Անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում (քննիչ Լ.Հարությունյան) հարուցվել է քրեական գործ:
Երեւանի Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ տան դիմաց՝ 4-րդ տան բնակիչ Նշան Քեշիշյանի կրծքավանդակին «չպարզված կտրող-ծակող գործիքով» հարվածել էին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Ըստ քննիչի, նախաքննության ժամանակ պարզվել էր, որ կենցաղային հարցերով Նշանի հետ վեճի էին բռնվել հարեւանները՝ երկու եղբայրներ՝ Իլյիչն ու Սամվելը: Վեճն ավարտվել էր ծեծկռտուքով, խառնվել են կողմերի ընտանիքի անդամները:
Սամվել Գեւորգյանը ստացել էր մարմնական վնասվածքներ՝ գլխին, կրծքավանդակին, ընդ որում՝ սալջարդի տեսքով, ըստ փորձագետի 1480/հ եզրակացության: Նրա համար նշվել էր, որ ստացել է առողջության կարճատեւ քայքայումով վնասվածքներ: Սամվելի որդին՝ Լյուդվիգն էլ ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, որոնք, ըստ փորձագետի, հասցվել են բութ, կոշտ առարկաներով: Նա գլխուղեղի ցնցում էր տարել: Գեւորգյաններից անմասն չէր մնացել նաեւ քույրը՝ Ֆենիկը, որի մոտ գանգուղեղային փակ վնասվածք էր ախտորոշվել, արյունազեղումներ մարմնի տարբեր հատվածներում, դարձյալ առողջության կարճատեւ քայքայումով:
Լյուդվիգի դստեր՝ Լուսինեի աջ եւ ձախ դաստակներն էին վնասված, որովայնի հյուսվածքները, մարմնին առկա էին սալջարդ վերքեր, վնասված էին զույգ ծնկային հոդերը…
Քեշիշյանի որդին՝ Տիգրանը, ըստ փորձագետի, նույնպես անմասն չէր մնացել կռվից ու նրա վնասվածքները հասցվել էին կոշտ, բութ առարկայի միջոցով:
Միջհարեւանական վեճի հետ կապված քննիչը գտել էր, որ Նշան Քեշիշյանի կողմից Իլյիչի նկատմամբ անհրաժեշտ պաշտպանություն է գործադրվել «իր կյանքը վտանգավոր ոտնձգությունից ու ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանվելիս ու թույլ չի տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»: Նշանը պնդել էր, որ Իլյիչը դանակով հետեւից հարվածել է, ինքն էլ պտտվել է եւ նկատել, որ Իլյիչը դանակով գալիս է իր վրա: Նրան հրել է, վերջինս ընկել է գետնին: Նշանի նկատմամբ գործը կարճվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Ս. Գեւորգյանի եւ Տիգրան Քեշիշյանի նկատմամբ էլ քրեական հետապնդում չի իրականացվում, քանի որ առաջին անգամ էին նման իրավիճակում հայտնվել, ներկայացել էին նախաքննության կանչով, դրական էին բնութագրվել, երկուստեք պահանջներ չէին ներկայացրել, «գործուն զղջացել էին»:
Ս. Գեւորգյանը գտնում է, որ ինքը տուժող է եղել, մինչդեռ, գործի նախաքննության սկսելուն պես իրեն ներգրավել են որպես մեղադրյալ:
Ն. Քեշիշյանի հետ կապված էլ Ս.Գեւորգյանը կարծում է, որ նրա գործողություններն իրավաչափ չեն եղել, որ նա է եղել վիճաբանությունը սկսողը: «Կարծում եմ, անձի հակաիրավական վարքագիծը չի կարող իր համար ստեղծել անհրաժեշտ պաշտպանության իրավունք»,- ասում է Ս. Գեւորգյանը:
Քեշիշյանի ազգական-կանայք վկայություն էին տվել, թե Ս. Գեւորգյանի որդին՝ Լյուդվիգը բռունցքներով հարվածել է Ն. Քեշիշյանին:
Լյուդվիգը ոստիկան է եւ այդ պատճառով նրա մասով վարույթն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը: ՀՔԾ-ում առերեսման ժամանակ պարզվել է, որ վկա կանայք սուտ ցուցմունք են տվել:
Ս. Գեւորգյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով վերացնել քննիչի այդ որոշումը, սկսել նոր նախաքննություն:
Այս տարվա մայիսի 12-ին Երեւան քաղաքի դատախազ Հ. Բադալյանը կայացնում է որոշում՝ «տուժողի բողոքը մերժելու մասին»:
Ըստ Երեւանի դատախազի, գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվել էր, որ «Նշան Քեշիշյանը նախահարձակ չի եղել, որեւէ մեկը չի գործել խուլիգանական դրդումներով, վնաս է պատճառել անհրաժեշտ պաշտպանության սահմաններում»:
Ս. Գեւորգյանը դիմում է նաեւ ՀՀ նախագահին, գրելով, որ ինքն ընդհանրապես չի շփվել իր հարեւանների հետ եւ, քննիչի բնորոշմամբ, իրենց միջեւ «չի եղել կենցաղային վեճ»:
Սակայն պատասխանել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը: Դիմել է նաեւ ՀՀ ոստիկանապետին:
Այս պահին 75-ամյա թոշակառու Իլյիչի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն է ընթանում: Նրա գործով ներգրավված չեն Գեւորգյաններից եւ ոչ մեկը, ոչ որպես տուժող, ոչ անգամ՝ վկա:
«Քննիչը երկու բառով ինձ ծանոթացրել է դատաբժշկի եզրակացությանը, թույլ չտալով ամբողջությամբ ծանոթանալ, որ ես ստացել եմ թեթեւ մարմնական վնասվածք: Նա պահանջել է, որ ես գրեմ, թե ծանոթացել եմ եզրակացությանը, այն դեպքում, երբ գնալով վատանում է առողջությունս, ունեմ գլխապտույտ, վատացել է տեսողությունս ու լսողությունս, իսկ ողնաշարումս մշտական ցավեր են առաջացել»,- շարունակում է Ս. Գեւորգյանը: