Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶԱՆԻՑ ԱՌԱՋ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ

Հունիս 10,2011 00:00

Թե ինչ կլինի, երբ Կազանում հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները՝ դեռ ոչ մեկին հայտնի չէ

«Մենք հետաքրքրված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն»,- Վիեննայում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական համաժողովում պատասխանելով հարցերին՝ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության, եւ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է: Վարչապետ Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմը համաձայն է այն հիմնական դրույթների հետ, որոնք առկա են այդ հայտարարության մեջ, եւ պատրաստ է քաղաքական կամք դրսեւորել ու արագ համաձայնության գալ. «Մեր տեսանկյունից դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները: Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք եւ պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիր, որը բազա կհանդիսանա հետագա բանակցությունների համար»: Իսկ «մեր ադրբեջանցի գործընկերները» միայն մի բան գիտեն՝ փաստերն աղավաղելով՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելը:

Ըստ ամենայնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հարկ է, որ ավելի պարզ եւ հստակ ներկայացնեն իրավիճակը՝ տարաբնույթ մեկնաբանություններից հասարակություններին զերծ պահելու համար: Արդեն մի քանի օր է՝ Ղարաբաղի թեման կրկին դարձել է գլխավոր թեմա, պարզապես չենք հասցնում լուսաբանել ամեն ինչ, քանի որ աննախադեպ արագացում է նկատվում: Նախորդ օրը, մեջբերելով Անջեյ Կասպրչիկի խոսքերը Ղարաբաղի կարգավիճակի մասին, մտածեցի, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ ընթացքում ոչ միայն բոլորիս, այլեւ պարոն Կասպրչիկի մազերը ճերմակեցին: Համանախագահները կրկին Ստեփանակերտում են եւ այնտեղից հայտարարություններ են անում, մասնավորապես հետեւյալը. «Մենք հույս ունենք, որ նախագահների՝ Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կողմերին է առաջարկվել մոտ երեք ամիս առաջ՝ Սոչիում»,- Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Պարոն Ֆասիեն համոզված է, որ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, եւ որ «պատերազմը կարգավորման չի բերի, այլ միայն կհանգեցնի նոր զոհերի ու մարդկային նոր տառապանքների»:

Առաջարկվող փաստաթղթի մասին է խոսել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ նշելով, թե որոշ հարցեր դեռեւս հղկման ու փոխհամաձայնեցման կարիք ունեն. «Դրանցով զբաղվում են կողմերի արտգործնախարարները, եւ հնարավոր է, որ մինչ Կազանի հանդիպումն այդ աշխատանքներն ավարտված կլինեն»,- ասել է Պոպովը: Վերջինս եւս հույս ունի, որ «Կազանում կողմերը կառուցողական մոտեցում կցուցաբերեն»:

Այս կարգի հայտարարություններ հնչել են տարիներ շարունակ, եւ ամեն անգամ վերջնական խոսքը կարծես հնչել է Ղարաբաղից, եւ դա բնական է, մանավանդ՝ մեր երկրի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե հարցի վերջնական լուծումը կարող է լինել միմիայն Ղարաբաղի համաձայնությամբ: Այս անգամ էլ, ի պատասխան վերջին օրերին հնչող կարծիքների, հայտարարությունների եւ համոզմունքների, ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ շատ վաղաժամ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Մինչդեռ Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շտապեցին ասել, թե հունիսի վերջին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հավանություն տալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական փաստաթղթին: Սրան ի պատասխան՝ ԼՂՀ նախագահի խոսնակը հայտարարել է. «Դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու, տեսանելի ապագայում դժվար թե կարեւոր տեղաշարժ լինի: Նախ՝ բանակցությունների ձեւաչափը թերի է, Արցախը չի մասնակցում: Հետեւաբար՝ ստեղծվում է մի տարօրինակ իրավիճակ. փաստորեն, մենք, չմասնակցելով այդ գործընթացին, պետք է իրականացնենք պայմանավորվածություններ, որոնց մենք չենք մասնակցել, այսինքն՝ այլ պետությունների կողմից մշակված տարբերակներ: Երկրորդ՝ այդ տարբերակների շուրջ կողմերը ունեն իրարամերժ մոտեցումներ: Ադրբեջանը մի ձեւով է հասկանում հակամարտության կարգավորումը, Հայաստանը՝ մեկ այլ ձեւով, Արցախը նույնպես իր ձեւով է հասկանում հակամարտության կարգավորումը, եւ այս պահի դրությամբ խոսել, որ կողմերի միջեւ կարող են մեկ-երկու շաբաթվա ընթացքում այդ արմատական տարբերությունները հարթվել, իհարկե՝ իրատեսական չէ»:

Իսկ Ադրբեջանը շարունակում է իր իմացած նույն երգը՝ տարածքային ամբողջականության մասին, «միամտաբար» մոռանալով այլ՝ նույնքան կարեւոր եւ հիմնարար մյուս սկզբունքների մասին: Օրինակը աչքի առաջ է՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ադրբեջանական գործակալությունների հետ զրույցում թեպետ հայտարարել է, որ կարգավորումը պետք է հենվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, սակայն «մոռացել է», որ այդ սկզբունքները մեկ ամբողջության մեջ է հարկավոր դիտարկել. «Ադրբեջանը հարգում է այս ակտի բոլոր սկզբունքները եւ գիտակցում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է իրագործվի միայն պետությունների տարածքային ամբողջականության հետ համապատասխանությամբ: Ելնելով հենց այս սկզբունքներից՝ Ադրբեջանը ակնկալում է, որ օկուպանտները կհեռանան օկուպացված տարածքներից, փախստականները կվերադառնան իրենց հայրենի բնակավայրերը, եւ Ղարաբաղի ադրբեջանցիներն ու հայերը խաղաղությամբ կապրեն միասին»:

Այսքանից հետո հայտարարել, թե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների, իսկ Ադրբեջանի փոխարտգործնախարարը հենց այդպես էլ հայտարարել է («միջազգային համընդհանուր իրավական սկզբունքների շրջանակներում Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների»- Արազ Ազիմով), պարզապես տարակուսելի է:

Հ. Գ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնե րը երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ մեկ ժամից ավելի տեւած հանդիպումից հետո պարզապես հեռացան՝ առանց պատասխանելու լրագրողների հարցերին։ Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր ռուսերենով ասաց, որ իրենք առայժմ մտադիր չեն խոսել, կհանդիպեն նախագահի հետ, որից հետո հանդես կգան գրավոր հայտարարությամբ, ինչպես սովորաբար անում են: Անպատասխան մնաց նաեւ լրագրողների ռեպլիկը, թե այդ դեպքում ինչո՞ւ են համանախագահները «խոսկան» դառնում Բաքվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել