ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը երեկ ուխտագնացության էր եկել Գյումրի: Ինչպես պարզաբանեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը, գեներալն
իր ավանդական ուխտագնացությունը դեպի մարզեր սկսել է մայիսի 28-ից՝ Սարդարապատից:
Քանի որ նա եկել էր շքանշաններ բաժանելու, որոշ քաղաքապետերի ու գյուղապետերի ԵԿՄ-ական օծելու, տեղի իշխանությունները ջանք չէին խնայել նրան ըստ արժանվույն դիմավորելու համար: Այդ առիթով Գյումրիի թատրոնի դահլիճ էին հրավիրել բյուջետային հիմնարկների աշխատողներին, բոլոր բուժհաստատությունների ղեկավարներին՝ նույնիսկ շտապօգնության տնօրենին, բժիշկներին, դպրոցների ուսուցիչներին: Նրանց մեջ կային պաշտոնյաներ, որոնք նույնիսկ տեղյակ չէին, թե ինչի համար են եկել: Հետաքրքիրն այն էր, որ թեեւ Մանվել Գրիգորյանը մայիսյան տոների առթիվ եկել էր գյումրեցիների ռազմական ոգին բարձրացնելու, սակայն նրա ունկնդիրների մեծ մասը հարկադրաբար թատրոնի դահլիճում հայտնված կանայք էին: Ի տարբերություն գեներալին մեծարող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա կողքին չէր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որը նույնպես գեներալ է եւ մեր հանրապետության այն եզակի մարդկանցից, որն արժանացել է զինվորական ամենաբարձր կոչման՝ Մարտական խաչի առաջին աստիճանի: Սա «Ազգային հերոսից» հետո ամենաբարձր պարգեւն է: Ի դեպ, մեր հանրապետությունում միայն 2 հոգի են արժանացել այդ կոչմանը՝ մեկը Շիրակի գեներալ մարզպետն է, մյուսը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, 2-ն էլ այդ պարգեւը ստացել են հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից: Նշենք, որ այս փաստը չվրիպեց ներկաների ուշադրությունից, հատկապես, որ մարզպետարանցիներից ճշտեցինք, որ մարզպետը իր նստավայրում էր, սակայն նրա փոխարեն էջմիածինցի գեներալին ուղեկցում էր Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը:
Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը իրեն հատուկ ոճով ու բառապաշարով շնորհավորեց շիրակցիներին մայիսյան տոների առիթով ու շնորհակալություն հայտնեց հերոսամարտերին մասնակցելու համար: Հետաքրքիր էր, որ գեներալը իր շնորհակալությունը հայտնեց՝ Գյումրիի քաղաքապետի խոսքերից մեջբերումներ անելով: «Ես սրտանց բոլոր տոների առթիվ շնորհավորում եմ եւ ողջունում եմ ձեզ, եւ իմ ուղղակի խոսքը, քանի որ Շիրակի մարզը, մանավանդ Լեննականը, ասել է Վարդանը՝ դա հայրաքաղաք ա»,- ասաց գեներալը՝ հատկապես շեշտելով այն փաստը, որ 300000-անոց Գյումրին իր «շեն ու շնորհքով» բարձր է պահում հայի պատիվը, հատկապես սպորտում: «Երբ քաղաքում շուռ ես գալիս, ման գալիս, շատ հպարտալի է, որ Գյումրին նորից ծաղկում է»,- ասաց նա: Քաղաքապետն էլ հպարտանալով իրեն հասցեագրված գովքից՝ հայրենասիրական թեմայով կրքոտ ելույթ ունեցավ՝ ձեռքի հետ էլ ցավակցելով այն մարդկանց, որոնք, նրա խոսքերով, «անկախությունն ու որովայնը պահերի տակ համեմատում են իրար»: ԵԿՄ անդամ դարձան Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանն ու Շիրակի մարզի գյուղապետերից մեկը: