Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՈՉ ՈՔԻ ՉԵՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Հունիս 10,2011 00:00

\"\"Վստահեցնում է «Ռանդեվուի» տնօրինությունը

«Առավոտի» հունիսի 4-ի համարում տպագրված «Դիվադարար ու կաթվածահար են անում» նյութում անդրադարձել էինք Կորյունի 5 հասցեում գտնվող «Ռանդեվու» կարաոկե-ակումբի գործունեությանը: Հրապարակման մեջ մասնավորապես նշել էինք, որ նույն շենքի բնակիչ Քաջազուն Պետրոսյանը բողոքում է կարաոկե-ակումբից պարբերաբար լսվող երաժշտության բարձր ձայնից, որը խանգարում է իր եւ հարեւանների հանգիստը: Բնակիչը մեր խմբագրություն որոշ փաստաթղթեր էր ներկայացրել, որոնք հաստատում էին, որ ակումբում, իր բողոքի հիման վրա, ստուգումներ է իրականացրել Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը:

Ըստ այդ փաստաթղթերի, տեսչությունը որոշել է, որ երաժշտությունը գերազանցում է սահմանված նորմը եւ առաջարկել է ակումբի տնօրինությանը ձայնամեկուսացման աշխատանքներ իրականացնել: Բացի այդ, մեր ձեռքի տակ կային նաեւ այնպիսի փաստաթղթեր, ըստ որոնց, ակումբի տնօրինությունը կատարել է տեսչության պահանջը, սակայն Ք. Պետրոսյանը պնդում էր, որ այդ գործողություններից հետո էլ կրկին երաժշտության ձայնը խանգարում է: Օրերս արձագանքելով այս հրապարակմանը, «Ռանդեվու» կարաոկե-ակումբի տնօրինությունն էլ ներկայացրեց իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը, ըստ որոնց՝ ձայնամեկուսացման աշխատանքներից հետո, հատուկ սարք է տեղադրվել իրենց մոտ, որը սահմանափակում է երաժշտության ձայնը, եւ եթե իրենք շատ ուզենան էլ՝ չեն կարող երաժշտության ձայնը գերազանցել:

Ինչ վերաբերում է Ք. Պետրոսյանի ներկայացրած այն փաստին, որ այս տարի տեսչությունը կրկին ստուգումներ է իրականացրել եւ կրկին խախտումներ հայտնաբերել, ապա ակումբի տնօրինությունն այս առնչությամբ հայտնեց, որ իրենք չհամաձայնելով տեսչության որոշման հետ, դիմել են դատարան եւ ներկայումս գործը քննության փուլում է: Ք. Պետրոսյանի այն վստահեցումներին, թե ակումբի տնօրինությունը ամեն կերպ փորձում է այնպես անել, որ ինքը ճարահատյալ բնակարանը վաճառի, ընդ որում՝ «ջրի գնով», որպեսզի հենց ակումբի տնօրինությունն էլ գնի, «Ռանդեվուի» պատասխանատուները հայտնեցին, որ իրենք շենքի որեւէ բնակարանի վրա աչք չունեն: Այդ առնչությամբ նրանք ներկայացրին շենքի մի շարք բնակիչների ստորագրությունները, որով վստահեցնում են, որ կարաոկեի երաժշտության ձայնը իրենց չի խանգարում. «Քաջազուն Պետրոսյանը տարբեր ատյաններ բողոքելով՝ փորձում է ակումբի հեղինակությունը վնասել: Եթե մենք խախտումներով աշխատեինք, տարբեր տեղերից եկել են եւ ստուգել, մի խախտում կհայտնաբերեին եւ այսօր չէր գործի ակումբը: Քաջազուն Պետրոսյանը մեզ առաջարկում է իր բնակարանը 600 հազար դոլարով գնել, ասում է այդքան եմ գնահատում իմ բնակարանը: Փաստորեն, այդ բնակիչը այս խնդիրը շահարկում է, որպեսզի մենք ստիպված լինենք նրա բնակարանը գնել: Պարբերաբար ոստիկանություն է կանչում, գալիս են, բայց ոչ մի անօրինություն չեն հայտնաբերում: Ես շատ բարեխիղճ եմ աշխատում, հարկ եմ վճարում, մեկ տասնյակից ավելի աշխատողներ կան ակումբում, մարդիկ ընտանիք են պահում, իսկ ինքը իր բնակարանը վաճառելու համար փորձում է հացից կտրել ակումբի աշխատակիցներին»: Բնակիչը նաեւ վստահեցրել էր, որ գրեթե 3 տարի է, կարաոկեից լսվող աղմուկն իրեն հանգիստ չի տալիս, սակայն ակումբի տնօրենն ի պատասխան ասաց, որ Քաջազուն Պետրոսյանը այդ հասցեում բնակվում է 2009 թվականի սեպտեմբերից եւ իր բողոքների օրվանից հաշված՝ այս խնդիրն ընդամենը 1 տարի 7 ամիս գոյություն ունի. «Մեր ակումբը 2003 թվականից է գործում, եւ մինչ այդ բնակչի գալը՝ ոչ մի անգամ բողոք կամ դժգոհություն չի եղել հարեւանների կողմից»: Իսկ Ք. Պետրոսյանի այն պնդումներին, թե շենքի բնակիչները տները վաճառում են ու գնում, ակումբի տնօրինությունը հավաստիացնում է, որ վերջին 7 տարվա ընթացքում այդ շենքում իրենից բացի ոչ ոք բնակարան չի գնել կամ վաճառել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել