Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեպլիկի փոխարեն

Հունիս 10,2011 00:00

Կամ ինչպես ձեռ առան մեր հայրենին

Երկմտելով վճռեցի գրել, քանի որ խոսքս վերաբերում է «Գոհար» նվագախմբին՝ իր երգչախմբով, որի հանդեպ հատուկ հարգանք եմ տածում: Անկասկած, անուրանալի է նրա որոշակի դերակատարությունը արդի հայ մշակութային կյանքում, որտեղ արժեքային արժանապատիվ մակարդակում իր բարձր կարգը հաստատելով եւ պահպանելով, նա քայլ առ քայլ ամբողջացնում է մի կենսագրություն, որն անկեղծ նվիրում է արվեստին: Նպատակս, իբրեւ ունկնդիր, աչքս ծակած մի քանի ակնառու փաստերի վերաբերյալ դիտարկումներս հրապարակավ արտահայտելն է: Ինչն էլ, ոչ թե փնովելու կամ արժեզրկելու միտում ունի, այլ ընդամենը՝ հավանական թյուրիմացությունը ճշգրտելու հորդոր: «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի խմբավար եւ գեղարվեստական ղեկավար Սեպուհ Աբգարյանը 2010թ. մայիսի 28-ին «Ազդակ» օրաթերթին տված հարցազրույցում ասում է, որ իրենց երաժշտական համերգները նախատեսված ու ծրագրված են միջին ունկնդրի համար. «Միշտ յաջող, միշտ տօնականօրէն զգայացունց, երջանիկ ու ոգեւորիչ խանդավառութեամբ յորդուն»: Շատ լավ է, երբ արվեստագետի գործունեությունը համակարգված է, նպատակամետ ու արհեստավարժ: Լավ է, որ ընդունակ է տեսնել լսարանների բազմազանությունը եւ կենտրոնանալ կոնկրետ լսարանի վրա: Սեպուհ Աբգարյանը կողմնորոշված է միջին ունկնդրով լեցուն դահլիճը: «Գոհարի» համերգային գործունեությունն էլ այդ է հաստատում: Ավաղ, ըստ ինձ, «Գոհարի» մոտ կա մի բացթողում, որը գուցե առայժմ չի արգելում «Գոհարի» շարժմանը, սակայն դանդաղեցնում է այն դեպի անշարժության աստիճան: Այդ բացթողումը արվեստագետի սկզբունքային կեցվածքն է ունկնդրի հետ հարաբերություններում: Ի՞նչ նկատի ունեմ: Մի պարզ բան՝ այդ հարաբերությունները ինչպես են գոյատեւում՝ համակեցությա՞մբ, թե՞ հարմարվողականությամբ:

Համակեցության դեպքում իշխում է չպարտադրող անհատականության հոգեբանություն, որն ունկնդրին ոչ միայն հաճույք պատճառելու, այլեւ՝ իր ազատ պահվածքում կրթելու գործառույթ ունի, ինչն էլ իրագործում է մի ոգեղեն դաշտում, որը կոչվում է համերգ: Հարմարվողականության դեպքում խնջույքային տրամադրություններն են գերիշխում, մնացածի մասին խոսել արդեն իմաստ չունի, քանի որ թելադրողը հաճույք ակնկալողն է: «Գոհարի» նպատակներն ու ծրագրերն ինձ եզրակացնել են տալիս, որ իրենք սկզբունքորեն կողմնակից են համակեցության: Ուստի շատ զարմանալի է «Գոհարի» վերջին շրջանում որդեգրած հարմարվողականությունը (տեսահոլովակ, մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված համերգը): Ես չգիտեմ ում մտահղացումն է մայիսի 28-ի համերգի կազմակերպումը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության օրվան, այդ ֆորմատի մեջ, բայց կարծում եմ, որ տեսականորեն տրամաբանված լինելով, գործնականում երաժշտական տեսանկյունից ստացվեց անհամություն, քանի որ չզուգակցվեցին «աստղ» պիտակավորվածներն ու «Գոհարը»: Չգիտեմ ո՞վ էր (տվյալ դեպքում շահարկելով «Գոհարին») փորձում, արդեն հոգնեցրած ու ձանձրացրած, այսպես կոչված, «աստղերի» անշեջությունը պահպանել: Դա կարեւոր չէ, ինչպես ասում են՝ մեղքը իր վիզը: Զարմանալին, համենայնդեպս, Սեպուհ Աբգարյանի անչափ հանդուրժողականությունն է, քանի որ նա չէր կարող չնկատել, որ համերգի ընթացքում «աստղերն» ու «Գոհարը», որպես երաժշտական կատարման բաղկացուցիչ մասեր, մեկ ամբողջություն չեն կազմում: Եվ բեմի իրավիճակը այդ պահի համարժեք լեզվամտածողությամբ կարելի է բնութագրել այսպես. «Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին»:

Խոսքս չերկարացնելով ասեմ, որ այդ օրը «Հ1»-ը Հանրապետության օրվան նվիրված համերգն էլ կարճ կապեց: Աչք թարթելու պես արագ անցավ միանգամից հրավառության, որը ֆուտբոլային խաղ էր: Դե հասկանալի է, իսպանացիները բասկեր են, բասկերն էլ՝ մեր հայերը, իսկ անգլիական նավերն էլ միշտ Արարատ են բարձրացել: Այնպես որ՝ Օքեյ, ամեն ինչ լավ է, միայն, չգիտես ինչու, հեռուստատեսության առջեւ նստածներից ոչ ոք չէր բացականչում՝ «Արարատ» հուպ տուր: Ես, որ չէի հասկացել ինչպես ավարտվեց համերգը, միանգամից մտքովս անցավ. «ինչ լավ է, որ «Գոհարը» «աստղ» չէ, այլ ընդամենը գոհար», բայց եւ այնպես չեմ կարող մի երկու խոսք չասել նրա «Պապենական Կիլիկիա» տեսահոլովակի մասին: Տեսահոլովակի ամբողջ ստեղծագործական խումբը ողջ աստղաբույլով, եթե նպատակ են ունեցել ձեռ առնելու մեր հայրենին, ապա պետք է ասեմ, դա նրանց լիարժեք հաջողվել է:

Ինչքան էլ ուզենք մեր երեւակայությունը մոդեռնացնենք, միեւնույն է՝ «Պապենական Կիլիկիան» լաթի վերածած դրոշի ծածանում չէ, ոչ էլ հարթակ խամաճիկների թատրոնի: Իսկ հնչյունախեղված, ծամածռված, ուժերի գերլարումով անհոգի կրկնվող Կիլի-կի-այից հետո, եթե մեր պապերը կենդանի լինեին, ինքնաբերաբար կապշեին՝ իյա՜ … ու Կիլիկիան էլ տխուր կարձագանքեր՝ բա՛ …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել