Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎՈՒՄ Ա, ԱՍՏՎԱԾ ԵՆՔ ԿԱՆՉՈՒՄ»

Հունիս 10,2011 00:00

\"\"Մարզպետարանում դեռ տեղյակ չեն՝ կառավարությունը կօգնի՞ տուժած գյուղացիներին

Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնին կպած Զվարթնոց գյուղի բնակիչ, այգեգործ Նվարդ Ասատրյանն ամեն տարի իր պտղատու այգին թարմացնում է նոր տնկիներով՝ հուսալով, որ հերթական գարուն-ամառ-աշունը բարենպաստ կգտնվի գյուղատնտեսության համար: Նրա 1 հեկտար այգում՝ Արարատյան դաշտում աճող գրեթե բոլոր պտղատու ծառերը կան: Միայն թե դրանցից շատերն արդեն ամլացել են: Այգեպան կնոջ ասելով՝ ծառերը փչանում են գերխոնավության պատճառով. ծառերը անժամանակ տերեւաթափվում եւ երկու-երեք տարի հետո հրաժարվում են բերք տալ: Տարեց այգեպանը, թեեւ այգու համապատասխան խնամքն իրականացնում է, բայց՝ «Կան բաներ, որ չգիտեմ: Օրինակ, ո՞նց պայքարեմ գերխոնավացման դեմ, որ ծառերը չհիվանդանան»,- ասում է տիկին Նվարդը՝ չթաքցնելով մասնագիտական խորհրդատվության իր ունեցած պակասը: Ինչ իմացել է, որ գերխոնավության դեմ պարբերաբար չպատվաստելու դեպքում ծառերը չորանում են, անհանգստացել է: Նման բան թույլ տալ ինքը չի կարող, որովհետեւ ապրուստի այլ միջոց չունի:

Չհասունացած պտուղներն էլ գերխոնավության, կամ էլ կարկուտի հարվածներից արդեն որակազրկվել եւ շուկայի համար դարձել են ոչ պիտանի: «Գոհ կլինենք, եթե այդպես վնասված էլ հասունանան, բայց չեն հասցնի՝ ցոգոլ վիճակում կթափվեն»,- ասաց տարեց այգեպանը, որի ծիրանի եւ դեղձի ծառերի նոսր սաղարթների միջից հազիվ էին նշմարվում հատուկենտ խակ պտուղները:

Հողում եւ օդում նորմայից բարձր խոնավության, ինչպես նաեւ կարկտահարության պատճառով տուժել են նաեւ բանջարանոցները: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի տեղեկացմամբ՝ հատկապես կարկուտից ամենից շատ վնասը կրել են Գետաշեն, Ամասիա եւ Սարդարապատ համայնքների ցանքատարածությունները, որտեղ լոլիկի, տաքդեղի, բադրիջանի եւ վարունգի սածիլներն արդեն ամրացել էին հողին:

Սարդարապատ գյուղի բնակիչ Սիլվա Երոյանը կրկնակի ծախս է արել ու լոլիկի եւ բադրիջանի նոր սածիլներ գնել՝ 1,5 հեկտարանոց իր բանջարանոցի կարկտահարված սածիլները նորերով փոխարինելու համար: Ստիպված է երկրորդ անգամ վճարել նաեւ բանջարանոցում վարձակալությամբ աշխատողներին՝ նույն գործողությունը կրկնակի կատարելու համար. «Նորից եմ սածիլում, բայց ոչ մի երաշխիք չունեմ, որ նորից կարկուտ չի գա ու բոստանս չի վնասի: Ոչ մեկից ոչ մի սպասելիք չունեմ, ոչ էլ երբեւէ ունեցել եմ: Ամեն տարի մեր վիճակն էս ա. ծախսն անում ենք, տակ տալիս: Աչքներս երկնքից չենք կտրում: Լույսը բացվում ա, Աստված ենք կանչում, որ խնայի մեզ՝ գլխներիս կարկուտ չթափի»:

Կարկուտից տուժած մի քանի համայնքներում շրջելով եւ տեղում ծանոթանալով իրավիճակին, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գյուղացիներին հավաստիացրել է, որ երկրի ղեկավարն ու վարչապետն արդեն տեղյակ են խնդրին: Նաեւ հանձնարարել է համայնքների ղեկավարներին՝ հանձնաժողովներ ստեղծել, կարկուտի հասցրած վնասն ուսումնասիրել եւ արդյունքների մասին տեղեկացնել:

Մարզպետն ասել է, որ հանձնաժողովներից ստացած տվյալները կվերլուծվեն եւ գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափերը կներկայացվեն պետական մարմիններին: Ենթադրվում է, որ տվյալները վնասի փոխհատուցման նպատակով են տրամադրվելու կառավարությանը:

Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պատասխանատուից հետաքրքրվեցինք՝ կառավարությունն արդյոք փոխհատուցելո՞ւ է տնտեսություններին՝ հասցված վնասի դիմաց, ասաց՝ տեղյակ չէ:

Հ. Գ. Երկու օր առաջ Արմավիրի տարերքից տուժած գյուղերում են եղել մարզպետն ու գյուղնախարարը: Կա առաջարկություն առաջիկա մեկ ամսվա ընթացքում մրցույթ հայտարարել, եւ մարզի ողջ տարածքն ապահովել անհրաժեշտ քանակությամբ հակակարկտային կայաններով: Հնարավոր է, որ մեկ տարով սառեցվի կարկտահարությունից տուժած գյուղացիների վարկերի մարումը: Գյուղապետերը առաջարկում են գյուղացուն ֆինանսական աջակցություն ցուցաբերել եւ պետականորեն աջակցել վերացանքավորմանը:

ՀՀ կառավարությունը մոտ օրերս կպատասխանի գյուղացիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել