Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոկենտրոնը ամփոփում է արդյունքները

Հունիս 09,2011 00:00

Նախատեսված է նաեւ հայկական ֆիլմեր ցուցադրել «Նաիրի» կինոթատրոնում

Հայաստանը, Ազգային կինոկենտրոնի ջանքերով, արդեն երրորդ անգամ մասնակցում է աշխարհի ամենահին եւ խոշոր միջազգային կինոփառատոնի՝ Կաննի կինոշուկային: Հայաստանի պատվիրակությունը կինոշուկայից վերադարձել է ոչ դատարկաձեռն: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
«Ազգային կինոկենտրոնի խնդիրն է Հայաստանում գործող կինոկազմակերպությունների ու պրոդյուսերների համար ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել իրենց աշխատանքը միջազգային շուկայում եւ ծանոթանան արտերկրի գործընկերների հետ»,- ասաց Գ. Գեւորգյանն ու հավելեց. «Կաննում փորձեցինք ստեղծել այդ պայմանները: Համենայնդեպս, ձեռք բերված պայմանավորվածություններն այդ են վկայում»:
Ամփոփելով կինոշուկան՝ կինոկենտրոնի տնօրենն ասաց. «10 օրերի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում, հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ ֆրանսիական «Ինսոմնիա վորլդսեյլզ» ընկերության հետ ստորագրվեց Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» խաղարկային ֆիլմի համաշխարհային դիստրիբյուցիոն պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով: Ստորագրել ենք նաեւ երկու պայմանագիր՝ չեխական «Բարանդով» եւ ուկրաինական «Ինտերֆիլմ փրոդաքշն» ստուդիաների հետ: Չեխական «Բարանդով» ստուդիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայկական կինոարտադրանքի նկատմամբ եւ պատրաստ է ֆինանսավորել նախաարտադրական եւ հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմերը, կազմակերպել դրանց վարձույթը իր երկրի տարածքում: Աշնանն այստեղ՝ Երեւանում տեղի կունենա «Բարադանով» ստուդիայի շնորհանդեսը, որի շրջանակներում էլ ստուդիայի ներկայացուցիչները հայ ռեժիսորներին եւ կինոարտադրող ընկերություններին կներկայացնեն ֆիլմարտադրության ասպարեզում ունեցած իրենց հնարավորությունները»:
Գ. Գեւորգյանը նշեց նաեւ, որ ուկրաինական «Ինտերֆիլմ փրոդաքշնը» սկսում է «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» ֆիլմի արտադրությունը: Հայաստանի ազգային կինոկենտրոնը միացել է ֆիլմի արտադրությանը: Գ. Գեւորգյանը մեծ ձեռքբերում համարեց առաջիկայում Ռուսաստանում կայանալիք կինոշուկան:
Անդրադառնալով հայկական ֆիլմերի զարգացման խնդիրներին, Գ. Գեւորգյանը տեղեկացրեց, որ շուտով կլինի մի վայր, որտեղ կինոյի սիրահարները հնարավորություն կունենան միայն հայկական ֆիլմեր դիտել. «Դա «Նաիրի» կինոթատրոնն է, որն այսուհետեւ անվճար տրամադրվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին: Ներկայում բանակցություններ են տարվում «Նաիրի» կինոթատրոնի տնօրինության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ, որպեսզի կինոթատրոնը կրկին գործի։ Արդեն ունենք նախնական համաձայնությունը։ Պետք է փորձենք ապահովել պայմաններ, որ հանրությունն ամեն օր կարողանա դիտել հայկական ֆիլմեր»:
Այս տարվա վերջին Երեւանում, կինոկենտրոնի նախաձեռնությամբ, կկազմակերպվի նաեւ Հայկական ֆիլմերի առաջին ազգային մրցանակաբաշխությունը՝ ֆիլմարտադրության ոլորտում:
«Հիմնադրամ է ստեղծվում, քննարկվում են անվանակարգերը, թե ինչ ֆիլմեր կարող են մասնակցել, ովքեր կարող են ֆիլմ ներկայացնել, ինչ մրցանակներ են ստանալու եւ այլն: Մրցանակաբաշխության նախնական անունը «Պեպո» է»,-հայտնեց Գ. Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել