Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ

Հունիս 09,2011 00:00

Հունիսի 7-ին ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական (մինչեւ 21 տարեկաններ) հավաքականի համար մեկնարկեց Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական փուլը:

\"\"

Հիշեցնենք, որ մեր ընտրական խմբում առաջնության «բացումն» արդեն կատարվել էր՝ մարտին կայացած Անդորրա-Ուելս հանդիպումով: Մեկ խաղ ու հաղթանակ նույն անդորրացիների հետ իր ակտիվում ուներ նաեւ մեր հունիսյոթյա մրցակից Չեռնոգորիայի ընտրանին: Այն ժամանակ մեր երիտասարդականը դեռ անորոշ վիճակում էր՝ առանց գլխավոր մարզչի: Այժմ արդեն Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը չորրորդ անգամ իր պատմության ընթացքում հաղթանակով է մեկնարկում Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլում:
Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպումից առաջ Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դուշան Վլայսավլեւիչը հայտարարել էր, որ Անդորրայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո իրենց նպատակն է՝ պահպանել առաջին հորիզոնականը: «Մենք հարգանքով ենք մոտենում մեր բոլոր մրցակիցներին, բայց բոլոր խաղերում էլ պայքարելու ենք հաղթանակի համար: Ժամանել ենք հաղթելու նպատակով», – ասել էր նա: Եվ որպես խմբում գլխավոր մրցակից՝ նշել էր Չեխիայի ընտրանուն: Հանդիպումից հետո արդեն Վլայսավլեւիչը ստիպված էր փաստել, որ Չեխիայից բացի, Հայաստանն էլ կպայքարի առաջին տեղի համար: Մրցակցի մարզչի այս հայտարարությունն ավելի քան սպասելի էր: Չէ՞ որ 23-րդ րոպեից 10 հոգով մնացած Հայաստանի հավաքականը կարողացավ 4:1 խոշոր հաշվով գեղեցիկ, համոզիչ ու հոգեբանորեն խիստ կարեւոր հաղթանակ տոնել: Արդեն 3-րդ րոպեից մեր տղաները հաշվի մեջ առաջ անցան Էդգար Մալաքյանի՝ գլխով խփած գնդակի շնորհիվ: Խաղի հաղթական մեկնարկի ոգին, սակայն, քիչ էր մնում կոտրվեր, երբ 23-րդ րոպեին երկրորդ զգուշացումով դաշտից հեռացվեց Արտակ Ալեքսանյանը: Սակայն Ռաֆայել Նազարյանին իրադարձությունների նման զարգացումը խուճապի չմատնեց ու արդեն երկրորդ խաղակեսի սկզբնամասում նույն Մալաքյանը հաշիվը կրկնապատկեց, իսկ 25 րոպե անց մերոնց առավելությունն ավելի զգալի դարձրեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ թվային առավելություն ունեցող մրցակցի դարպասն ուղարկելով երրորդ գնդակը: Ճիշտ է, հաջորդ իսկ հակագրոհի ժամանակ Չեռնոգորիայի ֆուտբոլիստները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, բայց հայ ֆուտբոլիստները դեռ շքեղ վերջաբան էին ծրագրել՝ խաղավարտից վեց րոպե առաջ Վալտեր Պողոսյանի ֆանտաստիկ գոլի տեսքով՝ 4:1: Այսպիսի արդյունք չէր սպասում ոչ ոք, գուցե նաեւ մեր երիտասարդների գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, ով հետխաղյա ասուլիսում խոստովանեց. «Դիտելով Չեռնոգորիայի խաղերը, իսկապես, չէի սպասում նման արդյունք»: Միեւնույն ժամանակ՝ մարզիչը նշեց, որ էյֆորիայի տրվել պետք չէ: «Շատ գոհ եմ, որ տասը հոգով կարողացանք հաղթել: Չնայած դրան, կան որոշ բաներ, որոնք պետք է կատարելագործել: Ըստ իս, եթե խաղի որակը չընկնի, այս ֆուտբոլիստները ապագա ունեն: Միշտ էլ աշխատելու տեղ կա: Լավ մեկնարկը կնպաստի, որ ֆուտբոլիստներն ամրանան: Ապագան ցույց կտա: Պետք չէ շտապել», – եզրափակեց Ռաֆայել Նազարյանը:
Իսկ Չեռնոգորիայի հավաքականի մարզիչը, որ հանդիպումից առաջ մի տեսակ վերամբարձ էր խոսում՝ թերագնահատելով մեր հավաքականի հնարավորությունները, խոշոր հաշվով պարտվելուց հետո հարկադրված խոստովանեց, որ Եվրո 2013-ի ընտրական մրցաշարում Հայաստանը խմբի ֆավորիտներից է:
Առաջիկայում մեր երիտասարդականին սպասում է Անդորրան: Սեպտեմբերի 3-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի խմբի ետնապահին, իսկ դրանից երեք օր անց՝ Չեխիայի ընտրանուն, որը դեռ ոչ մի խաղ չի անցկացրել այս ընտրական փուլում:
Թե ինչպե՞ս կպատրաստվի այդ հանդիպումներին Ռաֆայել Նազարյանի թիմը ու անհրաժեշտ մրցափորձի կուտակման նպատակով ընկերական խաղեր կանցկացնի՞, դեռ հստակեցված չէ:
Հայաստանի երիտասարդական հավաքականը «C» խմբում ստանձնեց առաջատարի դերը:
1. Հայաստան 1 1 0 0 4-1 3
2. Ուելս 1 1 0 0 1-0 3
3. Չեռնոգոր. 2 1 0 1 6-4 3
4. Չեխիա 0 0 0 0 0-0 0
5. Անդորրա 2 0 0 2 0-6 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել