Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍ ՉԷ»

Հունիս 10,2011 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը երկխոսության վերաբերյալ 2008 թվականի մարտին դիվանագետներն այսպես էին ներկայացնում միջազգային հանրությանը, թե նա հետեւողականորեն մերժում է խոսելու առաջարկները:

Երեկվա համարում ներկայացրել էինք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն անգամ 2008 թվականի մարտի 1-ին չէր բացառում երկխոսությունն իշխանության հետ: Իսկ այս հրապարակման մեջ մեջբերելու ենք մի օրինակ, թե Հայաստանի դիվանագետները նույն օրերին միջազգային հանրությանն ինչպես էին ներկայացնում իրավիճակը եւ մասնավորապես՝ ընդդիմության առաջնորդի տրամադրվածությունը երկխոսության հանդեպ:

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում այժմ էլ պահպանված են այն բոլոր հայտարարությունները, որոնք այս կապակցությամբ արել էր ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ջիվան Թաբիբյանը (լուսանկարում): Եվ այսպես՝ 2008 թվականի մարտի 6-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի 704-րդ հանդիպման ժամանակ նա հանդես էր եկել հայտարարությամբ, որով մասնավորապես հերքել էր, թե Տեր-Պետրոսյանը ենթարկվել է տնային կալանքի: Պնդել էր, որ նախկին նախագահն ինքն է ասել միջազգային մամուլին, թե ինքը տնային կալանքի ներքո չէ: Ջիվան Թաբիբյանը կրկնել էր այն, ինչ այդ օրերին հայտարարում էին ԱԳ նախարարը եւ պետական այլ պաշտոնյաներ, որ Տեր-Պետրոսյանը կարող էր հրաժարվել պետական թիկնազորի ծառայությունից եւ տեղաշարժվել սեփական պատասխանատվությամբ. «Այդ ժամանակ պետությունը չէր ստանձնի նրա անվտանգության պատասխանատվությունը: Մինչ օրս նա մերժել է այդ տարբերակը եւ այդ այլընտրանքը: Նա նախընտրեց պաշտպանված լինել հենց խիստ «քրեական» ռեժիմի միջոցով»:

Սակայն անդրադառնանք հայտարարության այն հատվածին, որը վերաբերում է երկխոսությանը, ինչը դեսպան Թաբիբյանն առանձնացրել էր իբրեւ առանցքային հարց: «Երկխոսության խնդիրն այն է, որ տանգո երկուսով են պարում,- ԵԱՀԿ Մշտական խորհրդում հայտարարել էր նա:- Երկխոսություն արդեն առաջարկվել էր: Փորձ եղել էր երկխոսություն նախաձեռնելու, եւ դրա լավագույն ապացույցն է, որ երեք թեկնածուներ արդեն միացել են եւ ընդունել համագործակցության եւ նոր կառավարություն ձեւավորելու առաջարկը»: Սակայն նրանց բոլորից առանձնացրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Խոսելու առաջարկը շարունակաբար մերժել է այն թեկնածուն, որի կողմնակիցները կարծում են, թե դա չէ հաջողության ուղին, այլ փողոցն է լավագույն ճանապարհը դեպի իշխանություն՝ ո՛չ քվեախցիկը»:

Ջիվան Թաբիբյանը նաեւ վկայակոչել էր, թե ԵԱՀԿ նախկին գլխավոր քարտուղար Յան Կուբիշը, երբ մինչ արտակարգ դրություն հայտարարելը Երեւանում այցելել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրան ընկերակցած Սլովակիայում Հայաստանի դեսպանին օդանավակայանի ճանապարհին պատմել էր հետեւյալը, թե Տեր-Պետրոսյանն իրեն ասել է. «Գիտեք, Դուք այցելում եք Հայաստանի նախագահին: Իմ հաջորդ հանդիպումը ձեզ հետ կլինի 10 օրվա ընթացքում նախագահական նստավայրում: Մենք հաստատապես ստացել ենք ձայների 65%-ը (թեեւ նախապես մամուլին հայտարարել էր 95%), մենք ստացել ենք ամբողջ 65% եւ, հետեւաբար, մենք չենք պատրաստվում հանձնվել»:

Ահա այս համատեքստում անդրադառնալով Եվրոպական Միության հայտարարությանը, որով քաղաքական բոլոր ուժերին երկխոսության կոչ էր արվում՝ ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, թե իրենք, իհարկե, որոշ լծակներ ունեն իշխանությունների նկատմամբ, սակայն չեն կարող ազդել ընդդիմության վրա:

2008 թվականի մարտի 13-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 706-րդ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիթիեի զեկույցի՝ Ջիվան Թաբիբյանն էլի հանդես էր եկել հայտարարությամբ: Այստեղ որպես ամենակարեւոր քաղաքական հայտարարություն Հայաստանի ներկայացուցիչն առանձնացրել էր հետեւյալը, թե ինչ է պատրաստվում անել ընդդիմության առաջնորդը Սահմանադրական դատարանի որոշումից հետո՝ «Քանի որ առանց այդ որոշման եւ առանց արտակարգ դրության վերացման նա չի տեսնում երկխոսելու որեւէ կետ: Սա հստակ հենց այն է, ինչ նա ասել է»:

Մինչդեռ մարտի 5-ին ՍԴ-ում ունեցած ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ամբողջությամբ ընդունում է ԵՄ նախագահության առաջարկները. «1. դադարեցնել արտակարգ դրության վիճակը, 2. ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, 3. ապահովել ինֆորմացիոն հավասար հնարավորություններ, 4. իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն եւ սկսել երկխոսություն իշխանությունների հետ։ Այդ բոլոր կետերը ես ընդունում եմ եւ, ինչպես ասացի, համարում եմ մեր գործունեության հիմքը ինչպես ՍԴ-ում, այնպես էլ հրապարակայնորեն»:

Իսկ ԵԱՀԿ մշտական խորհրդի առջեւ Հայաստանի ներկայացուցիչը հայտարարում էր. «Իմ տպավորությունն է, որ եթե երկխոսությունը նրանց օրակարգի մաս կազմեր՝ այն տեղի կունենար մինչեւ մարտի սկզբի դեպքերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել