Առաջին ցուցադրությունը կկազմակերպվի երկու տարի անց
Դեռեւս 1940-ականներին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծանուն դիրիժոր Միքայել Թավրիզյանի նախաձեռնությամբ ստեղծվել է թանգարան: Այս միտքը դիրիժորը հղացել է 1939թ.՝ մոսկովյան տասնօրյակից հետո: Հետեւաբար, այսօր արդեն 78-ամյա Ազգային օպերային թատրոնը պիտի որ ունենար թանգարան՝ հարուստ հավաքածուով: Մինչդեռ դժվար գտնվի թեկուզ մեկ արվեստագետ, որ իմանա դրա տեղը: «Առավոտի» հետ զրուցած անվանի երաժիշտները հիմնականում մեղքը բարդեցին օպերային թատրոնի տարբեր տարիների տնօրենների վրա, նրանց մեղադրելով անտարբերության համար, տեղեկացնելով, որ թանգարանը գործել է մինչեւ 1960-ականները: Նրանք առանձնացրին թանգարանի վարիչներ՝ կոմպոզիտոր, երաժշտագետ Ծովակ Համբարձումյանի, երգիչ Կառլոս Մարկոսյանի նվիրված աշխատանքը, նույնիսկ հավաստիացրին, որ 1930-ականների վերջից թատրոնի շուրջ 30 տարվա ադմինիստրատոր Աղավարդ Դավթյանի «դավթարը» արժեքավոր նյութ կարող էր ծառայել թանգարանին: Ասացին նաեւ, որ, ի պատիվ այսօրվա տնօրեն Կամո Հովհաննիսյանի, թանգարանը վերածնունդ է ապրում:
Որպես թանգարանի վարիչ թատրոն է հրավիրվել այդ գործի գիտակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գոհար Գասպարյանի կենսագիր Սերգեյ Առաքելյանը, ով երկար տարիներ աշխատել է Արվեստի եւ գրականության թանգարանում:
«Առավոտի» հետ զրույցում թանգարանի վարիչն ասաց, որ թատրոնի հոբելյանական՝ 80-ամյակի առիթով առաջին անգամ կցուցադրվի հարուստ հավաքածու: Վերջին շրջանում հայկական օպերային թատրոնի երախտավորներ Տաթեւիկ Սազանդարյանի, Գոհար Գասպարյանի, Միհրան Երկաթի եւ մյուսների հետնորդների շնորհիվ ձեռք են բերվել իսկապես պատմական նյութեր, այդ թվում՝ զգեստներ, էսքիզներ… նույնիսկ ամերիկաբնակ անվանի քանդակագործ Ալիս Մելիքյանի կերտած Սազանդարյանի բրոնզե կիսանդրին: Այս օրերին Ս. Առաքելյանն աշխատում է «60 տարի Գոհար Գասպարյանի հետ» գրքի վրա, որտեղ առաջին անգամ լայն լսարանին կներկայացվի, օրինակ, 1949թ. երգչուհու եւ Վրաստանից ծպտված Երեւան ժամանած կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի գաղտնի հանդիպման սղագրությունը:
Նյութը պատրաստ էր տպագրության, երբ ճանաչված ռեժիսոր, նկարիչ Սուքիաս Թորոսյանից տեղեկացանք, որ ինքն էլ ցանկանում է Օպերային թատրոնի 80-ամյակի առիթով թանգարանին նվիրել հարուստ հավաքածու: Արվեստագետը 1956թ. Բուլղարիայից ներգաղթած երգիչ Անդրանիկ Թորոսյանի որդին է եւ դեռեւս երկուսուկես տարեկան հասակում առաջին անգամ մասնակցել է Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերային ներկայացմանը, մանկուց շփվել մեծանուն բեմադրիչներ Վարդան Աճեմյանի, Սուրեն Բագրատունու, Չանգայի, կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Գրիգոր Եղիազարյանի, երգիչներ Գոհար Գասպարյանի, Լուսին Ամարայի, Մարիա Բիեշուի, Կարպիս Զոբյանի եւ այլոց հետ: Հետաքրքրությանը, թե ի՞նչ է նվիրելու թանգարանին, Ս. Թորոսյանն ասաց, որ հիմնականում էսքիզներ են, զգեստներ, հետո էլ կատակեց, թե նվերի մասին նախապես չեն բարձրաձայնում: