«Առավոտը», անկասկած, ուշազրավ նախաձեռնությամբ է հանդես եկել, ցանկանալով իմանալ «ընդդիմադիր դաշտի գործիչների մեկնաբանությունները» հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցի վերաբերյալ, հատկապես անդրադառնալով հետեւյալ դրվագին՝ «Ղեկավարների մոտ միշտ էլ գայթակղություն կա քննադատել նախորդներին: Ինչպես ասում են՝ ամեն մեկն իրեն ստրատեգ է համարում՝ մարտին նայելով կողքից: Ես երկիրը ղեկավարում եմ 2008-ից եւ առաջին իսկ օրվանից խուսափել եմ այդ մոտեցումից: Նախորդներին քննադատել՝ նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին: Դա ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ եւ՛ իմ նախորդներին, ե՛ւ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի համար ինչ-որ լավ բան արել են»:
Դա նշանակում է, հարգելի հաջորդներ, ինչպես ես չեմ քննադատել իմ նախորդներին, դուք էլ ձեր նախորդին, այսինքն՝ ինձ չպետք է քննադատեք:
Այստեղ, իրոք, մտորելու, ինչո՞ւ չէ՝ նաեւ վրդովվելու առիթ կա. Սերժ Սարգսյան անհատը կարող է խուսափել, երբ հարցը վերաբերում է այս կամ այն կենցաղային խնդրին կամ իր անձին, բայց երկրի ղեկավարն իրավունք չունի հուսալքվածի պես անճարանալ եւ իրեն սփոփել բարոյական շարժառիթներով. հանկարծ համախոհներն ու բարեկամները չնեղանա՞ն: Շտապեմ ասել, որ պարոն Սարգսյանը պարզապես չի ցանկանում առաջնորդվել ճշմարտությամբ ու միայն ճշմարտությամբ, որ պարտավոր են որդեգրել երկրի ու ժողովրդի ճակատագրի համար քիչ թե շատ մտահոգ գործիչներ՝ պետական, քաղաքական, կուսակցական… Ժողովուրդը վաղուց գնահատականը տվել է նախագահի ակնարկած նախորդներին՝ նրանց արժանացնելով համաժողովրդական նզովքի: Այլեւս չդիմանալով իրեն պարտադրված՝ շարունակաբար ահագնացող մարտահրավերներին՝ զանգվածաբար լքում է իր սիրասուն Հայաստան եւ Արցախ հայրենիքները: Այդ ի՞նչ «ինչ-որ լավ բանի» մասին է խոսքը, մեծարգո նախագահ: Ավերվել, փոշիացել է երկրի բազմաճյուղ եւ հզոր տնտեսությունը, որը շատ ցուցանիշներով գերազանցում էր անգամ Եվրոպայի առաջավոր երկրներին: Այդ մասին կարճառոտ շարադրված է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ Մ. Կարապետյանի եւ Է. Գեւորգյանի՝ 2007 թվականին հրապարակված «Խորհրդային Հայաստանը 1920-1990 թվականներին» բուհական ձեռնարկում: Ինչ լավ բանի մասին է խոսքը, մեծարգո նախագահ, երբ խորհրդայինի համեմատ, ծիծաղ ու լաց են առաջացնում առողջապահության, կրթության ու գիտության, սպասարկման ոլորտների հիմնովին քայքայված ու տապալված տնտեսական եւ սպասարկման, կրթության եւ գիտության, մշակույթի համակարգերը: Դուք ուղղակի պարտավոր եք ժողովրդին ասել ճշմարտությունը, եթե Ձեզ համարում եք նրա կողմից ընտրված ճշմարիտ ղեկավար: Հեռուն չգնամ. Դուք երեւի հիշում եք երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի հետեւյալ խոսքերը, որ նա ասել է 1999 թվականի փետրվարի 1-ին՝ ՀՀԿ հերթական համագումարում. «Ուրեմն՝ դառնանք ու փառաբանենք Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն կառուցողներին: Յոթանասուն տարիների ընթացքում, որի մասին ամեն վատն արդեն ասել ենք, Հայաստանի Սովետական Հանրապետություն կերտողները կարողացան, արանքում հաղթելով Համաշխարհային երկրորդ աշխարհամարտում՝ աշխարհի ամենադաժան պատերազմում, այնուամենայնիվ, կարողացան ստեղծել եզոր տնտեսություն, հզոր մշակույթ, որպիսին մենք երբեւէ չենք ունեցել: Եվ քիչ էր մնացել այդ մարդկանց մենք դասելու էինք դավաճանների շարքը»: Ամիսներ անց, այսինքն՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովում Սպարապետն ավելի անկեղծացավ՝ իր կուսակիցներին ներկայացնելով նոր ճշմարտություններ, ասելով, որ ինքը «քաղաքականության մեջ դեմ է բարոյականության սկզբունքին»՝ ակամա կրկնելով Լենինին, որը պահանջում էր «կուսակցական հարցերում երբեք չառաջնորդվել բարեկամական շարժառիթներով»: Այսօր հարություն են առել երիցս դատապարտված հենց բարեկամական շարժառիթները, այն գործընթացները, որոնք պետք է բացառվեին քաղաքականության մեջ: Նախագահն այսօր ասպետաբար ի լուր աշխարհի բարձրաձայնում է, որ «խուսափում է այդ մոտեցումից», ավելին՝ «շնորհակալ է եւ՛ իր նախորդներին, եւ՛ բոլոր նրանց, ովքեր ինչ-որ լավ բան արել են» երկրի ու ժողովրդի համար, հապա ինչո՞ւ չի նշում այդ «ինչ-որ լավ բաներից» որեւէ լավ բան, այնպիսի «լավ բան», որ ժողովուրդը ծափահարեր իր ղեկավարին, համաձայներ, որ, իրոք, «նախորդները» «որեւէ լավ բան արել են»: Իրականում «նախորդները» երկիրը հասցրել են կործանման, իսկ իրենք՝ հարստացել աղքատացած ժողովրդի հաշվին: Ով պետք է ասի ճշմարտությունը, եթե ոչ առաջին հերթին երկրի նախագահը; Ջեկ Լոնդոնի խոսքերով ասած՝ «Եթե դու գաղտնի ես պահել, թաքցրել ես ճշմարտությունը, եթե դու տեղիցդ վեր չես կացել եւ ելույթ չես ունեցել ժողովում, եթե ելույթ ես ունեցել՝ չասելով ամբողջ ճշմարտությունը, դու դավաճանել ես ճշմարտությանը», այսինքն՝ չի գնահատվել «նախորդների» գործունեությունը, չի դատապարտվել նրանց հակաժողովրդական ու հակապետական արարքները, քաղաքական գնահատական չի տրվել Ազգային ժողովի վերահսկիչ պալատի բացահայտումներին, հատկապես չեն մերկացվել հանցավոր եւ հանցագործ կուսակիցները, ուրեմն՝ նախագահը դավաճանել է իր կոչմանն ու պարտականություններին, ասել է թե՝ հարազատ ժողովրդին:
«Նախորդների» ու «ներկաների» պատճառով երկիրն օր օրի կորցնում է իր կենսունակությունը, ինչպես խոստովանեց Սպարապետը 1999 թվականի հունիսի 19-ին խորհրդարանում ունեցած իր ծրագրային ելույթում՝ լավ հասկանալով ու պատկերացնելով, որ երկրի վիճակը չափազանց ծանր է, պարզապես՝ աղետալի: Ահա քաղվածքներ այդ պատմական ելույթից՝ «Պատերազմի թոհուբոհի մեջ չնկատվեց, թե ինչպես վայրիվերո սեփականաշնորհվեց ձեռնարկությունների շահույթը, ահա, երկրորդ փուլում՝ սեփականությունը, վաղը կսեփականաշնորհենք պարտքերը», «հասարակությունը դուրս մնաց սեփականաշնորհման գործընթացներից, առաջացավ սոցիալական հրեշավոր բեւեռացում, տնտեսության որոշ ճյուղեր մոնոպոլիզացվեցին», «տարօրինակ է, բայց սեփականաշնորհման վերոհիշյալ գործընթացներից հեռու մնաց ոչ միայն հասարակությունը, այլեւ պետությունն ինքը», «պետության կարգավորիչ դերի մասին խոսելը դարձավ հերետիկոսություն: Այսօր էլ այդ մասին խոսելը շատերի մեջ սարսափ է առաջացնում: Մինչդեռ պետական կառավարումը, որի կարիքն ավելի քան զգացվում է, միջոց է եւ ոչ նպատակ»: Եվ Սպարապետը չքմեղանում էր, որ «ո՛չ մեկին չենք ծեծելու, ո՛չ մեկին հանրապետությունից չենք քշելու»: Ընդամենը պետք է պահանջել, որ հարկերը մուծեն: Իզուր: Ե՛վ ծեծել էր պետք, եւ՛ քշել երկրից: Այստեղ Սպարապետը վրիպել է: Ոչ թե բառացի իմաստով, այլ պատասխանատվության ենթարկելով, որ մեղավորներն իրենց զգային ծեծվածի եւ երկրից քշվածի պես: Ներկայիս նախագահը, «մարտին կողքից նայելով»՝ փորձում է այս ամենը քողարկել սեփական բարոյական ըմբռնումների շղարշով: Ներկայիս նախագահն այլ մոտեցում է որդեգրել. ծեծելու եւ երկրից քշելու մասին չի էլ ակնարկում, այլ ընտրել է շոյելու եւ շնորհակալություն հայտնելու անդեմ մարտավարություն: Նա երբեւէ չի էլ մտաբերում, Սպարապետի խոսքերով ասած, այն երախտավորներին, ովքեր դյուցազնական քայլերով առաջ մղեցին երկրի զարգացումը, ստեղծեցին, դարձյալ Սպարապետի խոսքերով ասած, հզոր տնտեսություն, հզոր մշակույթ: Նախագահը Երկրորդ հանրապետությունը հիշելիս, ընդամենը բավարարվում է մի քանի լղարիկ արտահայտություններով, որ, իբր, սովետի օրոք էլ «լավ բաներ են կատարվել», «մոռանալով», որ հայ ժողովուրդը Երկրորդ հանրապետության տարիներին կերտեց իր հազարամյակների պատմության ոսկեդարը: Եվ ի հեճուկս այս ամենի, նախագահը բնական է համարում պետականորեն նշել Երկրորդ հանրապետության օրը, հանրապետություն, որի «կերտողներն ստեղծել էին հզոր տնտեսություն, հզոր մշակույթ»:
Մեծարգո նախագահ, ստեպ-ստեպ հայտարարություններ են արվում, որոշումներ ընդունվում, որ ապամոնտաժեն հայ ժողովրդի մեծանուն զավակ Սուրեն Սպանդարյանի արձանը եւ փոխարենը տեղադրեն Նժդեհի արձանը: Ես չեմ ուզում հարցնել, թե որքանով է բարոյական իշխանությունների եւ իշխանավորների այդ անբարո նկրտումը: Եթե ազնիվ ու անկեղծ էին նախագահի եւ իշխանավորների շնորհավորանքները Մեծ հայրենականի վետերաններին եւ եթե աշխարհահռչակ հայ զորապետներն անկեղծորեն մեծարվում են երկրի ղեկավարի ու նրա ենթակաների կողմից՝ ցնծացնելով բազմահազար հայ նահատակների հիշատակը, այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ հայ հիտլերականների ու հայ ֆաշիստների համապետական մեծարումը՝ երկու դեպքում էլ նույնպես նախագահի եւ իշխանությունների կողմից: Ես կհասկանայի նրանց, ովքեր ատելությամբ են լցված Խորհրդային Միության նկատմամբ, ինչպես, ասենք, Պարույր Հայրիկյանը, բայց չէ՞ որ Հիտլերն ու հիտլերյան Գերմանիան նախ եւ առաջ սպառնում էին քաղաքակիրթ մարդկությանը, արդեն հող ու փոշու էին վերածել ամբողջ Եվրոպան, թեւ ու թիկունք էին Թուրքիային, որի միակ երազանքն էր առիթն օգտագործել ու վերջնականապես ոչնչացնել արեւելահայությանը, ինչպես որ արեւմտահայությանը ոչնչացրեց՝ նույն Գերմանիայի բոլորանվեր սատարումով: Կրկնեմ միտքս. եթե Գերմանիան նպատակ ունենար ոչնչացնել միայն Խորհրդային Միությունը, ես կհասկանայի բոլոր նրանց, ովքեր ոխով ու վրեժով էին լցված այդ երկրի նկատմամբ, բայց ֆաշիզմը միշտ դիտվել է որպես համայն մարդկությանը սպառնացող չարիք: Մեծ հայրենականից մեկ շաբաթ առաջ, հունիսի տասնյոթին, Հիտլերն արդեն ընդունել էր մահմեդականություն եւ իրեն հռչակել մարգարե: Սա արդյոք չի՞ նշանակում, որ պետք է նզովել նաեւ բոլոր նրանց, ովքեր «որեւէ լավ բան են արել» ֆաշիզմի համար: Գաղտնիք չէ, որ հայ հիտլերականներից շատերը տարիներ շարունակ կրել են բարձրաստիճան գեստապոյականի ուսադիրներ, ղեկավարել հետախուզական կենտրոններ, հրապարակել ֆաշիզմը փառաբանող հայերեն թերթեր ու ամսագրեր: Խորհուրդ կտայի կարդալ պատմաբան Ռ. Մարտիրոսյանի հանրահայտ ուսումնասիրությունը հայկական լեգեոնի կազմավորման, գործունեության եւ, բարեբախտաբար, ձախողումների մասին: Մինչ այդ, նրանք կարողացել էին Հիտլերի դիմանկարով գորգ գործել տալ Հայաստանում, որ Հիտլերին դիմավորեն արտասովոր նվիրումով: Բարեբախտաբար, Հիտլերը թույլ չի տվել, որ լեգեոնը մասնակցի պատերազմական գործողությունների, ասելով՝ «հայերը ռուսների դեմ չեն կռվի»: Այնուհետեւ սկսվել են հայ հայրենասեր գերիների կամ լեգեոնականների զանգվածային գնդակահարություններն ու խոշտանգումները հայ հիտլերականների ձեռքով, հատկապես նրանց, ովքեր փորձել են փախչել ու միանալ պարտիզաններին ու խորհրդային զորքերին: Այդ նահատակների անունները եւս նշված են գրքում: Կա բացատրություն, թե ինչու Ռուսաստանի, եվրոպաների ու ամերիկաների բարեկամությունը փնտրող Հայաստանն այդպես ինքնամոռաց փառաբանում է մարդակերների զինակիցներին, Հիտլերի գաղափարական հետնորդներին, այդ երկրների զավակներին համակենտրոնացման ճամբարներում ու ռազմաճակատում միլիոններով ոչնչացրած ֆաշիստների՝ առաջին մեծության հայ զորակիցներին: Եվ վերջապես, ով կարող է երաշխավորել, որ ավելի քան 350 հազար հայերից շատերը չեն նահատակվել հենց նրանց հրամանատարության տակ զինվորական պատրաստություն անցած արնաբերան էսէսականների կողմից: Թող մեկնումեկը բարոյական քաջություն ունենա եւ այս ամենի մասին զանգվածային լրատվության եւ այլ միջոցներով տեղեկացնի ֆաշիզմի դեմ պայքարած երկրների ղեկավարներին ու խորհրդարաններին, հատկապես նշելով, որ Հայաստանում հայ հիտլերականները բարձրացված են ազգային հերոսների աստիճանի, ստեղծվել են նրանց անուններով շքանշաններ: Հայ զինվորն ու զորավարը միաժամանակ կողք կողքի կրում են ֆաշիզմը տապալած Բաղրամյանի եւ ֆաշիզմին սատարած Նժդեհի շքանշանները, ինչպես պիտի չքմեղանան երկրի այն ղեկավարները, ովքեր խուսափում են «նախորդներին» արժանի գնահատական տալու «մոտեցումներից»:
Ձեր խոսքերով ասած՝ մարտին կողքից մի նայեք, մեծարգո նախագահ: Մտածեք նաեւ այն ժամանակների մասին, երբ, իրոք, երկրի ղեկավարները մարտին կողքից չեն նայելու եւ չեն խուսափի ժողովրդին ներկայացնել ճշմարտությունը եւ միայն ճշմարտությունը՝ ե՛ւ անցյալի, եւ՛ ներկայի, եւ՛ ապագայի մասին: Եվ նրանց մասին, ովքեր մարտին միշտ նայել են կողքից… Նաեւ Ձեր մասին, իհարկե…
Առայժմ՝ այսքանը: Կուզեի, որ երբեւէ պատռվեր ինձ կշտամբողների դիմակը…