Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԼԻԲՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ

Հունիս 10,2011 00:00

\"\"Հինգշաբթի օրը Ղազախստանի սենատը ստորին պալատին վերադարձրել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ին աջակցելու համար զինվորականներ ուղարկելու թույլտվություն արտոնող օրինագիծը: Reuters-ի մատուցմամբ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժումը գերազանցապես մահմեդական բնակչություն ունեցող ետխորհրդային այդ հանրապետությանը զգուշացրել է ՆԱՏՕ-ին աջակցելու «լուրջ հետեւանքների» մասին:

Փաստաթուղթը, որի համաձայն՝ չորս ղազախստանցի սպաներ պետք է մեկնեին Աֆղանստան, ընդունվել էր մայիսի 18-ին եւ մի քանի օր անց թալիբների կողմից քննադատության էր արժանացել: Վերջիններս Աստանային մեղադրել էին «սեփական ժողովրդի եւ տարածաշրջանի շահերը հաշվի առնելու փոխարեն»՝ ամերիկյան շահերի պաշտպանության վրա կենտրոնանալու մեջ: «Թալիբանը» Ղազախստանին սպառնացել էր «երկարաժամկետ բացասական հետեւանքներով»: Երկրի սենատորները չեն հիշատակել թալիբների հայտարարությունը, բայց վկայակոչել են օրինագծի ընդունման ընթացակարգային խախտումները, որոնք «խոչընդոտում» են դրա կիրարկմանը: Սենատում այդ օրինագծի քննարկման ժամանակ օրենսդիրներից մեկն իր գործընկերներին կոչ էր արել չեզոքություն պահպանել:

Ղազախստանը, ուր մահմեդականները կազմում են 16,4 միլիոնանոց բնակչության 70 տոկոսը, արդեն իսկ իր տարածքը՝ որպես միջանցիկ գոտի, տրամադրել է դեպի Աֆղանստան ռազմական բեռների տեղափոխման համար:

Եթե Ղազախստանում հիշյալ օրինագիծը, այնուամենայնիվ, ընդունվի, ապա այդ երկիրը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի միակ պետությունը, որը մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին եւ դրանով իսկ կարող է շահել ԱՄՆ-ի բարեհաճությունը: Բայց թալիբների սպառնալիքները կարող են զգուշավորություն հաղորդել երկրի կայունությունն իր մեծագույն ձեռքբերումը համարող ղեկավարությանը: Հիշեցնենք, որ այդ տարվա մայիսին մեկ շաբաթվա ընթացքում Ղազախստանում մահապարտների կողմից երկու պայթյուն է իրականացվել, որոնք, սակայն, իշխանությունները ահաբեկչական ակտեր չեն համարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել