«Առավոտն» իր (18.02.2011) «Իտալիայում գրանցված մեքենան էլ են մաքսազերծում» նյութում անդրադարձել էր այն խնդրին, որ Պետեկամուտների կոմիտեն Տիգրան Մոսինյանից պահանջել էր արտերկրում գրանցված եւ այլ երկրի պետհամարանիշով մեքենան մաքսազերծել: Նյութում մասնավորապես նշել էինք, որ ՊԵԿ-ը պահանջում էր $2000 վճարել մաքսազերծման համար: Տ. Մոսինյանը որքան էլ փորձել էր հիմնավորել եւ փաստաթղթեր ներկայացնել, որ ավտոմեքենան ոչ տարանցիկ պետհամարանիշներով է եւ Իտալիայում է հաշվառված, ՊԵԿ-ը դա հիմնավոր չի համարել եւ նշված ժամկետում մաքսը չվճարելու համար դիմել էր դատարան: Դատական գործընթացը դեռեւս չի ավարտվել:
«Առավոտը» հարցում էր կատարել Պետեկամուտների կոմիտե՝ «Եթե ավտոմեքենան ունի ոչ տարանցիկ պետհամարանիշ, արդյոք դա բավարա՞ր փաստ է, որ տվյալ մեքենան այլ երկրում հաշվառման մեջ է»: Նման հարցում է կատարել նաեւ մեքենայի սեփականատերը՝ Տիգրան Մոսինյանը: Սակայն ՊԵԿ-ը նույն հարցի վերաբերյալ հակասող պատասխաններ է տվել:
Այսպես. Պետեկամուտների կոմիտեն «Առավոտին» վստահեցրել է. «Ձեր հարցի առնչությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ այլ երկրի հաշվառման համարանիշը բավարար փաստ է որեւէ այլ երկրում հաշվառված լինելու համար»: Իսկ ահա վիճահարույց մաքսազերծման ենթակա մեքենայի սեփականատիրոջը ՊԵԿ-ը պատասխանել է. «Ավտոմեքենայի միայն պետհամարանիշի առկայությունը կամ բացակայությունը հիմք չէ ավտոմեքենան արտասահմանյան պետությունում գրանցված լինելու փաստը որոշելու համար»:
Կարելի է ենթադրել՝ նույն հարցի վերաբերյալ ՊԵԿ-ի տված իրարամերժ պատասխանները խոսում են այն մասին, որ կոմիտեում էլ չեն կողմնորոշվում այլ երկրի պետհամարանիշով մաքսազերծե՞ն, թե՞ ոչ: