Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵԿՏՈՐԸ ԿԴԻՄԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հունիս 09,2011 00:00

Ֆրանսիական համալսարանի շուրջ կրքերը շարունակվում են բորբոքվել

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, որի անունը վերջին շրջանում մամուլում անընդհատ շահարկվում է ոչ ներբուհական թեմաների, մասնավորապես՝ համալսարանից հեռացված մի խումբ դասախոսների դատական հայցերի, բուհի շրջանավարտներից մեկի՝ Սոկրատ Մխիթարյանի եւ համալսարանի արտաքին կապերի կրթական ծրագրերի համակարգման որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի շուրջ, շարունակում է կրթության որակի բարելավման ուղղությամբ քայլերը: Համալսարանի ռեկտոր Ժոել Դե Մորզելեկը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց դասախոսների ընդունման նոր հայեցակարգի, բանավոր քննությունների՝ այսուհետեւ տեսաձայնագրվելու եւ այլ փոփոխությունների մասին: Համալսարանը շուտով կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն, որի շրջանակում նրանք կհամագործակցեն մշակույթի, էկոնոմիկայի նախարարությունների եւ արտերկրյա 5 համալսարանների հետ: Ռեկտորի փոխանցմամբ, անցած ուսումնական տարում համալսարանը 40 ուսանողի պրակտիկայի է ուղարկել Ֆրանսիա: Շուրջ 800 շրջանավարտների շրջանում անցկացված հարցումներն էլ պարզել են, որ նրանց 75% -ը Հայաստանում աշխատում է իր մասնագիտական բնագավառում: Չնայած այս տարվա դիմորդների թվի պակասին, ռեկտորն ասաց, որ իրենց բուհում քննական շեմը չի իջեցվի, որովհետեւ առաջնահերթ կարեւորում են կրթության որակը: Տիկին Մորզելեկը վստահ է, որ դիմորդների պակաս Ֆրանսիական համալսարանն այս տարի էլ չի ունենա, քանի որ արդեն ունեն բազմաթիվ հետաքրքրվողներ, նաեւ օտարերկրացիներ:
Ֆրանսիականի ռեկտորը լրագրողներիս հավաստիացրեց, որ համալսարանի ներսում չկա անառողջ մթնոլորտ. «Կային մի քանի դասախոսներ, որոնց աշխատանքային պայմանագրերը չէին երկարեցվել, եւ նրանք այդ կապակցությամբ դիմել են դատարան: Նրանք շատ փոքր թիվ են կազմում եւ այդ թվով կարողացել են ստեղծել մի ասոցիացիա, որն ընդամենն ունի 5-6 անդամ»: Ավելի ուշ ռեկտորը մի փոքր բարկացած հավելեց, որ համալսարանի եւ մի շարք անձանց հասցեին վարկաբեկումներ են եղել մամուլում, որոնց դեմ իրենք կբողոքարկեն. «Դիմելու եմ դատախազություն, որպեսզի բողոքեմ այն մարդկանց դեմ, որոնք վարկաբեկել են ինձ, համալսարանը եւ տնօրինությանը, որովհետեւ ամեն ինչ 4-5 դասախոսներից կազմված միության կողմից կատարվում է անանունության սկզբունքով»:
Պրոռեկտոր Արայիկ Նավոյանը անդրադարձավ համալսարանում իրականացված բարեփոխումներին, դասախոսական կազմի ընտրության կանոնակարգի խստացումներին, քննական հարցերի՝ վիճակահանությամբ ընտրելուն: Ինչ վերաբերում է իր անվան հետ կապված միջադեպին, Ա. Նավոյանը նշեց, որ շրջանավարտն իր վատ պահվածքի համար արդեն ներողություն է խնդրել. «Եթե մեկը կարծում է, որ տուժել է այդ միջադեպից, թող դիմի համապատասխան իրավապահ մարմիններին: Մեր քննարկումը եղել է ակադեմիական բնույթի: Տվյալ շրջանավարտի հետ կապված խնդիր չունեմ, որովհետեւ իրարից բաժանվել ենք ձեռքսեղմումով… Ինչո՞ւ եք ուզում ստեղծել մի կաթիլ մեղրի պատմություն»: Համալսարանի վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանն էլ պաշտոնապես հայտարարեց, որ չնայած իրենց համալսարանը տեխնիկապես հարուստ է, ունեն թանկարժեք ինտերակտիվ մոնիտորներ, վիդեո պրոյեկտորներ, բայց սեպտեմբերի 1-ից միայն ներդրված կլինի տեսագրման համակարգը: Նա եւս միջադեպի մասով վստահեցրեց, որ ծեծկռտուք կամ հայհոյանք չի եղել: Մինչ համալսարանի մի խումբ դասախոսներ պահանջում են ռեկտոր Մորզելեկի, շրջանավարտներն էլ՝ Ա. Նավոյանի հրաժարականը, դժգոհողներին տիկին Մորզելեկը խորհուրդ է տալիս նյարդերը թուլացնել, քանի որ նման բան չի կարող լինել. իր նշանակումը կատարվում է Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների կողմից, իսկ պրոռեկտորը նշանակվում է երկու երկրների միջպետական համաձայնագրի արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել