Լրահոս
Օրվա լրահոսը

Նորածնային մահացությունը 15%-ով կրճատվել է

Հունիս 10,2011 00:00

Որ այսպես շարունակվի, մեր երկիրը կհասնի  զարգացած երկրների մակարդակին

\"\"«Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Հայաստանում նորածինների մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ եւ Միացյալ Թագավորությունը: Այդուհանդերձ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, համապատասխան սարքավորումների, ինչպես նաեւ մասնագիտական շարունակական կրթության եւ պատշաճ գիտելիքների առկայության պարագայում կարելի է կանխել մահվան դեպքերի զգալի մասը: Գիտակցելով, որ այս հարցում պարզապես \"\"դիտորդի դերում մնալ հնարավոր չէ եւ անհրաժեշտ են հստակ քայլեր, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը աջակցել է «BirthLink» հ/կ նախաձեռնությանը: Ուրախ ենք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «BirthLink» հ/կ-ի միջեւ համագործակցության շոշափելի արդյունքների ականատեսը լինելու համար: Ուրախ ենք նաեւ, որ այս հսկայական սոցիալական ներդրումն արդարացրեց իրեն: Սա մեր երկրի ապագայի մեջ կատարված եւս մեկ ներդրում է, ինչը, մեր համոզմամբ, բիզնեսի կարեւորագույն առաքելությունն է»,- երեկ «BirthLink» հ/կ-ի հետ համատեղ նեոնատալ խնամքի ապահովմանն ուղղված նախագծի իրականացմանը նվիրված համաժողովի ժամանակ նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«BirthLink» հ/կ տնօրեն Քեթի Մելլորը եւ Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը ներկայացրել են առ այսօր իրականացված ծրագրերը եւ ամփոփել նախագծի առաջին երեք տարիների ձեռքբերումները: Հայտնի մասնագետներ Պավել Մազմանյանը եւ Արշակ Ջերջերյանն անդրադարձել են հիվանդ նորածինների խնամքի տարբեր խնդիրներին վերաբերող թեմաների: Նշենք, որ 2008-ին, 2009-ին եւ 2010-ին Երեւանի 11 ծննդատներ եւ հիվանդանոցների ծննդատնային բաժանմունքներ, ինչպես նաեւ մարզային 7 բաժանմունք համալրվել են 359 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորումներով: Ծրագրերն իրականացրել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ «BirthLink» հ/կ-ն: Համաժողովին մասնակցել են Հայաստանի տարբեր շրջանները ներկայացնող, ծրագրում ներգրավված եւ մասնագիտական վերապատրաստում անցած բժիշկները եւ քույրական անձնակազմը: Ըստ համաժողովի մասնակիցների, դեռեւս վաղ է ընթացիկ ծրագրի երկարաժամկետ արդյունքների մասին խոսելը: Նախնական արդյունքները, սակայն, հուսադրող են. միայն Երեւան քաղաքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «BirthLink» հ/կ-ի կողմից իրականացվող ծրագրի մեջ ընդգրկված բուժհաստատությունների կտրվածքով վերջին 3 տարիների ընթացքում արձանագրվել է նորածնային մահացության ցուցանիշի կրճատում՝ մոտ 15 տոկոսով: Զուգահեռաբար, 17%-ով ավելացել է բուժհաստատությունների՝ հիվանդների սպասարկման հզորությունը (ելնելով Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկայի տվյալներից): Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ այս ծրագրի շնորհիվ բարելավվել է ավելի քան 1000 նորածնի առողջական վիճակը: Այս ընթացքում հիվանդանոցները եւ համապատասխան բաժանմունքները համալրվել են մի շարք կարեւոր սարքավորումներով: Առաջին անգամ Հայաստանում կիրառվեց քթային ռեսպիրատոր (Nasal CPAP): Նաեւ ներկայացվեց Հայաստանի բոլոր նորածնային բաժանմունքներում ներդրվող ուղեղի գերձայնային հետազոտման սարքը: Այս սարքավորումը նախատեսված է վատառողջ եւ թերքաշ ծնված երեխաների համար, ինչը թույլ կտա, նախքան Երեւան կամ մարզային կենտրոններ տեղափոխելը, ցուցաբերել անհապաղ օգնություն: Սարքավորումներով բաժանմունքների համալրումը թույլ կտա լուծել նորածինների անհրաժեշտ տեղափոխման հարցը: Բացի այդ, Միացյալ Թագավորությունից ժամանած կամավոր մասնագետները իրենց հայաստանցի գործընկերների համար կանցկացնեն համապատասխան դասընթացներ: 2011-ին կիրականացվի նախագծի 2-րդ փուլը: Այս անգամ ուշադրության կենտրոնում կլինեն մարզային հիվանդանոցներն ու բաժանմունքները, ուր էլ, դրանց համապատասխան սարքավորումներով հագեցած լինելու պարագայում, շարունակական խնամք ստանալու նպատակով կտեղափոխվեն բարդություններով ծնված մանուկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել