Լոռու մարզի ջրամատակարարման-ջրահեռացման համակարգը մաշված է, վթարները՝ շատ, ջուրը՝ ուշ-ուշ
Լոռու մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման hամակարգի 3408,25 կմ խողովակաշարերի եւ ինժեներական կառույցների ցանցը, որ կառուցվել է 30-40 տարի առաջ՝ անմխիթար վիճակում է: Վերջին տարիներին ֆինանսավորում չլինելու պատճառով անհրաժեշտ ծավալի նորոգման աշխատանքներ չեն կատարվել: Ամբողջ ցանցի հուսալիության աստիճանը դարձել է անթույլատրելի. 65 տոկոսից ավելի ջրի կորուստ, տարեկան 230 վթար:
Այսօր Լոռու խմելու ջրամատակարարման-ջրահեռացման համակարգի ինժեներական կառույցների մոտ 55%-ը ենթակա է հիմնանորոգման, հատկապես անբավարար է մաքրման կայանների, համայնքային ներքին ցանցերի եւ սանիտարական գոտիների տեխնիկական վիճակը, որոնք էլ խմելու ջրին ներկայացվող պահանջների նկատմամբ գրանցվող շեղումների հիմնական պատճառն են: Կոյուղու համակարգում հաճախակի են դարձել խցանումները, որի հետեւանքով բնակավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը պարբերաբար դառնում է վտանգավոր: Կենտրոնացված ջրամատակարարման համակարգից օգտվող բնակավայրերում պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային Լոռու մարզային կենտրոնի մանրէաբանական եւ քիմիական պահանջվող չափորոշիչներից բազմակի շեղումներ են նկատվել: Ջրամատակարարումը մարզում իրականացնում են երկու խոշոր ձեռնարկություն. «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ: Մարզի խոշոր բնակավայրերում ջրամատակարարումը կատարվում է գրաֆիկով՝ 2 օրը մեկ անգամ, երբեմն էլ մի քանի օրը մեկ, որն անթույլատրելի է, առավել եւս, որ մարզի խմելու ջրի ռեսուրսները մի քանի անգամ գերազանցում են պահանջարկը: Մարզի տարբեր համայնքների խմելու ջրի մատակարարման բարելավման նպատակով կատարվել է շուրջ 622,63 միլիոն դրամի աշխատանք: Բացի սրանից, «գերմանական վարկային ծրագրի 457,63 դրամով իրականացվում է մարզի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման, վերակառուցման, զարգացման, բնակավայրերի գոտիավորման, խմելու ջրի արդյունավետ բաշխման եւ հաշվառման խնդիրների, ինչպես նաեւ կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրման աշխատանքներ, որոնց զուգահեռ՝ ջրահեռացման ոլորտի միջոցառումների շնորհիվ զգալիորեն կբարելավվի իրավիճակը ջրահեռացման հատվածում»,- տեղեկանում ենք Լոռու մարզպետի 2010թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունից:
Գերմանական ծրագրով արդեն նորոգվել եւ շուրջօրյա ջրամատակարարում ունեն Վանաձորի կենտրոնական ու նորակառույց Տարոն թաղամասերը:
Լոռեցիները բողոքում են, թե ջրմուղկոյուղին պարտադրում է, որ բնակիչները հոգան սեփական տարածքի խողովակների ու դիտահորի ծախսերը ու ցույց են տալիս մի նախագիծ՝ «որ էս չափերով ու էս նյութերով կալոդեց սարքենք, որ ձմռանը չսառչի, 300 դոլար գումար է պետք»,- բողոքում են Մյասնիկյան եւ Ֆիդայիների փողոցի բնակիչները:
«Լոռիջրմուղկոյուղի» ընկերության տնօրեն Էդուարդ Վահանյանն էլ բացատրում է. «Պարտադիր չէ, որ շուկայից դիտահոր առնեն, դնեն, դա կարելի է մի հին տակառը մի քանի մասի բաժանել կամ մեկ այլ տարայով փոխարինել»: Ըստ տնօրենի, եթե դիտահորն ու խողովակները գնեն գերմանական կազմակերպությունից՝ ջրի գինը կբարձրանա, քանի որ գերմանական կազմակերպությունը ձեռնարկությանը անվարձահատույց գումար չի տրամադրում, այլ՝ վարկ:
Լոռու մարզում կեղտաջրերի հեռացումը կատարվում է ինքնահոս եղանակով: Թեք ռելիեֆը հարմար է ջրահեռացման համար, պոմպակայանների կարիք չկա՝ մարզում միայն 3 պոմպակայան կա:
Միայն մարզկենտրոն Վանաձորում է կոյուղու մաքրման մեխանիկական- կենսաբանական կայան գործում, որը կառուցվել է 1967 թվականին ու հիմա այնքան էլ արդյունավետ չէ դրա շահագործումը: Կեղտաջրերի մեծ մասը առանց մաքրման թափվում է Փամբակ գետը: Ջրահեռացման համակարգի մաշվածության աստիճանը շատ բարձր է, տեխնիկական սպասարկումը դժվարացել է՝ յուրաքանչյուր ամիս տեղի է ունենում 100-ից ավելի վթար:
Լոռու գյուղերից միայն Շահումյանն է, որի ջրահեռացումը կատարվում է Վանաձոր քաղաքի ցանցին միացած ինքնահոս կոյուղատարի միջոցով: Մյուս գյուղերի կոյուղաջրերը թափվում են գետերը կամ այգիներում կառուցված հորերը: