Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամահավաք՝ ոչ պետական բուհերում

Հունիս 10,2011 00:00

Շրջանավարտների դժգոհության հետքերով

\"\"Գումար՝ դիպլոմի համար: Այն մոտ 10 000 դրամ է: Այսպիսին են մի շարք ոչ պետական բուհերի տվյալները: «Չորս տարի սովորում, վարձ ենք մուծում, դեռ դիպլոմի համար էլ առանձի՞ն պետք է գումար հավաքենք»,- դժգոհում է ոչ պետական բուհերից մեկի ուսանողը: «Յուրաքանչյուր դիպլոմի համար 7 500 դրամ պետականորեն մուծվում է տպարան, բացի դրանից՝ տրվում է նաեւ միջուկ: Հատուկ թղթի վրա է գրվում, որը տալիս է նախարարությունը, ուսանողը ինչ գնահատականներ է ստացել, ինչ առարկաներ է անցել, ինչ ժամաքանակով…»,- պատմում է Երեւանի մշակույթի համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Գագիկ Ամիրյանը: Ըստ նրա՝ Մշակույթի համալսարանը ավարտական կուրսերից դիպլոմի համար հավաքել է 10 000-ական դրամ: Գագիկ Ամիրյանի կարծիքով՝ գումարի չափը նորմալ է եւ ընդունելի. բոլոր բուհերում էլ այդպես է:

Ըստ նույն համալսարանի ուսանողներից մեկի, համալսարանը իրենց բացատրել է, որ մյուս բուհերում ավելի շատ գումար են հավաքում, բացի այդ էլ՝ այստեղ վարձերը համեմատաբար քիչ են: «Ավարտական կուրսի համար 10 000 դրամը մեծ գումար է, վարձերի չափն էլ մոտ 200 000 դրամ է, ավարտական աշխատանքն էլ ֆինանսատար է: Հասել ենք չորրորդ կուրս, մնացել է դիպլոմ ստանալը, ստիպված ինչքան էլ գումար պահանջեն, պետք է տանք»,- ասում է արդեն դիպլոմի համար վճարած ուսանողը: Ուսանողների մնացած ծախսերի մասին համալսարանի ղեկավարությունը գիտի. տեղյակ է, օրինակ, ուսանողները ծախսում են կտորի, քարերի, ներկերի եւ այլնի գումար, բայց դա էլ են բնական համարում: «Աշխարհի ոչ մի համալսարանում այդպիսի կարգ չկա, որ կտորը համալսարանը առնի»,- ասում է պարոն Ամիրյանը: Համոզված է՝ այդպես են վարվում Հայաստանի քառասուն ոչ պետական համալսարանները: Գիտի նաեւ, որ ավարտական կուրսի ուսանողներից նույն 10000-ական դրամ գումար են հավաքել նաեւ Երեւանի «Հայբուսակ», Բաց համալսարանները:

Դիպլոմի համար գումար է հավաքում նաեւ Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանը՝ 10000 դրամ դիպլոմի, 2000 էլ՝ ԱԱՀ-ն: Համալսարանի ուսումնական գծով ղեկավար Դավիթ Թորոսյանը նշում է, որ գումարի չափը որոշվել է՝ հաշվի առնելով տպագրական եւ այլ ծախսեր:

Հյուսիսային համալսարանը, պարզվում է, դիպլոմի համար գումարը դիմորդից վերցնում է նախօրոք՝ համալսարան ընդունվելիս: Նախօրոք պայմանագիր է կնքվում: Գումարի չափը 12 000 դրամ է: Համալսարանից «Առավոտին» գրավոր պատասխանեցին. «Գումարի չափն ուղղակի որոշված չէ: Նախ՝ այդ գումարից որոշակի չափ հատկացվում է տպագրման ծախսերին: Չմոռանանք նաեւ, որ դիպլոմները լրացվում են ձեռագիր, ինչը եւս որոշակի վարձատրությամբ է կատարվում: Այնուհետ, մենք չափազանք կարեւոր ենք համարում յուրաքանչյուր շրջանավարտի համար օրվա նշանակությունը, դրա հանդիսավոր անցկացման կարեւորությունը: Այդպիսով, ամեն տարի ամռանը մենք վարձակալում ենք դահլիճ, տեխնիկա, եւ դիպլոմները հանձնում ենք մեծ շուքով եւ հիշարժան: Ի դեպ, հիշվելու նպատակով էլ մենք հրավիրում ենք տարբեր լրատվամիջոցներից ներկայացուցիչներ, որոնց ծառայության արժեքը վերջին տարիներին այնչափ է բարձրացել, որ դրամարկղ մուծված գումարը հազիվ է փոխհատուցում լրատվամիջոցների ծախսերը: Հավելենք նաեւ, որ ԱԱՀ 20%-ը, ու արդեն հասկանալի է դառնում «12 000» շահարկվող թիվը»:

«Մանց» համալսարանը եւ Երեւանի հումանիտար ինստիտուտը չմեկնաբանեցին դիպլոմի համար հավաքվող գումարի չափի մասին լուրը, իսկ «ՅՈւ էՍ Ի ԷԼ»-ից էլ տեղեկացրին՝ համալսարանում դիպլոմի համար հավաքվելիք գումարը դեռեւս չեն որոշել. հիմա պետական քննություններ են, դրանց ավարտից հետո նոր պարզ կդառնա չափը:

ՀՀ ԿԳ նախարարությունից պարզեցինք՝ դիպլոմի համար տպարանը գանձում է 3200 դրամ, դրան գումարվում են այլ ծախսեր, որոնք կապված են դիպլոմի միջուկի եւ լրացվելու հետ: «Հստակորեն սահմանված գումար չկա: Յուրաքանչյուր բուհի դեպքում ծախսերը կարող են տարբեր լինել, բայց գումարը պետք է ողջամտության սահմաններում լինի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել