Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքարկողներ համարյա չկան

Հունիս 09,2011 00:00

Երեկ առավոտյան ժամը 9:00-ից սկսվել էր հայոց լեզու եւ հայ գրականության միասնական քննության արդյունքների բողոքարկումը:

\"\"

«Առավոտը» եղավ Երեւանի միակ քննական կենտրոնում, ուր ժամը 11-ի սահմաններում, բացի բողոքարկման պատասխանատուից, ոչ ոք չկար:
Երբ ԳԹԿ ներկայացուցիչ, բողոքարկման պատասխանատու Արմեն Ղազանչյանից հետաքրքրվեցինք՝ բողոքարկողներ կա՞ն, նա ուսերը թոթվելով ասաց. «Ի՞նչը բողոքարկեն…»: Նշենք, որ հանրապետության մասշտաբով հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից քննություն է հանձնել 509 դիմորդ, որից դրական շեմը չեն հաղթահարել 25-ը: Միջին միավորը այս տարի 12.8 է, իսկ բարձր՝ 17.5-20 միավոր հավաքած մասնակիցների թիվը 203-ն է:
Երեւանյան քննակենտրոնում հայտագրված 189 դիմորդից քննություն է հանձնել 169-ը: Փաստորեն, 169-ն էլ գոհ էր իր միավորներից: Նշենք, որ մինչեւ քննությունն ու քննության օրը թե՛ դիմորդները, թե՛ ծնողները դժգոհում էին հայոց լեզու եւ հայ գրականության քննական թեստերում առկա անճշտություններից, ինչի առիթով ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը մի քանի անգամ նշեց. «Անճշտություններն անպայման կվերանայեն եւ ցածր միավորներ ստացած դիմորդների բալերը կարող են եւ բարձրացվել: Ներկայումս 25 դիմորդ չի հաղթահարել դրականի շեմը, բայց եթե հաշվի առնենք հնարավոր անճշտությունները, այդ 25 անբավարարներից որոշ դիմորդներ եւս կարող են դրական ստանալ»:
Բողոքարկումների պատասխանատու Ա. Ղազանչյանը հայտնեց, որ այս տարվա արդեն կայացած քննությունների արդյունքներն էլ երեւանյան քննակենտրոնում քննություն հանձնողները չեն բողոքարկել. «Միայն մարզերում ձեւավորված քննակենտրոններում քննություն հանձնողներն են բողոքարկել: Երեւանցիները այս տարի բավարարվում են նրանով, ինչ ստանում են»:
Ավելի ուշ տեղեկացանք, որ Երեւանում ձեւավորված միակ քննակենտրոնում մեկ դիմորդ է բողոքարկել անճշտության հարցով: Ինչպես տեղեկացրեց Ա. Ղազանչյանը, դիմորդը պնդել է, որ հարցերից մեկի իր նշած պատասխանը ճիշտ է, համակարգիչը սխալ պատասխան է ընտրել: Մարզերից էլ միայն Գյումրիում է գրանցվել բողոքարկում: Այստեղ էլ երկու դիմորդ են դիմել քննակենտրոն, որոնցից մեկը, սակայն, փոշմանել է ու չի բողոքարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել