Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Է ԾԵԾՈՒՄ

Հունիս 10,2011 00:00

Մայիսի 28-ին «Խդրանցի վնասը՝ 100%» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մայիսի 22-ի ուժեղ կարկուտից տուժած Ուժանիս, Վահրավար, Սյունիք, Լեհվազ, Եղվարդ, Խդրանց գյուղերում վնասները միլիոններով են հաշվվում:

Սրանից երկու շաբաթ անց, կարկուտն ու առատ տեղումները շարունակում են վնասներ հասցնել Սյունիքի գյուղատնտեսությանը: Հունիսի 8-ին տեղացած ուժեղ կարկուտը բավականին վնասներ է հասցրել առանց այդ էլ տուժած գյուղերին: Սյունիքի մարզպետարանի գյուղբաժնում շարունակվում են համայնքներից ահազանգերը: Կապանի տարածաշրջանի Կաղնուտ գյուղում միայն երեկվա կարկուտից վնասվել է 40 հեկտար ցանքատարածություն, Գորիսի տարածաշրջանի Սվարանցում կարկտահարությունից տուժել է 5 հեկտար պտղատու այգի եւ 15 հեկտար բանջարաբոստանային կուլտուրաներ: Բռնակոթ գյուղում բերքի հույս չկա:

«Քանի որ Սիսիանի, Մեղրու, Գորիսի եւ Կապանի տարածաշրջանների համայնքների կողմից դեռ շարունակվում են ներկայացնել վնասների չափերը, ամսվա վերջին կամփոփենք մարզի գյուղատնտեսության հասցրած վնասները՝ գարնանացանին, աշնանացանին, պտղատու այգիներին, բանջարաբոստանային կուլտուրաներին եւ կներկայացնենք գյուղնախարարություն: Խդրանցում բերք չի լինելու, Եղվարդում, Ագարակում եւ Ուժանիսում՝ 50 տոկոսով, Նորաշենիկում՝ 60 տոկոսով, իսկ մնացած գյուղերն իրենց հունով գնում են», – «Առավոտին» տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հրայր Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել