Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՔՆՆԱՐԿԵՔ ՏՂԱՅԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ՀԱՐՑԸ

Հունիս 10,2011 00:00

Այսօր գումարվելու է կառավարության հերթական նիստը: Գրեթե բոլոր նիստերի ժամանակ որոշումներ են ընդունվում այս կամ այն երիտասարդին բանակից տարկետման իրավունքով ազատելու մասին: Հուսով ենք՝ «Առավոտի» ստացած այս բաց նամակը կկարդան նաեւ կառավարությունում եւ կփորձեն լուծում տալ:

Հարգելի խմբագրություն.

Սա իմ վերջին անհույս փորձն է՝ ինչ-որ լուծում գտնելու, ըստ իս՝ մի շատ կարեւոր խնդրի:

Ես ջութակահար եմ, անունս է Հրաչյա Ավանեսյան: Ավարտել եմ Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը: Վերջերս ավարտեցի Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան՝ հինգ տարի ուսանելով Իգոր Օյստրախի դասարանում:

Այժմ սովորում եմ Գերմանիայում, Քյոլն քաղաքի ասպիրանտուրայում եւ Բելգիայի թագուհի Ելիզաբեթի անվան ակադեմիայում, որտեղ, ի դեպ, ինձ են տրամադրել իտալացի աշխարհահռչակ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած «Piatti» ջութակը, որի վրա երկար տարիներ նվագել է լեգենդար ջութակահար Նիկոլո Պագանինին: Ուսման տարիներին մասնակցել եմ մի շարք միջազգային մրցույթների եւ գրավել առաջին մրցանակ, նշեմ մի քանիսը՝ Եհուդի Մենուհինի անվան մրցույթ, Հենրի Վիետանի, Կարլ Նիլսենի եւ էլի մի շարք այլ մրցույթների՝ միշտ բարձր պահելով Հայաստանի պատիվը: Այս տարվա հունիսի 13-ին Ռուսաստանում տեղի է ունենալու Չայկովսկու անվան հերթական միջազգային մրցույթը, որն ամենաբարդն է բոլոր երաժշտական մրցույթների մեջ եւ համարվում է երաժշտության օլիմպիադա: Այս տարի նախընտրական ունկնդրման համար հանձնաժողովի դատին էր ներկայացվել աշխարհի լավագույն երաժիշտ-կատարողների 300-ից ավելի տեսաերիզ եւ դրանցից ընտրվել է ընդամենը 20 կատարում, որոնց թվում է նաեւ իմ կատարումը: Թերեւս կպատկերացնեք, թե որքան մեծ է ցանկությունս մասնակցելու եւ ներկայացնելու Հայաստանը… Սակայն բոլորովին վերջերս պարզվեց, որ ես գտնվում եմ հետախուզման մեջ եւ Ռուսաստան մտնելու իրավունք չունեմ, իսկ ես այնքան լավ էի պատրաստվել այս մրցույթին…

Հարգելի խմբագրություն, խնդրում եմ միջնորդեք, որպեսզի նամակս կարդան համապատասխան անձինք, ովքեր կկարողանան օժանդակել, որպեսզի գոնե ժամանակավորապես հետախուզումից հանեն իմ անունը եւ ես հանգիստ կերպով կարողանամ Ռուսաստան մեկնել ու պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը: Ինչպես նաեւ խնդրում եմ նրանց օգնությունը իմ կարգավիճակի հարցում՝ նպատակային պարզեցում, այն է՝ տարկետում սահմանելու առումով:

Կանխավ շնորհակալ եմ եւ հույս ունեմ, որ Բելգիայում Հայաստանի դեսպանատան միջոցով կամ իմ էլեկտրոնային փոստով ([email protected]) մոտ ժամանակներս մի հուսադրող լուր կհաղորդեք հարցի արդյունավետ լուծման մասին: Ես սույն խնդրանքով նամակներ եմ գրել նախագահի ողջ անձնակազմի աշխատակիցներին, սակայն ոչ մեկից դեռ պատասխան չկա, իսկ ինձ մնացել է մի քանի օր:

Վերջում որպես հավելում կցանկանայի նշել, որ նախընտրական փուլին մեր հարեւան ադրբեջանցի 3 դիմորդներից եւ ոչ մեկի տեսագրությունը չարժանացավ հանձնաժողովի հավանությանը: Նույնանման արդյունքի արժանացան նաեւ մոտ 80 միլիոնանոց Թուրքիայից ուղարկված տեսանյութերը եւ իհարկե ցավալի կլիներ նման առիթը ձեռքից բաց թողնել՝ հաշվի առնելով, որ անցել եմ նախընտրական փուլ՝ ջութակահարների մեջ միակ հայ ներկայացուցիչը լինելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել