Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն հորդ անձրեւից հետո փողոցներում գետեր են

Հունիս 10,2011 00:00

Քաղաքապետը հանձնարարել է հարցին արմատական լուծում տալ. մոտ օրերս կներկայացվեն լուծման հնարավոր տարբերակները:

Արդեն մի քանի տարի է, որ Երեւանի մի շարք փողոցներում ամեն հորդառատ անձրեւից հետո հսկայական գետեր են առաջանում: Հորդ անձրեւների ժամանակ հատկապես անմխիթար վիճակ է տիրում Լենինգրադյան, Կոմիտասի, Մաշտոցի, Դավիթ Անհաղթի, Մյասնիկյան փողոցներում, Կարեն Դեմիրճյանի անվան այգում ու մետրոյի «Գործարանային» կայարանին հարակից տարածքներում, որտեղ անձրեւաջրերը բարձրանում են մինչեւ կես մետր եւ անձրեւի կտրվելուց հետո էլ երկար ժամանակ պահպանում մակարդակը: Այս վիճակում գտնվող փողոցները շարունակաբար ավելանում են, այսօր դրանց են ավելացել նաեւ Նոր Նորք վարչական շրջանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարեւանությամբ գտնվող կենտրոնական փողոցը, Աբովյան պուրակի վերեւի մասի մեքենաների համար նախատեսված ստորգետնյա անցումը, որտեղ նախօրեին լցված ջուրը հեռացնելու համար ժամեր պահանջվեցին: Ամեն ուժեղ անձրեւից հետո այս փողոցներով անցնող մեքենաները ջրից հանելու համար անհրաժեշտ է լինում կողմնակի օգնություն: Նախօրեին բեռնատարները ճոպանի օգնությամբ էին ջրից դուրս բերում մարդատար մեքենաները, իսկ հետիոտնը պարզապես բոբիկ էր անցնում մայթից մայթ:

Երեկ Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որ նախօրեին տեղացած հորդառատ անձրեւի ու կարկուտի հետեւանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում երթեւեկությունը դարձել էր դժվարանցանելի. «Նման իրավիճակ էր մասնավորապես Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող գետնանցումում, ինչպես նաեւ Հերացու ու Չարենցի փողոցների հատման մասում: Ջրակուտակումների հիմնական պատճառն այստեղ կարկուտի հետեւանքով պոկոտված կանաչ զանգվածն է եղել, որը խոչընդոտել է հեղեղատարների աշխատանքին, որոնք նախօրեին մաքրվել ու բերվել էին աշխատանքային վիճակի: 2 ժամվա ընթացքում առաջացած խցանումները չեզոքացվել էին»:

Փողոցների ջրահեռացման համակարգերի հետ կապված իրավիճակի համար պատասխանատուներն են Երեւանի քաղաքապետարանը ու «Երեւան ջուր» ընկերությունը: Այս 2 կառույցներն իրենք իրենց մեջ են քննարկում եւ որոշում, թե որ փողոցների ջրահեռացման համակարգերն են վերանորոգելու: «Երեւան ջուրն» ամեն տարի հայտարարում է, թե հսկայական գումարներ է ծախսել ու խնդրահարույց փողոցներում անձրեւատարները մաքրել է, վերանորոգել եւ խոստանում է, որ այլեւս այդ փողոցներում նման իրավիճակներ չեն ստեղծվելու, սակայն ամեն տարի անձրեւների ժամանակ նույն փողոցներում նույն խնդիրներն են առաջանում: Սա վկայում է այն մասին, որ «Երեւան ջուրն» իր պարտավորությունները հավուր պատշաճի չի իրականացնում: Ուշագրավ է, որ ընկերությունը հայտարարում է, թե նորոգման աշխատանքներ է կատարել հենց խնդրահարույց փողոցների ջրահեռացման համակարգերում՝ Բաշինջաղյան, Օրբելու, Լենինգրադյան, Սեբաստիայի, Մյասնիկյան փողոցներում:

Երեւանի քաղաքապետարանի պատասխանատվության տակ գտնվող փողոցներում էլ նույն վիճակն է, սակայն ի տարբերություն «Երեւան ջրի»՝ քաղաքապետարանից չիրականացված ծրագրերի մասին բարձրագոչ ելույթներ չեն հնչում:

Երեկ Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից հետաքրքրվեցինք, թե ընդհանուր առմամբ այս խնդիրը լուծելու համար ի՞նչ աշխատանքներ են արվել եւ ինչքա՞ն են դեռ նախատեսված, որին նրանք պատասխանեցին. «Ընդհանրապես մայրաքաղաքի ջրահեռացման եւ հեղեղատարների համակարգերը տարիների վաղեմություն ունեցող լուրջ թերություններ ունեն: Դրանք «Երեւան ջուր» ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից սպասարկվում եւ շահագործվում են ոչ լիարժեք: Վերջին տարիներին թերություններ ի հայտ եկան խոշոր կամրջային, ստորգետնյա եւ հանգուցային անցումների կառուցման ժամանակ, երբ հիմնականում անգամ նոր ստեղծված հեղեղատարները միացվեցին հին համակարգին: Արդյունքում թողունակության ծավալներն ավելի նվազեցին: Խնդիր է նաեւ ժամանակին արած ասֆալտբետոնե ծածկույթի թեքության եւ անձրեւընդունիչների մակարդակների անհամապատասխանությունը: Շատ տեղերում կոյուղին հաճախ նաեւ հեղեղատարի դեր է կատարում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում հատկապես առատ տեղումների ժամանակ, երբ ուժեղ ճնշման հետեւանքով դիտահորերի կափարիչներից ջրերն ուղղակիորեն փողոցներ են հոսում` զգալիորեն խոչընդոտելով երթեւեկությանը: Այս առումով խնդրահարույց են Լենինգրադյան եւ Հալաբյան փողոցները: Լենինգրադյան փողոցում քաղաքաշինության ծավալները խորհրդային տարիների համեմատ կտրուկ ավելացել են, իսկ ջրահեռացման համակարգերը մինչեւ 2010 թվականը նույնն էին մնացել: Անցյալ տարի կառուցված ջրահեռացման լրացուցիչ համակարգը մինչեւ տարեվերջ կարդիականացվի ու բազմաճյուղ նոր լուծումներ կստանա: Կավելացվի նաեւ Հալաբյան փողոցի ջրահեռացման համակարգի թողունակությունը: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ «Երեւան ջուրը» սկսել է գույքագրման աշխատանքները: Գույքագրվել են մայրաքաղաքի բոլոր խնդրահարույց հատվածները, ներկայում ուսումնասիրվում է այդ հատվածներում ջրահեռացման համակարգերի տեխնիկական վիճակը: Առաջիկա 2-3 օրերին կներկայացվեն լուծման հնարավոր տարբերակները: Երեւանի քաղաքապետի հանձնարարականը հստակ է. անկախ աշխատանքի ահռելի ծավալներից՝ հարցին արմատական լուծում տալ»:

Պետք է նշել, որ նմանօրինակ փողոցներից ամենավատ վիճակում իսկապես Լենինգրադյանն է: Ամեն անձրեւից մի քանի րոպե անց այս փողոցը վերածվում է հորդառատ գետի, եւ ժամեր շարունակ՝ մինչեւ անձրեւի դադարելը, խցանումների պատճառ դառնում եւ Լենինգրադյան, եւ հարակից փողոցների համար: Մյասնիկյան փողոցի անձրեւատարների վատ աշխատանքի պատճառն էլ ջրատարի հաճախակի խցանումն է. այս հատվածում անձրեւաջրերի հետ մեծ քանակությամբ բերվածքներ են թափվում անձրեւատարների մեջ՝ տոպրակներ, թղթեր, տիղմ, ավազ, հող:

Մենք այս առնչությամբ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ «Երեւան ջուր» ընկերությունից՝ տեղեկանալու, թե այս փողոցների անձրեւատարների լիովին վերականգնման համար դեռ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, ե՞րբ եւ ինչպիսի՞ աշխատանքներ են նախատեսված այս խնդրին արմատական լուծում տալու համար: Ընկերությունից ասեցին, որ մեր հարցերին կպատասխանեն, սակայն ավելի ուշ հարցերը պահանջեցին գրավոր եւ մինչեւ օրվա վերջ չպատասխանեցին: Նշենք, որ ավելի վաղ ընկերությունից «Առավոտին» հայտնել էին, որ, ըստ պայմանագրի, իրենք պարտավորություն չունեն ջրահեռացման համակարգերը հիմնանորոգելու, եւ իրենց հաշվեկշռում գտնվող անձրեւատար համակարգի երկարությունը կազմում է ընդամենը 237 կմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել