Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ ՄԻ ԿԵՐԱԿՐԵՔ

Հունիս 10,2011 00:00

\"\"Լիովին պատկերացնելու համար բարձրաստիճան իշխանավորների վերաբերմունքը դեպի գիտելիքը եւ գիտելիք կրող անձը, սկսենք 2010թ. օգոստոսի 31-ից։

Նախագահական նստավայրում կայացավ նախագահի հանդիպումը մի խումբ դպրոցականների, այդ թվում՝ առարկայական համաշխարհային օլիմպիադայի հաղթողների հետ։ Շռայլ գովեստի խոսքերի տարափ ու խոստումներ՝ նախագահի կողմից։ ԿԳ նախարարի հայտարարությունը բարձր ամբիոնից՝ համաշխարհային օլիմպիադայի մեդալակիրներին պարգեւատրելու ենք համակարգիչներով… Տարեվերջյան տոնակատարություն ռեստորանում։ Նորից գովեստի տարափ ամենաշռայլ բառերով, «այստեղ նստած է մեր ապագան»,- լսել են օլիմպիականները նախարարի բերանից, համակարգիչների փոխարեն… 7 մեդալակիրներով «հպարտացել» է նաեւ վարչապետը իր տարեվերջյան հաշվետվության ժամանակ։ Փաստորեն, բարձր իշխանավորները համաշխարհային օլիմպիադայի մեդալակիրներին «պարգեւատրեցին» ամենաբարձր մակարդակի կենաց-բաժակաճառերով, իսկ արդյունքում եւ նրանց, եւ նրանցով զբաղվողներին՝ հայտնի մատաբռունցքով։ Իսկ ի՞նչ նպատակով եւ ո՞ւմ անունից էր խոստանում համակարգիչները նախարարը, այն էլ նախագահական նստավայրում։ Միանշանակ է, որ մեր տիպի երկրներում առանց «շեֆի դաբրոյի» (եթե ոչ որոշման), այն էլ նախագահականում, «ամենադուխով» նախարարի մտքով անգամ չէր անցնի, էլ չեմ ասում բարձր ամբիոնից հայտարարություն աներ նախագահի, լրատվամիջոցների եւ երեխաների ներկայությամբ։ Բոլորին հասկանալի է միակ նպատակը. մեր օրերին հատուկ իշխանական փուչ շոու։ Սույն թվականի հունվարի 13-ին «Առավոտը» բարձրաձայնեց խնդիրը։ ԿԳ նախարարության մամուլի խոսնակը հաստատում է նախարարի խոստումը, ուշացման պատճառաբանություններ բերում եւ հայտարարում՝ փետրվարի սկզբներին կգնենք համակարգիչները եւ հանդիսավոր պայմաններում կնվիրենք մեդալակիրներին… Ըստ համացանցի, հունվարի կեսերին Հայաստանից մի քանի աշակերտներ մասնակցեցին Ղազախստանում անցկացված միջազգային օլիմպիադային։ Վերջինիս մասնակից երկրների թիվը մոտ 20 էր, այդ թվում եւ մեր բոլոր հարեւանները։ Շատ ուրախալի է, որ մեր թիմերը վերադարձան էլի մեդալներով, այդ թվում եւ արծաթ։ Բայց, ցավոք, եւ նրանք չարժանացան որեւիցե խրախուսական պարգեւի… Հունվարի վերջին Վրաստանի նախագահի այցի ժամանակ կազմակերպվեց հայ-վրացական օլիմպիադա։ Բոլորին էլ հասկանալի էր, որ մասնակիցների կազմը, ուժեղագույնների առումով, մի քանի անգամ զիջում էր Ղազախստանում կազմակերպված միջազգային, էլ չեմ ասում՝ համաշխարհային օլիմպիադաների ինտելեկտուալ պոտենցիալին։ Մաթեմատիկա, ֆիզիկա եւ ինֆորմատիկա առարկաներից՝ յուրաքանչյուր երկրից ճանաչվեցին երկուական հաղթողներ, որոնք եւ արժանացան խրախուսական պարգեւների, անհատական համակարգչի։ Այդ համակարգիչները շատ արագ ձեռք բերվեցին ու նախագահները հասցրին օլիմպիադայի փակմանը անձամբ նվիրել հաղթողներին եւ շնորհավորել։ Արդյունքում, շատ ավելի թույլերը, քան համաշխարհային օլիմպիադայի հաղթողները, արժանացան խրախուսական պարգեւների։ Իսկ համաշխարհայինի մեդալակիրները սպասում էին, որ փետրվարի սկզբին կգնվեն համակարգիչները եւ կտրվեն իրենց։ Նրանք առայսօր չեն ստացել համակարգիչները (փաստացի ուսումնական տարին ավարտվել է, ձեւավորվել են համաշխարհայինի նոր թիմերը) եւ, չնայած իրենց մանկական տարիքին, երեւի հասցրել են լիովին հասկանալ Հայաստանի իշխանությունների վարքը եւ բարքերը։ Իսկ նախագահը եւ ԿԳ նախարարը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ կրթությունը, գիտությունն ու գիտելիքը ընդամենը խաղալիք են իրենց ձեռքերում «պոլիտիկա» խաղալու համար եւ նրանց արժեհամակարգում բարձրարժեք գիտելիքն ու կրթությունը պարզապես տեղ չունեն։ Իրոք, անհրաժեշտ վերաբերմունք եթե կա, ապա դա զգում են բոլորը, աչքերով տեսնում եւ ականջներով լսում։ Ոչ մեկին պետք չէ ապացուցել, որ մեր իշխանություններում շախմատից էլ հասկացող կա, շախմատի դերից էլ- հասարակության համար։ Այո, մեր իշխանություններում ծանրամարտից ու բռնցքամարտից էլ հասկացող կա եւ վերջիններիս դերից էլ- հասարակության համար։ Ցավոք, պետք է փաստենք, որ մեր իշխանություններում, ոչ կրթությունից ու գիտությունից եւ ոչ էլ վերջիններիս դերից տնտեսության ու պետության համար հասկացող չկա։ Հակառակ դեպքում կհասկանային, որ համատարած միջակության պայմաններում համաշխարհային մակարդակի գիտելիք կրող աշակերտները իրենք իրենց չեն աճում, որ շնորհալի երեխաներին կարողանում են դարձնել համաշխարհային մակարդակի, արդեն այդ մակարդակի հասած մասնագետ-մանկավարժները եւ այն դպրոց-օազիսների ադմինիստրատորները, որոնք կարողանում են ստեղծել միջավայր այդպիսի երեխաներ աճեցնելու համար։ Եվ եթե իսկապես իշխանության կողմից ընկալվեր գիտելիքի դերը, համաշխարհային մակարդակի գիտելիք կրող աշակերտի եւ ուսուցչի դերը, ապա նրանց ձեռքբերումները նույնպես կգնահատվեին արժանվույնս, ոչ թե կենաց-բաժակաճառերով։ Բոլոր իշխանական հեռուստաալիքներով (ի դեպ, մենք այլ տիպի հեռուստաալիք չունենք էլ) կարելի է տեսնել, թե ինչպես են գնահատվում համաշխարհային (նույնիսկ ոչ համաշխարհային) ձեռքբերումներ ունեցող մարզիկները, նրանց մարզիչները, թիմի ղեկավարները։ Ուրախությամբ լսեցինք Արոնյանի ձեռքբերումները ու նախագահի կողմից նրան բնակարանով պարգեւատրվելու մասին որոշումը (չնայած լավ կլիներ հստակ ասվեր, նախագահը իր գրպանի փողերո՞վ էր գնել բնակարանը, թե՝ պետական միջոցներով) եւ մտածում ենք, իսկ ո՞րն է համաշխարհայինի մեդալակիրների մեղքը՝ խաբեության արժանանալու համար։ Ո՞վ է այն մասնագետը, որը կկարողանա հաշվել, թե ինչքան պետք է սպասեն շնորհալի երեխաները՝ մինչեւ մեր իշխանությունները ընկալեն գիտելիքի, բարձրորակ կրթության ու գիտության դերը, հասկանան վերջապես, որ ավելի խորը դեպրեսիաներ ապրած Ճապոնիան ու անգամ կոմունիստական Չինաստանը ծաղկել են բարձրորակ կրթությունը եւ գիտությունը գնահատելու եւ ավելի զարգացնելու ճանապարհով, արժանվույնս գնահատելով այն մարդկանց, որոնք կրողն են եղել բարձրորակ կրթության եւ գիտության (անկեղծորեն խոստովանեմ, որ իմ միջավայրի մարդիկ գտնում են, որ նույն իշխանավորները, որոնք հասկացել են շախմատի ու ծանրամարտի դերը, նրանք էլ հասկանալու են նաեւ կրթության ու գիտության դերը, բայց, ցավոք, դա տեղի կունենա ընդամենը կես դար հետո)։ Իսկապես, 7 մեդալակիրներով հպարտացող վարչապետը, եթե բարձրարժեք գիտելիքն ու կրթությունը գնահատող լիներ, եւ այդ ամենը փուչ շոու չլիներ, ապա համաշխարհային մակարդակի աշակերտների եւ նրանց պատրաստող ուսուցիչների վաստակը կգնահատեր նվազագույնը կառավարության որոշման մակարդակի պարգեւատրումներով, որ չստացվեր ինչպես հիմա. արդյո՞ք «առատաձեռն ու մեծահոգի» կգտնվեն մեր բարձրաստիճան իշխանավորները՝ չխաբելու մեր մեդալակիրներին։ Շնորհալի երեխաներին խաբելուց հետո գիտելիքի ի՞նչ PR ակցիա է ուզում կազմակերպել նախարարը, որը չնմանի գիտելիքի եւ գիտելիք կրողի ձեռ-առնոցիի։ Նման խաբեությանը լիովին համահունչ են հետեւյալ PR-ները. Կեցցե գիտելիքը։ Փառք գիտելիք կրողին, նրանք մեր ազգի հույսն են ու ապագան։ Կեցցե նախագահի մրցանակին արժանացած այն աստղաֆիզիկոսը, որը իր հետ տարավ $500000՝ բարձրացնելով Հայաստանի, նրա գիտության ու կրթության համբավը աշխարհով մեկ։ Հայաստանը դարձնենք գիտելիքի համաշխարհային կենտրոն… Մենք ամենայն հավանականությամբ անցել ենք արդեն ՉԱԴ-ից, բայց մարդկությանն ու գիտությանը անհայտ պատճառներով ՉԱԴ-ի նախագահը այդպիսի մրցանակ չի սահմանել։ Ի դեպ, այդպիսի մրցանակ չի սահմանել նաեւ մեզնից ինտելեկտուալ պոտենցիալով հազարապատիկ հզոր Իսրայելի նախագահներից որեւիցե մեկը։ Դե, ինչպես ասում են… մերն ուրիշ է… Հետաքրքիր է, թե ի՞նչ կենաց-բաժակաճառեր են նախապատրաստում այս տարվա օգոստոսի 31-ի համար, առանց ամաչելու ոնց են նայելու երեխեքի աչքերին։ Կարծում եմ, որ եթե խնդիրը միայն անցյալ տարվա 7 շնորհալի երեխաներին վերաբերեր, ապա իշխանությունները կթքեին $7000-ի վրա, բայց նրանք վախենում են նման քայլի «վատ» հետեւանքներից։ Մեկ էլ հանկարծ ոգեւորվելով պարգեւներից՝ աշակերտները լուրջ վերաբերվեն համաշխարհային մակարդակի գիտելիքին ու 7 աշակերտը դառնա 17, 5 միջազգային կարգի մասնագետ-մանկավարժները՝ 15, 2-3 դպրոց օազիսները՝ 7,8 դպրոց։ Դե արեք ու ապագայում այսքանի հարցերը լուծեք (իսկ առաջիկա 7 տարին ցանկացած գնով իշխանությունը իրենցն է)։ Չէ, ճիշտ լուծումը հենց սա է` չարորակ սաղմերը պետք է տրորել հենց սկզբից, արտաքուստ գովում ես, փաստացի տրորում…

Հայաստանին բարձրորակ կրթություն եւ գիտություն միայն լոզունգներով են պետք, իշխանավորներին պետք է գաբոնների հասարակարգ… Իսկ 7 մեդալակիրներին եւ նրանց ծնողներին խորհուրդ կտայի լցվեն հանդուրժողականությամբ, չի բացառվում, որ իշխանությունները իրենց խոստումը կատարելու են, պարզապես սպասում են նոր սերնդի անհատական համակարգիչների. չէ՞ որ երեխաները համաշխարհային կարգի գիտելիք կրողներ են, իսկ բարձրակարգ գիտելիքը մեզ մոտ գերակա արժեք է… Բայց եւ երեխաները, եւ նրանց ծնողները պիտի որ հայաստանյան բարքերը արդեն հասկացած լինեն։ Իսկ թե ինչ է հետեւելու ինտելեկտուալների ու գիտելիքների նկատմամբ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, պատասխանեմ կարճ՝ մեծն Ռուզվելտի հանրահայտ խոսքով. «Այն ինտելեկտուալները, որոնք ուշադրության չեն արժանանա կամ կարհամարհվեն իրենց երկրներում, կհարստացնեն մեր երկիրը»։

Հ. Գ. Երբեւիցե որեւէ կուսակցության անդամ չեմ եղել եւ քաղաքականությամբ չեմ զբաղվել, բայց եթե ինձ առաջարկեին գնահատել իշխանություններին, ես այն կանեի հետեւյալ կերպ. ինտելեկտազուրկ, ինտելեկտասպան, սուտ, կեղծիք ու խաբեություն դավանող։ Հայկական հեռուստալուրեր լսելիս ինձ հաճախակի թվում է, թե ուր որ է՝ էկրանին կհայտնվի ինքը՝ անձամբ Լեոնիդ Իլյիչը։ Այն, ինչ հաղորդում են պաշտոնական հեռուստալուրերով, բացահայտ հակառակն է նրա, ինչ տեսնում ու լսում ենք ամեն օր իրականում (փուչ իշխանական շոու)։ Բարձրաստիճան իշխանավորները ոնց չեն հասկանում, որ 16-17 տարեկան երեխաներին, որոնց կապակցությամբ ծածանվել է Հայաստանի պետական դրոշը, խաբեություններով «կերակրելը» ամենածանրագույն հանցագործություններից է՝ երկրի ու պետության ապագային ուղղված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել