Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՅՆԵՐԸ ԳՈՎԱԶԴՈՒՄ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԸՆՏՐԵԼ

Հունիս 09,2011 00:00

Սպառվող եւ չսպառվող արտադրանքի համար «մեղավոր» են նաեւ դրանք գովազդող գույները

\"\"

Ընդամենը մեկ գույնը կարող է ներկայացնել մի ամբողջ լեզվապաշար՝ հատուկ տեղ գտնելով մարդու ենթագիտակցության մեջ: Գուցե շատերը չգիտեն, բայց գովազդի հաջողությունների գրավականը նաեւ գույների ճիշտ ընտրությունն է, քանի որ դրանք ազդում են մարդու հոգեբանության եւ տրամադրության վրա՝ հաղորդելով նրանց ծածկագրված տարբեր տեղեկություններ: Օրինակ, համացանցում՝ գույների սխալ կիրառման դեպքում, տվյալ կայքից օգտվողները կարող են շփոթության մեջ ընկնել: Քանի որ գույներն առաջացնում են տարբեր զգացողություններ, պետք է իմանալ, թե մարդկանց որ գույներն են ամենից շատ գրավում եւ որոնք՝ վանում: Ուստի այդ գործում կօգնեն հասարակական կարծիքի, ճաշակի եւ, վերջապես, հոգեբանության վերաբերյալ ճիշտ պատկերացումները:
Առհասարակ կարմիր, նարնջագույն եւ դեղին գույները գրգռող են, մինչդեռ մանուշակագույնը, կապույտը եւ կանաչը՝ հանգստացնող: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ, օրինակ, «McDonalds», ինչպես նաեւ «KFC եւ Burger King» արագ ուտեստներ առաջարկող խոշոր ընկերություններն օգտագործում են նարնջագույն, կարմիր եւ դեղին գույները: Հետազոտություններից պարզվել է, որ հենց այդ գույների համադրությունն է շոյում հաճախորդների աչքը, քանի որ կարմիրը բացում է ախորժակը, իսկ դեղինը ստիպում արագ շարժվել: Ուստի այդ գույների համակցությունը հաղորդում է «հաճույքով օգտվիր եւ արագ հեռացիր» հաղորդագրությունը: Այդ վառ երանգները դրդում են սպառողներին օգտվել ընկերությունների առաջարկած արտադրանքից՝ ստիպելով նրանց այդտեղից արագ հեռանալ:
Ամերիկյան բազմաթիվ ընկերություններ ահռելի գումարներ են ծախսում՝ գույների շուկայի հետազոտության վրա: «Որեւէ արտադրանք դիտելու գործում հաճախորդի տրամադրության տակ է ընդամենը վայրկյանի 1/16 մասը: Եվ եթե կարողանաք «ընդգծել» գովազդը՝ գույները գրագետ համադրելով, ապա վստահորեն կարող եմ ասել, որ ձեր ընկերությունը առաջին իսկ քայլից հաջողության կհասնի»,- մեզ հետ զրույցում նշեց ԱՄՆ-ից ժամանած՝ գովազդում գույների հետազոտությամբ զբաղվող մասնագետը:
Պարզվում է, եթե գույները դիտարկենք առանձին-առանձին, ապա կհասկանանք, որ սեւ գույնն արտահայտում է իշխանություն, ուժ: Այն համարվում է գովազդում կիրառված՝ գրելու համար ամենալավ տարբերակը, քանի որ ընդգծում եւ գեղեցիկ հակադրում է բաց գույները՝ թույլ տալով գովազդը հեռավորությունից ավելի հեշտությամբ կարդալ: Կարմիրը բուռն զգացողություն առաջացնելու հատկություն ունի: Ըստ հետազոտությունների,  այն բացում է ախորժակը՝ ներքաշելով հաճախորդներին: Կապույտը, ի տարբերություն կարմիրի, ավելի հանգիստ գույն է եւ թողնում է էլեգանտության տպավորություն: Օրինակ, ամերիկացիների համար կարմիրը ազատության խորհրդանիշ է: Կապույտը մարդուն օգնում է ավելի ուշադիր լինել ժամանակի հարցում՝ սահմանափակելով սննդակարգը, այսինքն՝ այն օգնում է մարդուն ավելի քիչ ուտել, հաղորդում վստահություն, հստակություն: Դեղինը կլանում է ուշադրությունը, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս այն օգտագործել միայն ֆոնային գույն: Գովազդում կիրառված տառատեսակի համար դեղինը ճիշտ տարբերակ չէ: Իսկ կանաչն ավելի շատ կիրառվում է կերակուրներում եւ այգեգործության մեջ՝ խորհրդանշելով առողջություն եւ թարմություն, մասնավորապես՝ ամերիկացիների համար: Փաստորեն, տարբեր երկրներում այն ընդունվում է տարբեր կերպ: Օրինակ՝ Եվրոպայում կանաչ գույնը ասոցացվում է քաղաքականության հետ, ինչպիսին է, օրինակ՝ Կանաչ շարժումը եւ այլն: Մանուշակագույնը խորհրդանշում է հարստություն, շքեղություն եւ, միաժամանակ, տնտեսումներ կատարելու հատկություն: Իսկ արծաթագույնը հեղինակության գույն է՝ այն մարդկանց վրա թողնում է գիտական, փոքր-ինչ սառնության եւ խստաշունչ տպավորություն:
Հոգեբանները հավաստիացնում են, որ մարդու վրա գույների թողած տպավորությունն ու ազդեցությունը 60% է: Գույնը՝ սպառվող արտադրանքի եւ հասարակության միջեւ եղած անքակտելի կապն է: Եթե դուք փորձեք էլեկտրական գործիքները գովազդել վարդագույն եւ բաց մանուշակագույն երանգներով, ապա հաստատ այն հաջողությամբ չի պսակվի՝ հավաստիացնում են մասնագետները, բայց հավելում, որ գոյություն չունեն գույների համադրության խիստ եւ սահմանափակ կանոններ: Այնուամենայնիվ, պետք է որոշակի գիտելիքներ ունենալ գույների վերաբերյալ՝ ճաշակով եւ գրագետ համադրելով դրանք եւ, ամենակարեւորը, հաշվի առնելով հասարակության կարծիքի գործոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել