Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներմանը սպասելիս

Հունիս 10,2011 00:00

\"\"Երկու ամիս է, ինչ կանանց գաղութում եմ: Չէ, պետք չէ խղճալ կամ էլ վատ տրամադրվել: Աշխարհում ամեն ինչ հնարավոր է: Հավատացեք, որ այստեղ էլ կանայք նույնքան հետաքրքիր եւ շաղակրատ են (այս դեպքում՝ նույնքան շատախոս), քանզի ուրիշ անելիք չկա:

Այստեղ արդեն գործերից խոսել այնքան էլ չեն սիրում: Ընտանիք ու երեխաներ. սրանք են հույժ կարեւորները: Հիմա սրանց շարքում է «համաներումը»:

Այո, այո: Այժմ դժվար է ասել՝ ընտանիք-համաներո՞ւմ, թե՞ համաներում-ընտանիք: Այն անցնում է շուրթից շուրթ, մտնում մարդկանց գլուխն ու սիրտը, իսկ թե ինչու, առայժմ այնքան էլ լավ չեմ հասկանում: Մտածում եմ, որ եթե ամենուր է, ապա ինձ էլ կայցելի: Չէ որ ես էլ առանձնապես չեմ տարբերվում մյուսներից: Սրտատրոփ սպասում եմ. հա, քիչ մնաց, ուր որ է կգա, մարդիկ տարիներով սպասել են, ու ես էլ անպայման կտեսնեմ նրան՝ թեկուզ աչքի պոչով, գոնե մի ակնթարթ, միայն տեսնեմ ու վերջ…

Համակ աչք ու ականջ դարձած սպասում եմ: Պետք է գա ու չի գալիս: Գիշեր ու զօր կոկիկ հագնված ու հարդարված սպասում եմ եւ այդպես նույնիսկ անկողին եմ մտնում:

Այդտեղ էլ եմ նրան սպասում ու մի րոպե չեմ քնում:

Չէ՞ որ կարող է գալ ու…… ինձ հանկարծ քնած գտնի:

Լուսադեմին, երբ արեւի չդատապարտված շողերն առանց իրավունքի եւ թույլտվության հայտնվում են 170 քմ ննջարանի 120 դատապարտյալների անկողիններին ու սկսում է ցրվել խավարը, ննջարանը լցվում է հույսով, լույսով, թվում է՝ նրանք մենակ չեն: Դա, իհարկե, քիչ չէր, նորին մեծություն համաներմանը չճանաչելու համար:

Համաներումը եկավ ու սկսեց «ընտրել» կանանց: Քըստ, քըստ, քըստ…

Վախից ու անսպասելիությունից թաքնվում եմ: Սպասում եմ շունչս կտրած: Չկա ու չկա: Ատամներս կափկափում են, սիրտս ու միտքս՝ դողում: Պետք է համբերել: Ինչ՝ ինչ, ես համբերել գիտեմ, ես ուժեղ եմ, դիմացկուն եմ:

Միջանցքից ոտնաձայներ են գալիս: Նրանք այնքան մոտ են: Վերջապես եկավ իմ հետեւից: Բետոնե հատակն անմիջապես տաքացավ, սիրտս հալվեց, թեթեւացավ, ինչպես փոքր ժամանակ, որ երբ ինձ նեղացնում էին, նստում էի դռան տակ ու սպասում մորս գալուն:

Գալիս էր, գրկում, սկսում էի հեկեկալ, նա էլ համբույրներով սրբում էր արցունքներս: Մայրս, մայրս… նա, ավաղ, չկա: Չէ՝ կա, միայն՝ իմ սրտում:

Ես վաղուց արդեն որբ եմ ու նաեւ դատապարտյալ:

Ես սպասում եմ համաներմանն ու արտասվում երեխայի պես:

Սպասում եմ ու մտածում. «Իսկ եթե գա ու ինձ չփնտրի կամ էլ փնտրի ու չգտնի: Լավ է թաքստոցից դուրս գամ»:

Դուրս եկա: Ոչ ոք չկար:

Գուցե արդեն գնացել է: Գնաց առանց ինձ տեսնելո՞ւ: Հսկիչ-զինվորականը հարցական ու խիստ ինձ է նայում: Խեղճ-խեղճ մի կողմ եմ քաշվում, ու էլի սպասում: Ինչ-որ մեկը սեղմում է զանգի կոճակը; Հսկիչից էլ առաջ եկավ: Ես դռների մոտ եմ…

13 օր առաջ էր: Զրընգ: Թռչնի թեւով դարպասի մոտ եմ: Բացեցին: Իհարկե, նա է: Առաջ նետվեցի, պինդ-պինդ գրկեցի ու սկսեցի համբուրել հագուստը, դեմքը, արտասվախառն, հեկեկալով…

Բայց նա չէր: Այդպես էլ գիտեի: Լավ բան չստացվեց: Սկսեցի գիտակցել պատժախցում: Մեղադրվում էի վարչության աշխատակցին ահաբեկելու մեջ, այն էլ այս օրերին, երբ նրանց կադրերի հոսունության պատճառով աշխատակիցները լուրջ խնդիրների առաջ են կանգնել:

Այդ պահին դժվար էր հասկանալ, ում էի սպասում, չէին հասկանա, որ դռան մոտ կանգնած համաներմանն էի սպասում: Պատժախցում էլ ինձ համաներումը այցի չեկավ: Գուցե եկել է ու բոլորին տարե՞լ: Ազատել է բոլորին ու միայն ինձ է թողել: Շնչակտուր վազեցի ճաշարան: 135-ն էլ մի մարդու պես ճաշում էին՝ գլխիկոր ու տխուր: Չէ, դեռ չի եկել: Վազեցի բուժկետ: Գուցե այնտեղից է սկսել. պետք է ստուգել: Երկու կիսամեռ հիվանդ դեռ շնչում էին ու «լսում» բժշկի ցուցումները: Փշալարերի հետեւում իմ նման հազարները դեռ սպասում էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել