Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՄԲԻՇՆԵՐԻ ԹԵԺ ԱՄԱՌԸ ՍԿՍՎՈՒՄ Է

Հունիս 10,2011 00:00

\"\"Երեկ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեկնեց Թբիլիսի: Իսկ ազատ ոճայինները, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, այս օրերին արդեն Վրաստանի մայրաքաղաքում էին:

Երկու ոճերի մեր ըմբիշները հանդես են գալիս օլիմպիական չեմպիոններ Կարտոզիայի եւ Բալավաձեի միջազգային հուշամրցաշարում, որոնք միջազգային ֆեդերացիայի տարեկան միջոցառումների օրացուցային պլանում են եւ համարվում են «Grand Prix»-ի մրցաշարեր:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մեկնելուց առաջ հարցազրույց տվեց «Առավոտին»:

– Թբիլիսիում ովքե՞ր են մտնելու մրցագորգ:

– Մեկնում ենք ինը ըմբիշով: Նրանք են. 55 կգ քաշային կարգ՝ Արմեն Չոմարյան եւ Հովհաննես Հարությունյան, 60 կգ՝ Ալեքսան Միքայելյան եւ Վահրամ Խաչատրյան, 66 կգ՝ Խոսրով Մելիքյան, 74 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 84 կգ՝ Տիգրան Սահակյան եւ Հրաչ Հովհաննիսյան, 96 կգ՝ Սարգիս Տոնոյան:

– Թիմի կազմը հուշում է, որ մեր առաջին համարները բացակայում են:

– Առաջին համարներ ասածը հարաբերական է: Բոլորն էլ հավաքականի անդամ են: Իսկ թե ի վերջո ո՞վ կդառնա իր քաշային կարգի առաջին համարը, պարզ կլինի միայն աշխարհի առաջնությունից առաջ՝ օգոստոսի վերջին: Իսկ ներկայիս փուլում մենք, պարզապես, մեր կազմած պլանների համաձայն, մեր բոլոր լավագույն ըմբիշներին նախաօլիմպիական տարում իրենց դրսեւորելու հնարավորություն ենք տալիս:

– Մինչեւ աշխարհի առաջնությունը՝ հավաքականն ի՞նչ անելիքներ ունի:

– Հունիսի 15-ին Թբիլիսիից կվերադառնանք Երեւան եւ երկու օր անց մեկ ուրիշ կազմով կմեկնենք Մարիուպոլ, որտեղ նույնպես միջազգային ներկայացուցչական մրցաշար է լինելու:

– Մասնակիցների անունները հայտնի՞ են, թե՞ դեռ պետք է որոշեք:

– Հայտնի են: Մարիուպոլ մեկնելու են 60 կգ քաշայիններ Վահան Ջուհարյանն ու Արթուր Մկրտչյանը, չորս հոգի՝ Սասուն Ղամբարյանը, Արամ Ջուլֆալակյանը, Հովհաննես Վարդերեսյանը եւ Արման Ադիկյանը կմրցեն 66 կգ քաշային կարգում, 74-ում ընտրել ենք Վարշամ Բորանյանին եւ 120-ում՝ Յուրի Պատրիկեեւին:

– Մրցումները հաջորդում են միմյանց: Դրանց միջեւ մարզումներ եւ հավաքներ կազմակերպելու ժամանակ մնո՞ւմ է:

– Անշուշտ: Մարիուպոլից հետո հավաքականն ուսումնամարզական հավաքի է մեկնելու Ղրիմ, որի ավարտից հետո տղաների մեծ մասը կվերադառնա Երեւան, իսկ Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Շահինյանը կմեկնեն Մադրիդ՝ միջազգային խոշոր մրցաշարի: Հուլիսի կեսերից մինչեւ ամսվա վերջ հերթական ուսումնամարզական հավաք է նախատեսված Երեւանում, որի ավարտին կմեկնենք Բելառուս, կամ Ուկրաինա՝ նրանց ազգային հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու: Այս երկու երկրների հետ էլ նախնական պայմանավորվածություն արդեն կա: Իսկ, թե որի՞ն կտանք նախապատվությունը, կողմնորոշվելու ժամանակ դեռ կա:

– Տարվա գլխավոր մեկնարկը սեպտեմբերին Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որտեղ, մեդալներից բացի, խաղարկվելու են 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերը. յուրաքանչյուր քաշային կարգում՝ 5-ական: Հասկանալի է, որ ամեն բան ծառայեցվում է դրան: Սակայն մեր առաջատարներից Ռոման Ամոյանն այս ընթացքում ուսումնամարզական հավաքներում ընդգրկված չէր եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից կազմված Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էր «Ուժեղագույնների՝ ուժեղագույնները» մրցումներին: Դա արդյո՞ք անհրաժեշտ էր՝ կարեւոր մարզումներից բացակայելու գնով:

– Նա հունիսի 2-ին մյուսներից շուտ վերադարձել է Երեւան եւ, որքան տեղյակ եմ, շատ լավ է հանդես եկել: Իսկ ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը նախապատրաստվելուն, ասեմ, որ այդ մեկ շաբաթը կամ 10 օրը նրա համար լիցքաթափման դեր են կատարել: Իմ կարծիքով, ամեն մի մարզիկ կարեւոր մեկնարկներից առաջ պիտի լիցքաթափվելու հնարավորություն ստանա: Մենք Ռոմանի մասնակցությանն «այո» ասել էինք միայն մի պայմանով. Ռոմանը շատ բարդ մեկնարկներին չպետք է մասնակցեր՝ ցանկացած վնասվածք բացառելու նպատակով, քանի որ նա անհամեմատ ավելի կարեւոր խնդիրներ ունի լուծելու: Փառք Աստծո, ամեն բան նորմալ է, եւ նա արդեն նոր թափով լծվել է իր հիմնական պարտականությունների կատարմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել