Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «Ա1+»-Ի ԳՈՐԾԸ ՓԱԿՎԵ՞Լ Է

Հունիս 10,2011 00:00

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում հունիսի 8-ին պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանը կատարել է «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով Եվրոպական դատարանի վճիռը եւ գործը համարվել է վերջնականապես փակված: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: «Կատարումը ենթադրում է երկու գործընթաց՝ պետք էր «Մելտեքս»-ի իրավունքները վերականգնել այն առումով, որ առնվազն հասցներ մինչեւ իրավունքի խախտումը տեղի ունեցող պահը, այսինքն՝ երկիրը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեր, որ գոնե հասցներ մինչեւ իրավունքի խախտման պահը գոյություն ունեցած իրավիճակին, իսկ դա ենթադրում էր, որ «Մելտեքս» ՍՊԸ-ին պետք էր եւս մեկ անգամ հնարավորություն տալ մասնակցել մրցույթին»,- ասել է Կոստանյանը՝ հիշեցնելով, որ 2010 թվականին ՀՌԱՀ-ը հայտարարեց մրցույթ, եւ «Մելտեքս» ՍՊԸ-ն մասնակցեց դրան:

Ըստ նրա՝ «Ա1+»-ի գործը փակված ճանաչելու համար ԵԽ Նախարարների կոմիտեն հաշվի է առել նաեւ այն, որ Հայաստանը կատարել է ընդհանուր բնույթի միջոցառումներ, որոնք ապագայում կբացառեն նման իրավիճակների կրկնությունը մեր երկրում: Կոստանյանը մատնանշել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունները. «Դրանով սահմանվեց, որ հանձնաժողովն իր որոշումները պետք է պատշաճ կարգով հիմնավորի եւ պատճառաբանի»:

Իսկ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը news.am-ին հայտնել է, որ դատարանի որոշման կատարումը բավական տեւական գործընթաց է, եւ տվյալ դեպքում մոտ 2 տարի է անցել որոշման կայացումից հետո: Մնացականյանը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է իրավունքի վերականգնմանը, այսինքն՝ վերադարձին դեպի մրցույթի հետ կապված իրավիճակին, այլ ոչ դրա արդյունքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել