Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ծնվող կուսակցությունները Սերժի «պրոյեկտն» են

Հունիս 10,2011 00:00

Կարծիք է հայտնում «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը

Երեկ «Ա1+»-ի հետ զրույցում «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող ու «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը համոզմունք է հայտնել, թե առաջիկայում իշխանությունների կողմից կստեղծվեն նոր քաղաքական ուժեր: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի կողմից ստեղծված «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը՝ Ժ. Սեֆիլյանն այսպիսի կարծիք է հայտնել. «Հակառակ նրան, որ այդ նորաստեղծ ուժում կան մարդիկ, որոնց ես շատ եմ հարգում, ով իմ բախտակիցն է, ընկերը, սակայն դա չպետք է խանգարի, որ ես ասեմ իրականությունը՝ Քոքոբելյանի ստեղծած ուժը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է: Մոտ օրերս մենք ականատեսը կլինենք ուլտրաարեւմտյանից մինչեւ ուլտրառուսաստանյան ուժերի ստեղծման, որոնց բոլորի դիրիժորը Սերժ Սարգսյանն է»:

Նկատի ունենալով, որ Խ. Քոքոբելյանի հիմնադրած քաղաքական նոր ուժը դեռ չի էլ սկսել գործունեություն ծավալել, որպեսզի պարզ լինի, թե վերջինս ինչ է իրենից ներկայացնում, Facebook սոց. ցանցում սկսեցին քննարկել Սեֆիլյանի հայտարարությունը: Ոմանք դա շտապողականություն համարեցին, մյուսները հույս ունեին, որ դա մտքի շարադրանքի սխալ կամ ոչ ճիշտ մեկնություն է: Բայց պարզվեց, որ Սեֆիլյանն ասել է այն, ինչ ասել է: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, թե «Ա1+»-ի մեջբերումը ճիշտ է. «Դա իմ կարծիքն է. կարող է սխալվեմ, կարող է՝ ոչ, ժամանակը ցույց կտա»: Այդուհանդերձ, այդ նորաստեղծ ուժին Սերժի «պրոյեկտ» համարելու համար կա՞ն արդյոք կոնկրետ փաստարկներ, թե՞ դա միայն առաջին տպավորությունն է, քաղաքական զարգացումներից բխած եզրահանգում: Ժ. Սեֆիլյանը մեկ անգամ եւս կրկնեց, թե «Ազատ ժողովրդավարներում» կան մարդիկ, ում ինքը հարգել ու շարունակում է հարգանքով վերաբերվել ու պատրաստ է «նույնիսկ նրանց հետ առաջին գծում լինել», բայցեւ հավելեց. «Քանի որ այլեւս որոշել ենք մեր ժողովրդին իրազեկել այն ամենի մասին, ինչը որ մեզ հասու կլինի, ես էլ պարտավորվում եմ իմ ունեցած տեղեկությունն ու կարծիքը մեր ժողովրդի սեփականությունը դարձնել: Քոքոբելյանի նախագիծը, իմ կարծիքով (կարծում եմ՝ կարծիք ունենալու իրավունք ունեմ), Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված նախագիծ է»:

«Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը մեր դիտարկմանն ի պատասխան՝ ասաց, թե այդ նախագիծը, բնականաբար, նպատակ ունի խանգարելու քաղաքական դաշտում եղած մյուս ուժերին. «2007 թվականի խորհրդարանական ընտրությունները բոլորս հիշում ենք. թե ինչպիսի պառակտված վիճակում ընդդիմությունը մասնակցեց այդ ընտրություններին: Այն ժամանակ էլ էր դիրիժորը Սերժ Սարգսյանը, այսօր էլ է նա: Նրա ձեռագիրն է: Նա խնդիր է դրել մինչեւ 2012թ. մայիսը դաշտը հնարավորինս փոշիացնել»:

Այսուհանդերձ, Ժ. Սեֆիլյանը ի պատասխան մեր հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այդ նոր ուժի արդեն հրապարակային գործունեության արդյունքում իր այսօրվա կարծիքը փոխվի կամ նույնիսկ համագործակցության եզրեր գտնվեն, ասաց. «Ես միայն ուրախ կլինեմ: Բայց առհասարակ այս օրերին կուսակցություն հիմնել, ընտրություններին մասնակցել՝ մեզ համար դա խրախուսելի երեւույթ չէ: Ընդհանրապես ընտրություններին մասնակցել հասկացողությունը մենք չենք ընդունում. նաեւ դրանում մենք ինչ-որ չափով մեղսակցություն ենք տեսնում բռնապետի վերարտադրությունը օրինականացնելուն»:

Պատեհ առիթն օգտագործեցինք Ժ. Սեֆիլյանից հարցնելու, թե ի՛նքն ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմության հետ երկխոսելու նպատակով Հայ ազգային կոնգրեսի ակնկալած բանակցող պատվիրակությունը չստեղծելու կամ դրա առնչությամբ որեւէ հայտարարություն չանելու՝ սեթեւեթելու պատճառների մասին: «Նա չի սեթեւեթում, նա նսեմացնում է Կոնգրեսին»,- համոզմունք հայտնեց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, թե Սերժ Սարգսյանն արդեն պատասխանել է ՀԱԿ-ին իր աշխատակազմի ղեկավարի միջոցով, ու «հիմա Կոնգրեսը թող մտածի՝ ոնց դուրս գա տակից»: Ասել է թե՝ երկխոսությունը մտավ փակուղի՞: «Ոչ, երբեք փակուղի չի լինելու: Նա (Սերժ Սարգսյանը) կարողանալու է Տեր-Պետրոսյանին քարշ տալ մինչեւ հերթական ընտրություններ եւ իր ուզած ձեւով»,- համոզմունք հայտնեց «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել