ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել գործողությունները Լիբիայում՝ մինչեւ հաղթական ավարտը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին Բրյուսելում տեղի ունեցած պաշտպանության նախարարների նիստի արդյունքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: «Բոլոր նախարարները համաձայնեցին, որ մենք կշարունակենք ճնշումները այնքան երկար ժամանակ, որքան դա պահանջվում է ճգնաժամը հաղթահարելու համար»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: Նրա ասելով, Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին ու նրա հետեւորդները երկրում ապագա չունեն:
Newsru-ի մատուցմամբ էլ, ՆԱՏՕ-ն Քադդաֆիի ծննդյան օրը շնորհավորել է Տրիպոլիին 60 ավիահարված հասցնելով, որի արդյունքում զոհվել է ավելի քան 30 քաղաքացի:
Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտարարել է, թե վիրավորների թիվն առայժմ հայտնի չէ, բայց հիվանդանոցները լիքն են տուժածներով: Բոլոր հարվածները հասցվել են Բաբ-էլ-Ազազիյա շրջանին, ուր տեղակայված է Քադդաֆիի նախագահական նստավայրը: Կոալիցիոն ուժերի կողմից Լիբիայում սկսված գործողության մեկնարկից ի վեր՝ ամենաուժեղ ռմբակոծությունը տեղի է ունեցել այն օրը, երբ Քադդաֆին նշում է իր 69-ամյակը, ընդ որում՝ ռմբահարման են ենթարկվել հիմնականում քաղաքացիական օբյեկտներ:
Լիբիացի ապստամբները հայտարարում են, թե արեւմուտքում գրավել են Յաֆրան քաղաքատիպ ավանը, որը գտնվում է Տրիպոլիից դեպի հարավ-արեւմուտք՝ 100կմ հեռավորության վրա: Նրանց օգնել է բրիտանական ավիացիան, որը այդ բնակավայրի ծայրամասային շրջաններում ոչնչացրել է մի քանի տանկ եւ զրահամեքենա: ՆԱՏՕ-ն հաղորդել է ավիահարվածները շարունակելու մասին՝ շեշտելով, որ կատարվել է ավելի քան 10 հազար ռազմական թռիչք:
Իսկ Կահիրեում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բանագնաց Միխայիլ Մարգելովը հանդիպել է նախ՝ Բենգազիի ասպտամբների առաջնորդների, ապա նաեւ Քադդաֆիի զարմիկի՝ Ահմեդ Քազզաֆ ադ-Դամի հետ: Թե ինչի մասին են խոսել նրանք՝ հայտնի չէ, բայց Մարգելովը հավաստիացրել է, որ լիբիական ընդդիմությունը չի պատրաստվում մաշկազերծ անել Քադդաֆիին, բայց գնդապետը ստիպված կլինի հրաժարվել իշխանությունից: Մեդվեդեւի բանագնացը պատրաստակամություն է հայտնել հանդիպել նաեւ գնդապետ Քադդաֆիի հետ: