«Հայինկասացիայի» աշխատակիցների գործով միջնորդությունները մերժվեցին
Մեկ օր առաջ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց Սաթենիկ Սարգսյանի, Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Երեկվա դրությամբ 1 տարուց ավելի ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում են գտնվում Սաթենիկ Սարգսյանն ու Անահիտ Գրիգորյանը:
Տիկին Սաթենիկի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը (լուսանկարում) հանդես եկավ մի քանի միջնորդություններով, որոնք դատարանի կողմից մերժվեցին:
Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ «Հայինկասացիայի» նախկին տնօրեն Վիկտոր Գրիշչյանի, նրա տեղակալ Ռուբեն Սիմոնյանի նկատմամբ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
«Նշված գործով կարմիր թելի նման անցնում է այն փաստը, որ նրանցից առաջինը ստորագրել է 24, երկրորդը՝ 23 վճարման կեղծ հանձնարարագրեր, եւ սա ձեւակերպվել է անուշադրություն: Անուշադրություն կարող էր լինել մեկը, երկուսը, ոչ թե 23-ը կամ 24-ը: Այդ ինչպես եղավ, որ երկու ղեկավարներն էլ, որոնք կոչված էին ապահովելու դրամական միջոցների ամբողջականությունն ու անվտանգությունը, հանկարծ տեւական անուշադրություն են դրսեւորում եւ նպաստում իրենց հանձնված դրամական միջոցների փոշիացմանը: Եթե այդ ղեկավարները գումարները պաշտպանելու խնդիր ունենային, ապա նրանց փոխարեն ամբաստանյալի աթոռին նստած չէին լինի այս 4 կանայք ու 2 տղամարդիկ, որոնք դարձել են քավության նոխազ: Ըստ գործի տվյալների, Գրիշչյանի ստորագրությամբ կեղծ հանձնարարականներով փոխանցվել է 58. 000. 000, իսկ Սիմոնյանի ստորագրությամբ՝ 85. 000. 000 դրամական միջոցներ, ինչը Քրեական օրենսգրքով սահմանված առանձնապես խոշոր չափերից տասնյակ անգամ գերազանցող գումարներ են»,- ասաց Ռ. Բալաբանյանը, որը միջնորդեց, որպեսզի «Հայինկասացիայի» ղեկավարները ներգրավվեն այս գործով որպես մեղադրյալներ:
Դատավոր Լ. Ավետիսյանը նկատեց, որ դատարանը քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ, իսկ մեղադրող Հարութ Հարությունյանը նախ հանդիմանեց փաստաբանին՝ գործի տվյալներ հրապարակելու ու անձանց անմեղության կանխավարկածը խախտելու համար, ապա անհիմն համարեց միջնորդությունը:
Քիչ հետո, երբ ամբաստանյալ Անահիտ Գրիգորյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանը միջնորդեց, որպեսզի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը փոխվի, մեղադրողը մոռացավ անմեղության կանխավարկածի մասին իր նախորդ առարկումը, ասելով, որ 600 դրվագով մեղադրվող Ա. Գրիգորյանի ազատության մեջ գտնվելը կխոչընդոտի գործի քննությանը:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ իր պաշտպանյալը տառապում է շաքարային դիաբետ 2-րդ տիպի ծանր հիվանդությամբ (ըստ մասնագետների՝ կալանավորների ամենածանր հիվանդությունների շարքում սա 9-րդն է համարվում-Ռ.Մ.), մի աչքի տեսողությունն ընդհանրապես կորցրել է, իսկ մյուսի տեսողությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է ինտենսիվ բուժում, ինչը մեկուսարանային պայմաններում հնարավոր չէ:
Վ. Էլբակյանն ասաց, որ խոշտանգում է դիտում քաղցկեղով տառապող Ս. Սարգսյանին եւ շաքարախտով հիվանդ, տեսողությունը կորցրած Ա. Գրիգորյանին կալանքի տակ պահելը: Նա բերեց բազմաթիվ նախադեպեր՝ ինչպես հայաստանյան դատարանների, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից, որով կանանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
Եթե ազատության մեջ գտնվողների համար վարույթն իրականացնող մարմինը կիրառել էր ստորագրություն չհեռանալու մասին, ապա անգամ գրավի միջնորդությունը նույնպես մերժվեց:
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, որից հղում կատարեց փաստաբանը, յուրաքանչյուր կալանավորված կամ ձերբակալված անձ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն կամ մինչ դատաքննությունը ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորված լինել դատաքննության ներկայանալու երաշխիքով:
Փաստաբանն ասաց, որ գրավի կիրառումը չի կարող կախվածության մեջ դրվել՝ հանցագործության ծանրության աստիճանից:
Սակայն դա էլ չօգնեց, եւ դարի մեղավորները կմնան անազատության մեջ դատաքննության ողջ փուլում: