Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտակար գազար

Հունիս 09,2011 00:00

\"\"Գազարը բանջարեղենների մեջ հատուկ տեղ է գրավում: Այն իր բաղադրության մեջ պարունակում է մեծ քանակությամբ կարոտին, որն էլ մեր օրգանիզմում վերափոխակերպվում է վիտամին A-ի: Վերջինս էլ մեր օրգանիզմին անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության համար: Այն լավացնում է եւ «սրում» տեսողությունը, օժանդակում է մտքի եւ ֆիզիկական զարգացմանը, բարենպաստ է ազդում մաշկի վրա, բարձրացնում է իմունիտետը: Եվ ամենակարեւորը՝ իջեցնում է ուռուցքային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:
Կարոտինի քանակը գազարի մեջ 100 անգամ շատ է, քան կարտոֆիլի, սպիտակագլուխ կաղամբի, ճակնդեղի, բողկի եւ դդմիկի մեջ: Կարոտինի քանակությամբ գազարի հետ կարող է «մրցել» միայն կարմիր քաղցր պղպեղը: Գազարի հետ զուգընթաց, կարոտին են պարունակում նաեւ լոլիկը, դդումը, սամիթը, թրթնջուկը, կանաչ սոխը, մաղադանոսը, սպանախը: Քանի որ գարնանը՝ վերը նշված բանջարեղենները շատ քիչ են, ապա ամեն օր պետք է օգտագործել գազար:
Քերած գազարից մեր օրգանիզմը յուրացնում է կարոտինի 20%-ը, իսկ խոշոր կտրտած գազարից՝ 5%-ը: Այնպես որ, ավելի լավ է գազարը քերել մանր անցքեր ունեցող քերիչով: Եթե քերած գազարը օգտագործենք բուսական կամ կենդանական ճարպի հետ, ինչպես նաեւ թթվասերի, ապա օրգանիզմը կյուրացնի կարոտինի մոտ 50%-ը:
Գազարը քերելուց հետո անմիջապես պետք է օգտագործել, քանի որ կարոտինը անկայուն է լույսի եւ թթվածնի ազդեցությանը:
Գազարի արմատապտուղի ստորին մասում կարոտինի քանակը 2-3 անգամ քիչ է, քան միջին եւ գագաթնային մասում: Գազարի միջուկում 2-3 անգամ կարոտինը քիչ է, քան արտաքին շերտերում: Բաց գույնի գազարն ավելի քիչ կարոտին է պարունակում, քան վառ գույն ունեցողները: Բացի այդ, այն արմատապտուղները, որոնց ծայրերը սուր են, ավելի քիչ են պարունակում կարոտին, քան կլոր ծայր ունեցողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել