Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոոպերատիվների գյուղ Լուսաձորը

Հունիս 09,2011 00:00

Իջեւանի տարածաշրջանի փոքրիկ Լուսաձոր գյուղում արդեն ստեղծվել են գյուղական սպառողների եւ արտադրական կոոպերատիվներ: Առաջիկայում կստեղծվի արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվ: Սպառողների կոոպերատիվն ունի 32, արտադրական կոոպերատիվը` 13 անդամ: Լուսաձոր համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանի վկայությամբ` ստեղծվելիք արոտօգտագործողների կոոպերատիվին կանդամակցի շուրջ 40 լուսաձորցի: Ընդ որում, մի մարդը կարող է անդամագրվել մի քանի կոոպերատիվի: Արտադրական կոոպերատիվը զբաղվելու է հացաթխմամբ, մրգերի չորացմամբ եւ պահածոյացմամբ: Այն թեեւ ստեղծվել է, սակայն դեռեւս փաստացի գործունեություն չի ծավալել: Այս կոոպերատիվին աջակցություն է ցուցաբերում բրիտանական ՕՔՍՖԱՄ կազմակերպությունը, իսկ մրգերի վերամշակման արտադրական շենքը, որը պատկանում է անհատ ձեռներեցի, հիմնանորոգվել եւ սարքավորումներով հագեցվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օգնությամբ:
Գյուղական սպառողների կոոպերատիվին աջակցելու համար բրիտանական ՕՔՍՖԱՄ կազմակերպության կողմից հարեւան Ակնաղբյուր գյուղում ստեղծվել է սառնարային տնտեսություն, որը կօգտագործի ինչպես Ակնաղբյուրի, այնպես էլ Լուսաձորի գյուղական սպառողների կոոպերատիվը: Բացի այդ, ՕՔՍՖԱՄ-ը սպառողների կոոպերատիվի անդամների համար դասընթացներ է կազմակերպում, նաեւ ֆերմերներին տեղեկություններ տրամադրում այդ տարածքում սպասվող եղանակի վերաբերյալ:
Արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվը ստեղծվելու է հեռավոր սարերի արոտավայրերն օգտագործելու, հեռագնա արոտավայրերի ջրարբիացման, էլեկտրիֆիկացման, հեռավոր արոտավայրեր տանող ճանապարհների կառուցապատման, սարամասերում կաթի վերամշակման արտադրամասերի ստեղծման նպատակով: Այդ աշխատանքներն իրականացնելու է գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ը: Այս աշխատանքների համար համայնքը պետք է համապատասխան ներդրում կատարի: Դա առայժմ իրատեսական չէ, քանզի Լուսաձոր համայնքը ներկայումս ֆինանսական ազատ միջոցներ չունի: Եղած ֆինանսներն օգտագործվել են գյուղի ոռոգման ջրագծի շինարարությունում համայնքի ներդրումն ապահովելու համար: Գյուղապետի խոսքով` ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Լուսաձորում կառուցվել է 1,9 կմ ոռոգման ջրագիծ, որի համար համայնքը ներդրել է ծրագրի արժեքի 15 տոկոսը՝ 4,3 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել