Երեկ կայացավ ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ասուլիսը, որը նվիրված է հունիսի 10-ին կայանալիք համերգին: Համերգն էլ նվիրվում է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին:
Հոբելյանական համերգի ծրագիրը կներառի Երկանյանի 5-րդ սիմֆոնիայի («Խաչված երազներ») համաշխարհային պրեմիերան: Նշենք, որ Երկանյանի այս ստեղծագործությունը նվիրված է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ վերջինիս գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանին, ում առաջարկությամբ էլ այս գործը գրվել է հատկապես ՀՊՖՆ-ի կատարման համար:
Ծրագրին հատուկ նշանակություն կփոխանցի գերմանացի ճանաչված դաշնակահար Բերնդ Գլեմզերի կատարումը, ով համերգին հանդես կգա որպես մենակատար: Գլեմզերի այցելությունը եւ ՀՊՖՆ-ի հետ համագործակցությունն առանձնահատուկ է հատկապես նրանով, որ դաշնակահարը կնվագի Սթեյնուեյ ռոյալով, որն անցյալ տարի Ֆիլհարմոնիկը եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն ընտրել էին հենց իր՝ Գլեմզերի խորհրդատվությամբ: