Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

Հունիս 10,2011 00:00

\"\"Պարարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի նկատառումները

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը՝ խոսելով ներկայիս պարարվեստի կրթության եւ նրա վիճակի մասին, հեռուստաընկերություններից մեկի եթերով հայտարարեց, թե Երեւանի պարարվեստի պետական քոլեջը գտնվում է 19-րդ դարում։ Նման միտքը, իհարկե, մասնագետների շրջանում վիճարկման եւ բանավեճերի առիթ տվեց՝ պարզ պատճառով։ Մեր օպերային թատրոնի բալետային խմբի արտիստները բացառապես Երեւանի քոլեջի շրջանավարտներ են։ Քոլեջի տնօրինությունն էլ հակված չէր ընդունելու այս քննադատությունը, ուստիեւ «Առավոտի» ու քոլեջի տնօրենի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի միջեւ ծավալվեց խոսակցություն, որի կենտրոնում Հայաստանում միակ հիշյալ ուսումնական հաստատության հարցերն ու խնդիրներն են։

Պարարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը շուրջ 2 տարի է, ինչ վարում է այս պաշտոնը։ Նա 1984թ. մինչ օրս փոքր ընդմիջումներով դասավանդել է քոլեջում, ինչպես նաեւ Իսրայելի, Շվեյցարիայի եւ Ռուսաստանի համանման հաստատություններում։

Մեկնաբանելով Ռ. Խառատյանի հնչեցրած միտքը, պարոն Գրիգորյանը նախ նշեց, որ իր սաներ Սեւակ Ավետիսյանը, Նարեկ Մարտիրոսյանը եւ Ռուբեն Մուրադյանը մեր օպերային թատրոնի բալետի առաջատար արտիստներն են։ Իր սաներից միջազգային մրցույթների դափնեկիրներ Դավիթ Կարապետյանը այսօր Սան-Ֆրանցիսկոյի օ պեր

այի եւ բալետի թատրոնի մենակատար է, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյանը բեմ է բարձրանում Մյունխենի թատրոնում, աշխարհահռչակ բալետմայստեր Ջոն Նոյ Մայերն էլ վերջինիս շնորհել է «Բալետային արքա» տիտղոսը, Արման Գրիգորյանը Ցյուրիխի թատրոնի արտիստ է, որը Կաննի բալետային փառատոնի հանձնախմբում ընդգրկված բալետի համաշխարհային քննադատների կողմից արժանացել է «Բալետային աստղ» կոչմանը։ Հավելեց նաեւ, որ գոնե ինքը չի ճանաչում մեկ բալետի արտիստի, որն ուսանած լիներ Ռ. Խառատյանի մոտ, վերջինիս՝ Վաշինգտոնում աշխատած տարիներին։

Իր տնօրինության օրոք թե ինչ ձեռքբերումներ են գրանցվել քոլեջում, պարոն Գրիգորյանն ասաց. «2010 թ. Երեւանում անցկացված ԱՊՀ երկրների երիտասարդական «Դելֆյան» խաղերում Արման Մարգարյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ Մարիամ Քերոբյանը՝ երկրորդ մրցանակի»։

Ժամանակին քոլեջի ուսանողները պրակտիկա էին անցնում օպերային թատրոնում, նույնիսկ մասնակցում ներկայացումներին, մինչդեռ վերջերս ներկայացված Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի պրեմիերային ուղղակի աչք էր ծագում կորդե-բալետի փոքրաթիվ լինելը։ Կարելի՞ է ենթադրել, որ քոլեջի եւ օպերային թատրոնի միջեւ չկա համագործակցություն: Մեր զրուցակիցը այս առնչությամբ ասաց. «Քոլեջի ուսանողներն ունեն շաբաթական պրակտիկայի 2 օր, թեեւ օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը սիրով համաձայնել է, որ այդ ժամերն անցնեն թատրոնի բալետային խմբում, բայց, չգիտես ինչու, այս առիթով թատրոնի գլխավոր բալետմայստերը լռում է։ Մինչ օրս պրակտիկայի մասով ուսանողները հրավեր են ստացել միայն «Բարեկամություն» եւ Երգի-պարի պետական անսամբլներից»։

Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ մինչ օրս քոլեջում չի բեմադրվում որեւէ ներկայացում, Ա. Գրիգորյանը հայտնեց, որ քոլեջի գեղարվեստական խորհուրդը՝ ելնելով ազգային օպերային թատրոնի բալետային փոքրաթիվ խաղացանկից, որոշում է կայացրել գալիք ուսումնական տարում հենց օպերային թատրոնում բեմադրել Չայկովսկու «Կարապի լիճը» եւ «Շչելկունչիկ» բալետային ներկայացումների երկրորդ գործողությունները, ինչպես նաեւ հատվածներ համաշխարհային բալետային խաղացանկի հայտնի ներկայացումներից։ Քոլեջում պատրաստվում են նաեւ դարձյալ ձեւավորել ժողովրդական պարային անսամբլ։ Գրիգորյանի խոսքերով՝ իրենց գլխավոր նպատակն է դասական դարձած ժողովրդական պարերի խանամիրյանական, ղարիբյանական եւ մյուս մեծանուն բեմադրիչների պարերի պահպանելն ու ներկայացնելը հայաստանյան եւ օտար հանդիսատեսին։

Հ. Գ. Ռուդուլֆ Խառատյանի տեսակետը կներկայացնենք Վաշինգտոնից՝ նրա վերադառնալուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել