Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ՝ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ»

Հունիս 10,2011 00:00

Հացպանյանը նեղված է, բայց ոչ խռոված

\"\"Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը, ով հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: Հիշեցնենք, որ Հացպանյանը «սուտ մատնության» մեղադրանքով դատապարտված էր 3,5 տարվա ազատազրկման եւ անազատության մեջ էր 2008 թվականի նոյեմբերից, իսկ փետրվարից ընդհատակում էր: Թերթերից մեկին տված հարցազրույցում Հացպանյանը նշել էր Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի հարցում շահագրգիռ ուժերին՝ «Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի «օտարահաճ սպասավորներ»: Հացպանյանն ազատ արձակվեց ոչ թե Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներմամբ, այլ պատժի ժամկետը լրանալու կապակցությամբ: Հացպանյանի վրա տարածվել էր 2009 թվականի հունիսի 19-ի համաներումը, որի արդյունքում նրա պատժաչափը կրճատվել էր: Կալանքը կրելու ընթացքում մահացավ Հացպանյանի հայրը, եւ չնայած բազմաթիվ դիմումներին՝ նրան չթույլատրվեց անգամ հուղարկավորությանը մասնակցել: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ ընտրություններից հետո մշտապես Ազատության հրապարակում էր: 4 օր հացադուլ հայտարարեց եւ այն դադարեցրեց միայն Տեր-Պետրոսյանի հորդորով: Երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ բանտում անցկացրած տարիների ընթացքում ի՞նչ բացահայտումներ է արել իր համար, ի՞նչ եզրահանգումներ ունեցել, ումի՞ց հիասթափվել եւ ումո՞վ հպարտանալու առիթներ ձեռք բերել, Հացպանյանն ասաց, որ լավ հասկացել է թե ինչ է իրենից ներկայացնում մարդ արարածը, եւ գտնում է, որ դրա համար արժեր բանտ նստել. «Մարդուն նեղ ժամանակդ ես ճանաչում, «լեն» օրերին կողքդ շատերն են լինում: Այս տարիների ընթացքում իմ տան դուռը մի մարդ չի թակել, իմ երեխաների որպիսությունը ոչ ոք չի հարցրել: Մատենադարանը, որտեղ միտինգներ են արվել, իմ տնից 20 մետր է հեռու, եւ ասում են, որ այդ միտինգների ժամանակ, երբ քաղբանտարկյալներին ազատություն են պահանջել, իմ նկարն էլ է եղել պարզված: Ինձ էլ բանտից դուրս գալիս դիմավորողներ չեղան, բացառությամբ Սասուն Միքայելյանի, ում առաջ ծնկի եմ գալիս: Դիմավորելու էին եկել նաեւ նրա որդին, քրոջ որդին՝ Սոսը, նախկին քաղբանտարկյալ: Մարդիկ Վանատուրից հասել էին, իսկ Երեւանի ընկերները չկային: Նաեւ՝ Պահպանողական կուսակցության ողջ կազմը՝ Միքայել Հայրապետյանի գլխավորությամբ, ժամեր շարունակ դռան առջեւ սպասում էին»: Հացպանյանը փաստում է, որ ինքն ինչպես բանտարկվեց՝ այնպես էլ դուրս եկավ՝ տարբերվելով մնացած բոլորից: Նա մեջբերում է Արամ Աբրահամյանին, ով մի առիթով հարց էր հնչեցրել, թե ինչո՞ւ է Հացպանյանի նկատմամբ խտրական մոտեցում ցուցաբերվում: Այսօր ինքն է այդ հարցը բարձրացնում եւ պատասխան է ակնկալում. «Եկող շաբաթ պիտի գնամ ՀԱԿ, պիտի մասնակցեմ ժողովին եւ ուզում եմ, որ յուրաքանչյուրն, իմ աչքերի մեջ նայելով, այս հարցի պատասխանը տա. ինչո՞ւ: Նրանք ինձ պատասխան պիտի տան այս կեցվածքի համար: Հրապարակավ»: Բանտում անցկացրած տարիներին իր նկատմամբ ցուցաբերած անտարբերությունը Հացպանյանը պատրաստ է հասկանալ, բայց «բանտից դուրս գալուց… գոնե ցուցադրական, իրենց համար, լինեին այդտեղ: Սա արդեն ամեն ինչի մասին խոսում է: Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության: Խնդիրը բարոյական դաշտում է, եւ իրենք պետք է ներողություն խնդրեն իրենց հանցավոր անտարբերության համար»:

Այս հիասթափությունը, սակայն, Հացպանյանին չի ստիպի վերանայել իր քաղաքական հայացքները. «Իմ քաղաքական հայացքները ՀՀ-ում չեն ձեւավորվել: Ինձ համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հավասարությունը, եղբայրությունը, հայրենիքը, հայրենասիրությունը, ապագայի հանդեպ հավատ ունենալը դեռ պատանի տարիքից եկած բաներ են՝ մեր գրականության ու իմ ազգային մտածողության շնորհիվ: Իմ հայացքները մարդկանցով չեն փոխվելու: Ես համակարգի մասին մտածող, գաղափարական մարդ եմ, եւ իմ մտավոր ընդունակությունները թույլ չեն տա, որ նման անհեթեթ բաների համար այդքան ցածրանամ, իմ գաղափարներից հրաժարվեմ: Ինձ համար մարդը, ազատությունը, Հայաստանը, ընտանիքը մնում են բարձրագույն արժեք: Այս պայքարը ես իմ երեխաների, նրանց վաղվա օրվա համար եմ տարել, ոչ թե այս կամ այն մարդու՝ իշխանության գալ-չգալու: Ես ուզում եմ, որ իմ երեխան ՀՀ-ում ապրի բնականոն, մարդավայել կյանքով: Սա է իմ կռիվը, ես վաղվա համար եմ կռվել եւ վաղվա համար իմ կռիվը կշարունակեմ այնպես, ինչպես եղել ու սկսել եմ: Կատարվածը ոմանց համար է բարոյական բարդույթ ստեղծելու, ոչ ինձ: ՀՀ-ում, Արցախում կամ Սփյուռքում մարդ չկա, ում աչքերին ուղիղ չկարողանամ նայել»:

Հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է Հացպանյանն իր պայքարը շարունակել ՀԱԿ-ի հետ համատեղ. «Ես համաժողովրդական շարժման մասնակիցն եմ եղել իմ հայացքների համար: Ես 2008-ի փետրվարի 20-ից տանից դուրս եմ եկել. այդ ընթացքում ունեի ՀՀ-ում ապրելու օրինական կարգավիճակ, որից զրկվեցի ընդամենը 17 օր հետո: Քոչարյանի հրամանով ինձ ՀՀ-ից արտաքսման որոշում կայացվեց, եւ անվավեր ճանաչվեց կացությանս կարգավիճակը: Ես հիմա պահանջում եմ՝ ունենալ նույն հավասար իրավունքները, ինչ որ ՀԱԿ-ում յուրաքանչյուր անդամ ունի: Այսինքն՝ ես եւս պիտի լինեմ ՀՀ քաղաքացի, եւ ՀԱԿ-ը պետք է պայքարի իմ քաղաքացիություն ձեռք բերելու համար, ես էլ պետք է քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունենամ: Ես ունեմ ՀՀ-ի եւ Արցախի իմ տեսլականը, եւ իմ համոզմամբ՝ ծառացած բոլոր խնդիրներն էլ լուծում ունեն»:

Հ. Գ. Հացպանյանն ընդառաջ է գնացել ՀԱԿ-ի կանոններին եւ այսօր երեկոյան 19.00-ին կլինի Սարյանի արձանի մոտ՝ իր շնորհակալությունը հայտնելու իր ազատության համար պայքարած ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել