր, որ ոստիկաններն են իրենց դիրքը չարաշահել եւ սեռական բռնություն գործադրել: Կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների մեծ մասը կատարվում է աշխատավայրերում՝ հատկապես վերադաս աշխատողների կողմից եւ ուղեկցվում աշխատանքից ազատման սպառնալիքներով։ Մեզ երկու կին են դիմել, որոնք սեռական բռնության են ենթարկվել իրենց բուժող բժշկի կողմից, եւս երկուսը՝ ոստիկանի»:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանի, իրենք դեռ 2009-ին խոր ուսումնասիրություն են անցկացրել այս ոլորտում եւ ակնհայտ է դարձել, որ սեռական բռնության ենթարկվածների պաշտոնական թվերը հեռու են իրականությունից. «Մենք հանրային իրազեկմանն ուղղված ծրագրեր իրականացրինք եւ արդյունքը եղավ այն, որ 2010 թվին բացահայտնվեց 9 դեպքով ավելի հանցագործություն, քան եղել էր նախորդ տարի՝ (73 դեպք էր): Սա այն դեպքն է, որ հանցագործությունների թվի աճը պետք է մտահոգի, սրան հակառակ տեսակետից պետք է նայել. այս դեպքերը, որոնք կարող էին թաքնված մնալ, ի հայտ եկան»: Նա առաջարկեց Կանանց ռեսուրսների կենտրոնին՝ համագործակցել. «Ձեզ ավելի շատ են դիմում: Խնդրում եմ, այդ մարդկանց ուղարկեք մեզ մոտ»: Տիկին Ահարոնյանն էլ պատասխանեց, որ իրենք փորձում են, սակայն մարդիկ կան, որ չեն ցանկանում իրենց հետ պատահածի մասին ուրիշներն իմանան: Բացի այդ, բռնության ենթարկվածները վախենում են դիմել իրավապահներին, քանի որ մտահոգություն ունեն, թե իրենց չեն հավատա: Այս հայտարարությանը պատասխանեց ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների բաժնի պետի տեղակալ Արթուր Վարդանյանը՝ ասելով. «Թող ոչ ոք չկարծի, թե մեզ մոտ քաղաքացիներին վատ են վերաբերվում: Մեզ մոտ աշխատանքները կատարվում են լիարժեք: Այլ բան է, որ մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն դիմում ոստիկանություն: Նշեմ, որ մեր աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են, մանավանդ՝ անչափահասների հետ աշխատողները»:

Բարձրացված այն հարցին էլ, թե մեր օրենքները թույլ են եւ հաճախ անչափահաս բռնաբարողին շատ մեղմ պատժի են ենթարկում՝ 2 տարի կալանավայրում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Պատժաչափը որոշելիս հաշվի է առնվում հանրային վտանգավորության աստիճանը, չեմ բացառում, որ լինեն մեղմ պատիժներ, սակայն կան նաեւ ծանր հանցագործություններ, որոնք էլ ենթադրում են ծանր պատիժներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել