Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԵՐԿԻՐ

Հունիս 10,2011 00:00

\"\"Եթե գրողը, նկարիչը, երաժիշտը տեսիլք-երազի տերերն են, ապա քննադատները պետք է որ երազահաններ լինեն, որ քրքրեն նրանց գործերը եւ գտնեն այն, ինչի մասին հեղինակները լռել են իրենց ստեղծագործությունների մեջ: Եվ եթե երեւելի հեղինակները իրենց ճանաչած աշխարհը ներկայացնում են գթությամբ, մի տեսակ անդառնալի ափսոսանքով, ապա քննադատները իրենց փնտրտուքների մեջ դատելիս պիտի որ գոնե արդար լինեն, իսկ ստեղծագործ հեղինակներին հետեւող աշակերտները՝ ուշիմ:

Նոր աշխարհի, այսինքն թե՝ Ամերիկայի քաղաքակրթության զարմանալի ամուր հիմքերը դրեցին երեք մարդ՝ Հերման Մելվիլը, Ուոլթ Ուիթմենը եւ Ջեկ Լոնդոնը: Չի կարելի ասել, թե ժամանակի քննադատները նրանց հանդեպ պահպանեցին արդարության խոստումը, բայց վստահ տեսանելի է, թե որքան ուշիմ եղան նրանց հետեւողները: Չնայած դատավորներին չեն դատում, բայց դատավորն ինքն է դատվում ժամանակներում դատվածների կողմից, երբ որ չի էլ ենթադրում, թե մեկ մարդը կարող է ձեւավորել, թելադրել մի ամբողջ ժողովրդի մշակույթ, որի վրա էլ ձեւակերպվում, հաստատվում է ազգի անցնելիք հոգեւոր ճանապարհի ուղենիշները: Անգլիան ստեղծեց համաշխարհային գաղութատիրություն առաջին հերթին շնորհիվ իր գրողների: Իսկ մենք, փոխանակ հետեւելու Մովսես Խորենացու հորդորներին՝ պահպանել ունեցածը եւ ծավալվել մինչեւ մեր հին տերության երերացող սահմանները, որտեղ վերջանում էր հայոց լեզուն, մեր հին փառքեր ունեցող պետությունը ներփակեցինք՝ ապավինելով Ագաթանգեղոսի Հայոց պատմությանը, որը ըստ էության Գրիգոր Լուսավորչի տոհմի պատմությունն էր եւ քիչ առնչություն ուներ հայոց պատմության հետ:

Եվ ահա այսօր, համոզված եմ, եկել է Խորենացուն վերադառնալու ժամանակը, որպես դասագիրք եւ միասնական կամքով պետություն կառուցելու ուղենիշ, եկել է նաեւ ժամանակը չափ դնելու դատավորների խոսքին եւ լռությանը՝ ընդունելով, որ հազար հինգ հարյուր տարի լինելով մեր թիկունքում՝ Խորենացին է այսօր մեր առաջնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել