«Եթե ջրօգտագործողները շարունակեն հզոր պոմպերով աշխատել, ապա խմելու ջուրը կդառնա ոչ պիտանի»,- «Էկոլուրի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը՝ անդրադառնալով Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման համակարգին: Ըստ նրա, այդ տարածքի ջրամատակարարումը մեծ ռիսկերով է իրականացվում: Արարատյան դաշտավայրի ստորգետնյա եւ արտեզյան աղբյուրների սպառումը թույլ չտալու համար կառավարության որոշմամբ ձկնաբուծարանների համար ջրաչափեր են տեղադրվել, սակայն, մասնագետի կարծիքով՝ «Չի կարելի Արարատյան դաշտավայրի ջուրը հզոր պոմպով քաշել: Ջրի երեք հորիզոն կա, վերեւի հորիզոնը քաղցրահամ է, բայց խմելու չէ: Ներքեւի երկու հորիզոնն են խմելու, դրանք կխառնվեն, շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել: Բացի այդ, մեր Արարատյան դաշտավայրի իջվածքի տակ անպայման հանքային ջրեր են բարձրանում: Եթե դու իջնես ցած, այդ հանքային ջուրն էլ կհանես, կխառնես, քաղցրահամ ջրերը կփչացնես»: Արարատյան դաշտավայրում ներկայումս գործում է 234 ձկնաբուծարան, որոնք ընդհանուր առմամբ շահագործում են մոտ 450 խորքային հոր: Ըստ մասնագետների հաշվարկների՝ միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանում: