Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նկատմամբ վարած քաղաքականության պատճառով Եվրախորհրդարանը սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանին։ Այդ մասին հաղորդում է 1in.am-ը, որի մատուցմամբ, Եվրախորհրդարանը մասնավորապես Եվրոպայի Խորհրդին կոչ է արել առաջ քաշել Վրաստանի օկուպացված տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ Ռուսաստանի ստանձնած պարտականությունների չկատարման հարցը։
Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովից մեկ օր առաջ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ Ռուսաստանը շարունակում է անձնագրեր բաժանել Վրաստանի տարածքում (Աբխազիա ու Հարավային Օսիա), չի քննարկվելու Ռուսաստանի ու Եվրոպայի միջեւ անցագրային ռեժիմի վերացման հարցը։
Պատգամավոր Քրիստիան Օիուլանը (նկարում) հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հարգի հարեւան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. «Ռուսաստանը նաեւ պետք է դադարեցնի ճնշումներ բանեցնել Ուկրաինայի վրա եւ սեփական զորքերը դուրս բերի Վրաստանից»։
Իսկ Չարլզ Տանոկը նշել է, որ ԵՄ-ը պետք է ողջունի հետխորհրդային տիրույթում ընկած երկրների ձգտումները դեպի ԵՄ. «Ռուսաստանը տնտեսական շահեր ունի հետխորհրդային երկրներում, որոնք, բարեբախտաբար, այժմ հակված են ԵՄ-ի կողմը։ ԵՄ-ը պետք է ողջունի այդ երկրների այդօրինակ ձգտումները։ Նրանց եվրաատլանտյան ձգտումների առջեւ նույնպես պետք է բաց լինեն դռները»։