Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐՔԵՐԸ ՀԱՆԴԱՐՏՎԵՆ՝ ԿՔԱՆԴԵՆ

Հունիս 09,2011 00:00

«Առավոտը» (26.05.2011) անդրադարձել էր Չուբարյանների ընտանիքին սպառնացող վտանգին: Ինչպես արդեն նշել էինք, որոշ մարդիկ քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դստերը՝ գեղանկարչուհի Անուշ Չուբարյանին սպառնացել էին, որ մայիսի 25-ին, ամենաուշը մինչեւ առավոտյան ժամը 9-ը քանդելու են քանդակագործի արվեստանոցը: Ողջ օրը անհանգիստ վիճակում Չուբարյանների ընտանիքը հարեւանների եւ լրատվամիջոցների հետ սպասեցին, բայց քանդողներն այդպես էլ չեկան:
«Առավոտը» կրկին հանդիպեց Չուբարյանների ընտանիքին: Ինչպես տեսանք, քանդակագործի արվեստանոցը դեռեւս կանգուն է եւ այնտեղ ոչինչ քանդած չէր: Սակայն անմիջապես արվեստանոցի հարեւանությամբ մեծ լայնքով եւ խորությամբ փոս էր փորված: Տեղի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ դա կոյուղու խողովակների տեղադրման համար է, որը ծառայելու է հարեւանությամբ կառուցվող էլիտար շենքին: Նորակառույց շենքի շինարարությունն իրականացնում է «Ավագ-Շին» ՍՊԸ-ն, որի աշխատակիցներն էլ սպառնացել են Չուբարյաններին:
Մեզ հետ զրույցում Ա. Չուբարյանն ասաց. «Ամեն օր տեսնում եմ շինարարության «պրարաբին»: Նա ինձ հեռվից ձեռքով բարեւում է եւ շարունակում իր գործը: Այժմ լռում են, ոչինչ չեն անում եւ ոչ էլ սպառնում: Բայց հարեւանությամբ գտնվող մանկապարտեզը եւ իրենց խանգարող ավտոտնակներն արդեն քանդել են: Եթե արվեստանոցի պատը քանդեցին, այգին էլ իրենցով կանեն: Ես չգիտեմ ինչ է լինելու. հիմա լռում են, մինչեւ կրքերը հանդարտվեն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել