Գյումրեցիներն անդրդվելի են
Երեկ Գյումրու «Օմեգա» գործարանի պատերից պոկեցին Մինասի «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարները:
Գյումրեցիները, լսելով Մինասին «տանելու» բոթը, շտապում էին գործարանի բակ՝ թուքումուր տալով կառավարությանը, որը առանց շիրակցիների կարծիքն հաշվի առնելու, իրենց հայրենակցի որմնանկարները տալիս է մեծահարուստ Էռնեստո Էռնեկյանին՝ «Զվարթնոց» օդանավակայանի պատերը զարդարելու համար: Ի դեպ, այս հարցի շուրջ դեռեւս մեկ ամիս առաջ Գյումրու «Արաքս» հյուրանոցի դահլիճում հրապարակային բանավեճ էր ծավալվել նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջեւ: Բողոքավորներից մեկը՝ Ալբերտ Գրիգորյանը, մեզ հետ զրույցում վրդովված ասաց. «Ինչ ստեղծում է շիրակցին՝ առնում-տանում են Երեւան,19 թվին Գյումրիում պետական համալսարանը ստեղծեցինք, առան-տարան Երեւան, 12թ.-ին առաջին օպերան մենք ստեղծեցինք, էլի առաք ու տարաք: Էս ի՞նչ արհամարհանք է գյումրեցիների նկատմամբ: Գյումրին ազատ գոտի դարձնելու, տուրիստներին հրապուրելու փոխարեն, Մինասին տանում ե՞ք, Մինասի նկարների կեսն էլ տեղափոխեցիք կառավարության շենք, հարգում ենք կառավարության շենքը, բայց ո՞ւմ համար եք տարել, տարել եք ու նկարները բանտարկե՞լ…»:
Լրագրողները Մինաս Ավետիսյանի որդուց՝ «Մինաս Ավետիսյան հիմնադրամի» ղեկավար Արմանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում գյումրեցիների սեփականությունը Երեւան տեղափոխելու հարցին: «Ես նորմալ եմ վերաբերվում, «Մինաս Ավետիսյան հիմնադրամը», ցավոք, որոշում կայացնող չէ, մենք կարող ենք համաձայնել՝ կոնկրետ աշխատանքը հանել կամ ոչ»,- ասաց Արման Ավետիսյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ իրենք պարտավորություններ ունեն բարերար Էռնեկյանի նկատմամբ, ով նյութական մեծ ներդրումներ է կատարել: Ըստ նրա, կոնկրետ այս գործարանի որմնանկարները Երեւան տեղափոխել-չտեղափոխելու հարցը կքննարկվի մշակույթի նախարարությունում եւ վերջնականապես կլուծվի՝ նախարարությունից լիազոր-ներկայացուցչի ժամանումից հետո: Որմնանկարչի որդին նաեւ հայտնեց, որ թեեւ ինքը բազմիցս հայտարարել է, որ Գյումրին օրրանն է, եւ մարդկայնորեն ճիշտ կլինի որմնանկարները այստեղ թողնել, սակայն իր համար կարեւորը որմնանկարները փրկելն է, եւ ոչ միայն Մինասի, այլեւ մյուս հանճարեղ որմնանկարիչների: Ըստ նրա, եթե որմնանկարները մնան Գյումրիում, ապա ծախսերը կպարտավորվեն վերադարձնել պատվիրատուին: «Առավոտի» այն դիտարկմանը, թե Գյումրու քաղաքապետը պատրաստ է ծախսերը հոգալ, ինչո՞ւ Մինասին «չեն թողնում» Գյումրիում, որմնանկարչի որդին պատասխանեց. «Թող մնա Գյումրիում»:
Ի դեպ, գյումրեցիները պատրաստվում են ամբողջ օրը գործարանի բակում պահակ կանգնել, որպեսզի Մինասին գիշերով, իրենցից գաղտի մայրաքաղաք «չտեղափոխեն»: Սկսվել է նաեւ ստորագրահավաք, կեսօրին 1000-ից ավելի բնակիչներ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ուղղված իրենց բողոքն արտահայտել են այս ձեւով: