Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Հունիս 10,2011 00:00

Որքան մոտենում են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի բազմազան է դառնում քաղաքական ուժերի գործելաոճը:

Թեկնածուների մի մասը փողոցում կառուցված տաղավարներում է հանդիպում քվեարկողների հետ, մյուսները ահռելի ավտոբուսներով՝ նախընտրական երգերի ուղեկցությամբ, շրջում եմ մի թաղամասից մյուսը՝ Ստամբուլի բնակիչներին կուսակցական խորհրդանիշներով գրիչներ, գլխարկներ ու դրոշակներ բաժանելով: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, քաղաքական ուժերին զուգահեռ, բավական ակտիվ են տարբեր հասարակական ու արհմիութենական կառույցները: Բայց հիմնական պայքարն ընթանում է էլեկտրոնային լրատվամիջոցներում, նախեւառաջ՝ շուրջօրյա լրատվական ալիքներում, որոնց թիվն այս օրերին հասել է 12-ի: Թուրքիայի վարչապետի փեսային պատկանող «Turkuvaz մեդիա» հոլդինգի կազմում սկսեց աշխատել մի նոր լրատվական ալիք` «A-Haber»-ը: Ինչպես բացատրում են հեռուստաալիքի ներկայացուցիչները, նման թանկարժեք նախագծի իրագործումը նպատակ ուներ վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմնակիցներին օժտել նաեւ լրատվական հեռուստաալիքով, քանի որ ժամանցային հեռուստատեսություն եւ թերթեր հոլդինգի կազմում արդեն իսկ կային:

Իշխանամետ լրագրողները այս օրերին Թուրքիայում ընդհանրապես չեն խուսափում ասել, որ պաշտպանում են Էրդողանին եւ նրա կուսակցությանը: Սա, որպես հետեւանք, իր ազդեցությունն է թողնում խմբագրական քաղաքականության վրա: Երբեմն լրատվամիջոցները որոշում են պարզապես չանդրադառնալ նախընտրական որոշ հանդիպումների:

Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են առաջիկա կիրակի օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել