Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԱԿԱՆ ԼՈԼԻԿԻ ՈՐԱԿԸ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՉԷ

Հունիս 10,2011 00:00

Հրաչ Բերբերյանը խորհուրդ է տալիս նախ տեղական  ցածրորակ արտադրանքի դեմ պայքարել

\"\"«Թուրքական լոլիկի ներկրման ծավալները կրճատելու մասին կառավարության որոշումը տեղական լոլիկի գների բարձրացման պատճառ կդառնա»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում էր Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խորհուրդ տալով չպայքարել նիտրատներ պարունակող թուրքական լոլիկի դեմ եւ չմոռանալ. «Մեր տեղական լոլիկն էլ է քիմիական բաղադրիչներ պարունակում ու ցածրորակ է: Ավելի լավ կլինի, որ ջերմոց ունեցող մեր ընկերները մշակեն այնպիսի կուլտուրաներ, որ մեր շուկայում դեռ չկա: Խոսքը վերաբերում է մասնավորապես պղպեղին, բադրիջանին»:

Ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանի հաշվարկներով՝ տեղական լոլիկը մեծ պահանջարկ է վայելում հատկապես ռուսական շուկայում: Տարեկան 1200 տոննա ջերմատնային լոլիկ է արտահանվում. «Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ ավելացել են ջերմատնային տնտեսությունների տարածքները՝ 39 հեկտարի փոխարեն այսօր ունենք 120 հեկտար ջերմոցային տնտեսություն»: Իսկ Հ. Բերբերյանն ասում է. «Ո՜ւր ենք, որ հասնենք խորհրդային տարիների ցուցանիշին»:

Ջերմատնային ասոցիացիան ուսումնասիրել է նաեւ ծաղկաբուծության ճյուղը: «Նույնիսկ Հոլանդիան, որ ծաղիկ արտադրող երկիր է, հետաքրքրված է հայկական մեխակներով»,- կրկին վստահեցնում է ասոցիացիայի նախագահը: Չնայած մեծ հետաքրքրությանը, հայկական ոչ մի մեխակ Հոլանդիա դեռ չի հասել: «Ասում են՝ գոնե 10 հեկտար ջերմատուն պետք է ունենաք, որ հետներդ պայմանագիր կնքենք, բայց չունենք ու չենք կարողանում արտահանել»,- բացատրում է պարոն Գեւորգյանը:

Չնայած բարենպաստ բնակլիմայական պայմաններին, որոնք, պարոն Գեւորգյանի խոսքով, նպաստում են ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, էապես խոչընդոտում է հարկային քաղաքականությունը: «Տնկիները, սածիլները, տարբեր տեխնոլոգիաները, ոռոգման համակարգերը հարկվում են մաքսատուրքով ու ավելացված արժեքի հարկով: Այս անհրաժեշտ նյութերը ներկրելու համար ֆերմերները ստիպված են 32% գումար թողնել սահմանին: Թողնենք նախ գյուղացին զարգանա, հետո նոր մտածենք գյուղատնտեսության զարգացման մասին»,- իր հերթին խորհուրդ է տալիս «Բիզնես» աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը: Նրա խոսքով, ջերմատնային տնտեսություններում ներդրումներ անելու ցանկությամբ մի խումբ արտասահմանցի ներդրողներ են հիասթափված հեռացել, երբ հարկային կանոններին են ծանոթացել. «Եթե ցանկանում են ոլորտը մրցունակ դարձնել, ապա ներկրվող նյութերը պետք է ազատեն գոնե ավելացված արժեքի հարկից: Եթե հիմա այս տնտեսություններին չնեղեն բարձր հարկերով, երեք տարի հետո կունենանք զարգացած ջերմոցային տնտեսություններ»: Ս. Գեւորգյանի խոսքով, ոլորտի զարգացման խոչընդոտող մյուս խնդիրն էլ վարկային ռեսուրսների բացակայությունն է. «Բանկերն ու վարկային կազմակերպությունները ջերմատնային կոնստրուկցիան գրավի առարկա չեն դիտարկում, եւ ֆերմերը տնտեսության զարգացման համար չի կարողանում ձեռք բերել անհրաժեշտ միջոցները»: Ֆերմերների գործն էլ ավելի կբարդանա, եթե կառավարությունը հաստատի ջերմոցների՝ գյուղատնտեսական նշանակության հողերը արդյունաբերական նշանակության դարձնելու մասին ծրագիրը. «Հողը միանգամից այլ հարկման դաշտ կմտնի: Հիմա այս խնդրի դեմ ենք պայքարում»: Եթե, Հ. Բերբերյանի համոզմամբ, գազի սակագների վերջին բարձրացումը վերջ դրեց տեղական արտադրողի գերշահույթ ստանալու հնարավորությանը, ապա Ջերմատնային ասոցիացիայի նախագահը պնդում է. «ՀայՌուսգազարդը մեր մի քանի ջերմատներին բանկրոտի հասցրեց: Մի քանի միլիոն դրամի պատճառով գազը կտրեցին, արտադրանքը ցրտահարվեց, մեծ կորուստներ ունեցանք»: Ֆերմերների սնանկացումը կանխելու միակ լուծումը, ըստ «Բիզնես» աջակցման կենտրոնի տնօրենի, վճարումների դիվերսիֆիկացումն է. «Ձմռան ամիսներին ավելի քիչ պետք է վճարեն, ամռանը՝ ավելի շատ: Սա կխթանի, որ ֆերմերներն իրենց դրամական հոսքերը կառավարեն»: Ջերմատնային ասոցիացիան դեռ երկու տարի առաջ է ուսումնասիրել ու կառավարությանը ներկայացրել, թե ինչ զարգացման հնարավորություններ, խնդիրներ ու շուկաներ կան ծաղկաբուծության եւ ընդհանրապես ջերմատնային տնտեսությունների արտադրանքի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել